Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորում են. նա ներկայացավ քրեակատարողական հիմնարկ

942

Այսօր, հունիսի 25-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարել է մեղադրող կողմի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքները՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացնելով։ Դատարանը նաև բեկանել է առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը` գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ:

«Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել։ Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակյանի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը», – որոշումը հրապարակել է նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը։

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը իր մեքենայով ներկայացել է «Երևան-Կենտրոն» քերակատարողական հիմնարկ։

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այսօրվա դատավարությունը, Քոչարյանը պատասխանել է. «Ո՛չ օրենք կա, ո՛չ դատավարություն»։

Հարցին էլ, թե այլևս ասելիք չունի՞, արձագանքել է. «Այնքան ասելիք ունեմ»։