Գավրիլյուկ և Բաբուշկին. Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը»

698

Ձեզ ենք ներկայացնում խորհրդային 8 տարիների քաղկալանավոր Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը» հատորից մի կտոր: Գիրքը 2018-ին հրատարակել է ԱՆԻ կենտրոնը: 

Գավրիլյուկ

Կալանավայրում բնակելի գոտուց կալանավորներին առավոտյան աշխատանքային գոտի բաց  են թողնում հաշվառելուվ։ ДПНК-ն կամ հսկիչը կարդում է կալանավորների անունները, ինչից հետո կալանավորները հերթով անցնում են աշխատանքային գոտի։ Եթե հարկ են համարում, ապա՝ ե՛ւ աշխատանքային գոտի թողնելուց, ե՛ւ հետ՝ բնակելի գոտի անցնելիս, խուզարկում են։ 35-րդ կալանավայր գալուս առաջին օրերին զարմանքով տեսա, որ այստեղ առավոտյան հաշվառումը կատարում է տարեց մի կալանավոր։ Այդ կալանավորը Գավրիլյուկն էր։

Գավրիլյուկը պատերազմի հանցագործ էր։ Ինքն իր մասին ոչինչ չէր պատմում, բայց նրա մասին տարատեսակ պատմություններ էին շրջում։ Բոլոր այդ պատմություններն էլ հաստատում էին, որ նա պատերազմի ժամանակ ծառայության էր անցել ֆաշիստների մոտ, անգամ՝ պաշտոններ էր զբաղեցրել։ Օկուպացված տարածքներում զբաղվել էր հրեաների ու կոմունիստների հայտնաբերման աշխատանքներով։ Մասնակցել էր զանգվածային սպանությունների։

Ֆաշիստական զորքերի նահանջից հետո կարողացել էր այլ փաստաթղթերով ու այլ անունով մնալ արդեն խորհրդային դարձած տարածքում ու աշխատանքի անցնել։ Դարձել էր կոմունիստ ու պաշտոնատար անձ։

1968-69 թթ․ նրան բացահայտել, կալանավորել ու մահապատժի էին դատապարտել, բայց հետո՝ ինչ-որ հրաշքով 15 տարվա ազատազրկմամբ էին փոխարինել։

Կալանավայրում Գավրիլյուկը նույն ավյունով ու եռանդով ծառայում էր ադմինիստրացիային, ինչպես ծառայել էր ֆաշիստներին, ապա՝ կոմունիստներին։ 1984-ի գարնան-ամռան կողմերը նրա պատժաչափն ավարտվում էր։ Արդեն ազատ արձակվելու բոլոր պատրաստությունները տեսել էր։ Հավաքել էր իրերը, ոմանց՝ ում հետ շփվում էր, արդեն հաջողություն էր մաղթել։ Հաջորդ օրը պետք է դուրս գար։ Նախորդ օրը որոշել էր մի լավ լողանալ։ Դրա համար եկել էր աշխատանքային գոտի՝ հնոց, որտեղ մշտական տաք ջուր կա։ Իսկ գոլորշու առկայությունը շոգեբաղնիքի հնարավորություն էր ընձեռում։ Հնոցում աշխատողներս այդ հաճույքից մշտապես օգտվում էինք։ Գավրիլյուկը հանդերձարանում հանվում է, մտնում բաղնիք ու այնտեղից այլեւս դուրս չի գալիս։

Որոշ ժամանակ անց բացում են դուռը եւ հայտնաբերում նրա անշնչացած դին։

Գավրիլյուկը տարեց մարդ էր, բայց ֆիզիկապես ամուր էր եւ ուժեղ։ Բոլորն էլ վստահ էին, ես այսօր էլ եմ վստահ, որ նրան այնտեղ սպանել են։ Այլ բան լինել չէր էլ կարող։ Ճիշտն ասած, առանձնապես չէին էլ փորձում թաքցնել, որ սպանել են։ 15 տարի առաջ սովետները պետք է գնդակահարած լինեին նրան, ինչ-որ պատճառով այդ ժամանակ դա չէին արել, բայց նաեւ չէին մոռացել եւ 15 տարի անց իրենց դատավճիռն ի կատար ածեցին։

Պատերազմի հանցագործները հետաքրքիր պատմություններ ունեին։ Օրինակ, բելոռուս Բարկովսկին պատմում էր, որ ֆաշիստների մոտ ծառայելիս ներգրավված էր գնդակահարվածների դիակները թաղելու աշխատանքներում։ Ամեն կերպ փորձում էր ընդգծել, որ գնդակահարություններին չի մասնակցել, գերեզմաններն է հողով ծածկել։ Նաեւ պատմում էր, որ Մինսկի կենտրոնում առանձնացված մի հսկայական տարածքում մասնակցել է մարտական գործողությունների ժամանակ սպանված գերմանացի զինվորների թաղման աշխատանքներին։ Այդ տարածքը, փաստորեն, եղել է զոհված գերմանացիների գերեզմանոց։ 

Պատերազմից հետո երիտասարդ Բարկովսկին դարձել էր ակտիվ կոմերիտական ու վերեւից իջած հանձնարարականով, ի թիվս կոմերիտմիության այլ անդամների, մասնակցել էր գերմանական այդ հսկա գերեզմանի քանդման աշխատանքներին։ Պատմում էր, որ ջարդում էին գերեզմանաքարերը, հարթեցնում տարածքն ու ծառեր տնկում։

Հետո արդեն երեխաների հայր Բարկովսկին իր երեխաներին տարել էր այդ այգում խաղալու։ Իմ միամիտ հարցին՝  «բայց դու գիտեիր՝ գետնի տակ քո թաղած գերմանացիներն են, ի՞նչ էիր մտածում», ամենայն անկեղծությամբ պատասխանեց․ «Այգի էր, բա ու՞ր գնայի»։

Հետաքրքիր էր նաեւ 37-րդ կալանավայրում նստած ծերուկ Բաբուշկինի պատմությունը։ Նա էր պատժիչ մեկուսարանում մեզ ուտելիք բերում, դրա պատճառով էլ баландеор էինք ասում նրան։ Баланда թարգմանաբար նշանակում է վռիկ՝ անյուղ ու ջրիկ կերակուր։

Ինքը՝ Բաբուշկինը, այնքան էլ հետաքրքիր չէր։ Սովորական դեպք էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելուց, նա 10-րդ դասարանցի էր եղել։ Խորհրդային քարոզչության արդյունքում, բոլորովին չհասկանալով սեփական քայլի լրջությունը, ինչպես հազարավոր իր հասակակիցներ, դասընկերների հետ գնում է զինկոմիսարիատ եւ կամավոր ռազմաճակատ գնալու դիմում գրում։ Պատանիներին զինվորագրում եւ ճակատ են ուղարկում։

Առաջին իսկ մարտական գործողության ժամանակ ոմանք զոհվում, ոմանք էլ գերի են ընկնում։ Գերիների թվում է լինում նաեւ Բաբուշկինն իր երկու ընկերների հետ միասին։ Գերմանացիներն առաջարկում են ծառայել իրենց մոտ։ Երեքն էլ համաձայնում են։ Իսկ ծառայությունը, ինչպես պնդում էր Բաբուշկինը, պահեստների ու կամուրջների մոտ պահակություն անելն էր։ Նրա ընկերներից մեկը գերմանացի սպայի ձեռքին թանկարժեք ժամացույց է նկատում։ Մի գեղեցիկ օր էլ, ի թիվս այլ իրերի, գողանում է այդ ժամացույցն ու փախչում։

Գերմանացիները հետապնդում են նրան, բռնում ու գողություն կատարելու մեղադրանքով գյուղամիջում սարքած կախաղանից կախում են։ 1960-ականների երկրորդ կեսերին շատ գերի ընկածների էին «հայրենիքի դավաճանություն» հոդվածով դատապարտում։ Պատժաչափը 15 տարուց պակաս չէր լինում։ Բաբուշկինն այդ հազարավորներից մեկն էր։

-Նախաքննության փուլում ինձ տանում էին  այն գյուղերը, որտեղ որպես գերմանական զինվոր ծառայել էի։ По местам боевой славы, – ծիծաղելով ասում էր նա, – գյուղերից մեկում տեսնեմ՝ կանգնած է ժամացույց գողացող ընկերոջս արձանը։ Իսկ արձանի պատվանդանին գրված է՝ Խորհրդային Միության հերոս։

Ահա այսպիսի հերոսներ էլ կային Խորհրդային երկրում։