Կույսի ամրոցը. «Անիում»

1352

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Արտաշես Վրույրի «Անիում» աշխատությունը («Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979): Առանձին կտորների վերնագրերը դնում է ԱՆԻ-ին: 

Անցնելով շնչող ձորի միջով, մտնում ենք Ծաղկոցաձոր:

Այստեղ այս է տեսարանը: Մեր առջև բացվում է մի լայն հովիտ ծաղկազարդ ու կանաչավետ: Երփներանգ ծաղիկներն իրենց արբեցնող բուրմունքը սփռել են չորս կողմը:

Իգաձորի ու Ծաղկոցաձորի անկյունում պեմզայի հսկա ժայռերը տնքում են ահռելի ծանրության տակ: Նրանք ուղղաձիգ, սուր հատումով կանգնած են ձորի ձախ ափին՝ ներկայացնելով իրենցից անխորտակելի վիթխարի մի պատնեշ: Իսկ ձորերի աջ հանգույցում կանաչին է տալիս հայր Միքայելի փարթամ բանջարանոցը ծառերով շրջափակված:

Ծաղկոցաձորը սկիզբ է առնում Անի գյուղից, Անի քաղաքի հյուսիսային ամրություններից մոտ մեկ կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք: Ձորը փոքր գալարումներով ձգվում է հյուսիսից-հարավ: Գնալով նրա կողերը սեղմվում են և որոշ տեղ վերածվում կիրճի և ապա դարձյալ լայնանալով հատվում Ախուրյան ձորում:

Աղբյուրների պարզ ու ջինջ ջրերից կազմված Անի վտակը, թավալագլոր, կենսուրախ շշուկներով, Ծաղկոցաձորի մարգագետինների միջով, ոլորապտույտ գալարումներով գնում, միանում է Ախուրյան գետին:

Ծաղկոցաձորը լեցուն է հարյուրավոր այրերով: Հիմա այնտեղ մարդիկ չեն ապրում: Այրաբնակ անեցիների թոնիրներում ու օջախներում այլևս չի բոցկլտում հայրենի կրակը: Ամեն ինչ թափուր է: Այնտեղ ամայությունն է իր սև կնիքը դրոշմել…

Գեղեցիկ քաղաքի վաղեմի բնակիչները լքել են ամեն ինչ. տուն, տեղ, հայրենի հող… Եվ դառը ճակատագրի անողոք ձեռքից տխուր քարավանների երկար շարաններով ճամփա ելած գնացել են անդարձ, դեպի հետու, դեպի օտար հորիզոններ:

Ծաղկոցաձորի այրերը լոկ բնակարաններ չեն. այնտեղ կան ժայռափոր տաճարներ, կրպակներ ու դամբարաններ:

Քայլում ենք Անի վտակի ընթացքով առաջ: Մի փոքր տարածություն կտրելուց հետո անցնում ենք ձորի աջ փեշը, ուր մի շավիղ մեզ առաջնորդում է դեպի վեր:

Այնտեղ, բարձրության վրա, գտնվում է Տիգրան Հոնենցի տոհմական երկհարկ այր-դամբարանը: Նա կազմված է մի քանի այրերից:

Լուռ կանգնած ենք դամբարանի ներքնահարկ ժայռափորերից մեկում, մի գողտրիկ, դժբախտ շիրմի առջև: Հազիվ 6-7 գարուն բոլորած մի բողբոջ աղջկա գերեզմանն է այս: Որքան կսկիծ ու վիշտ է թաղված այդ գերեզմանում… Այնտեղ կան և ուրիշ շիրիմներ, բոլորն էլ մոռացված:

Գերեզմանային պաղ շունչ… Մի տեսակ ահասարսուռ լռություն…

Ճնշվում է մեր հոգին և մեր ծանր արտաշնչման հևքը խուլ արձագանքում է հնօրյա դամբարան-այրում, որին իրենց ճնշող խուլ շնչով պատասխանում են հարակից փոքրիկ, ժայռափոր սրահները: Ասես հավիտենական հանգստյան խորքից, այս մռայլ դամբարան-այրերում, դարերի ծանրության տակ ծանր հևքով հևում է Հոնենցի սերունդը…

Յոթը դար անխռով հանգչում էր փոքրիկի աճյունը այս մռայլ դամբարանում, սակայն տգիտությունն իր ավերող ու կործանիչ բիրտ ձեռքը մխրճել է մինչև իսկ այս փոքրիկ գերեզմանի մէջ և խռովել աղջկա հավիտենական հանգիստը: Վայրենի հովիվները սրբապղծում են գերեզմանը և իրենց ենթադրած ոսկե զարդերը չգտնելով, լքում, հեռանում են:

Անիի գիտարշավը ժամանակին կարողանում է հասնել և ավերված գերեզմանի հողերի միջից հանել փոքրիկ աղջկա զգեստի մի մասը, կուսության գոտին և ասեղնագործ կրծքակալը, որը ներկայումս գտնվում է Հայկական ՍՍՀ-ի պատմական թանգարանում:

Ճնշող տպավորության տակ թողնում ենք անցնելու ավերված գերեզմանը և բարձրանում դամբարանի վերնահարկը:

Մեր առջև բացվում է մի սենյակ՝ հավանաբար Տիգրան Հոնենցի տոհմային դամբարանի մատուռ-աղոթատեղին: Պատերը ծածկված են  ծեփով, վրան երևում են որմնանկարներ:

Միքայելը սկսեց նկարել:

Առավոտյան նա գործ ուներ քարի վրա դրոշմված բարձրաքանդակի հետ, իսկ այժմ՝ գունավոր որմնանկարի:

Թողնելով նկարչին մենակ իր վրձնի, ներկերի ու թղթերի հետ, նստել էի ժայռափոր պատի մոտ և բարձունքից, մտքերի մեջ խորասուզված, դիտում էի շրջապատս ու հիանում բացված տեսարաններով:

Անցավ բավական ժամանակ և ինձ սթափեցրեց նկարչի ձայնը, որ իր ավարտած աշխատանքը ձեռքին կանգնած էր կողքիս:

Ես հափշտակված նայում էի որմնանկարը թղթի վրա և ապա զննող հայացք նետում ժայռափոր պատին:

Ահա, թղթի վրա գունավոր պատկերված է Տիգրան Հոնենցի, եթե կարելի է ասել, մատուռ-ժայռափորի որմնանկարը կենդանի, վառ գույներով, առանց աղավաղումի:

Հեռանալով Տիգրան Հոնենցի տոհմային դամբարանից, ճամփա ընկանք դեպի Իգաձոր՝ դեպի Մազմանյանի այր-«բնակարանը», ուր հրաժեշտ տալով ընկերոջս՝ քայլերս ուղղեցի Իգաձորն ի վեր՝ դեպի տուն:

Մտասույզ քայլում էի ավերակների ու քարակույտերի միջով: Գանգիս մեջ անվերջ պտտվում էր ընկերոջս՝ Միքայելի վարպետությունը նկարչական արվեստի և մտքով գնում էի շատ հեռու, դարերի խորքերը ու սկսում էի մտածել հայկական դիցաբանության մասին:

Եվ երևակայական մտքերը չորս կողմից պաշարեցին ինձ: Ինձ թվում էր, թե մեր բարի հարալեզները շունչ ու կենդանություն են տվել մի հին անեցու՝ մի հմուտ նկարչի և, ահա, իմ առջև կանգնած է վերածնված նոր անեցին, երակների մեջ կրելով հնի թափն ու ավյունը, պատանի կերպարանքով մատիտն ու վրձինը ձեռքին…

Վերստին շրջում ենք Անիի ավերակներում ընկերոջս՝ Միքայել Մազմանյանի հետ: Այդ խանդավառ պատանին, որը մոռացության է մատնել ամեն ինչ և հափշտակված հայ արվեստի ու մշակույթի այդ մեծ կաճառի անսպառ նյութերով, առանց վայրկյան կորցնելու, թուղթն ու մատիտը, ներկն ու վրձինը ձեռքին անդուլ աշխատում է:

Կրտսեր անեցիս սիրում է Անին ու ապրում Անիով և նրան ուրախություն է պատճառում, երբ շատերն են սիրով ու պատկառանքով մոտենում այդ սուրբ քաղաքին:

Կախարդական քաղաքը, որպես մի նահապետ, ասես աներևույթ ձեռքով կերտում է ապագա Միքայել ճարտարապետի հոգին, նա սաղմնավորում է նրա էությունը իր դարերի փորձով ու աննախընթաց վսեմ արվեստով:

Եվ իսկապես, տարիներ անց՝ պատանու այս հանդիպումը հայ անցյալի նշխարներին տալիս է իր արդյունքները:

Մի օր Միքայելի հետ որոշեցինք այցելել ստորերկրյա Անին: Անիում մինչև օրս հայտնի է երկու ստորերկրյա անցք, որոնք առաջնորդում են այցելուին հավիտյան խավարի մեջ խորասուզված ուղիներով դեպի երկրի ընդերքը:

Այդ անցքերից մեկի երախը բացվում է Միջնաբերդի տակ՝ Ծաղկոցաձորի կողմից, բազալտե կուռ զանգվածների մեջ: Իսկ երկրորդինը՝ Տիգրան Հոնենցի եկեղեցու մոտ, Ախուրյանի ձորի կողմից: Այս երկրորդ ստորերկրյա անցքը, ուր մարդու միտքն ու բրիչը փորել, մխրճվել են պեմզայի զանգվածների մեջ ու մտել երկրի խորքերը՝ իր մոլորուն ուղիներով մարդուն առաջնորդում է դեպի անհայտություն:

Մենք նախընտրեցինք առաջինը, թողնելով երկրորդը հետագային:

Ահա սողալով մտնում ենք ներս: Անցքը գնալով ընդարձակվում է թե բարձրությամբ և թե լայնությամբ, այնպես որ մի փոքր անց արդեն քայլում ենք կանգնած: Շարժվում ենք խարխափելով մոմի տատանվող աղոտ լույսի տակ, որը հաճախ մարում է և մենք թաղվում ենք թանձր խավարի մեջ: Օդը նոսր է ու խոնավ, և սարսռեցնում է մեր մարմինները, իսկ մռայլ խավարը ճնշում է մեր հոգին:

Բավական քայլելուց հետո տեսանք, որ ճանապարհը ճյուղավորվում է: Պետք է ընտրել երկուսից մեկը: Հարցականները շարվում են առջևդ և չգիտես, թե ո՞ր ուղին նախընտրես:

Չնայած բազում անգամ առիթ եմ ունեցել այդ մռայլ ու անհյուրընկալ ուղիներով քայլելու, բայց երբեմն պատահել է, որ ես էլ եմ մոլորվել:

Շարունակում ենք մեր ճանապարհը՝ ուղղություն վերցնելով աջ: Մի փոքր հեռու անցքը դարձյալ ճյուղավորվում է և քանի խորանում ենք ներս, մխրճվում ենք ճյուղավորումների մեջ, որոնք ոստայնի ցանցի նման խճողում են մեզ: Այստեղ իմ հիշողությունը դավաճանում է ինձ. մենք քայլում ենք անվերջ ու անսկիզբ և միշտ դուրս գալիս միևնույն կետում:

Մոգական ուղիներ, որոնք գալարապտույտ ժապավենների նման ձգվում են և գերեզմանային խավարի մեջ թաղված, իրենց սեղմված պաղ կողերով ճնշում մարդուն: Մի պահ սոսկում է անցնում մարմնիս միջով և ակամայից դաժան մտքերը պաշարում են մեզ… Արդյոք դատապարտված չե՞նք հավիտյան մնալու անհրապույր մութ անցքում, որպես մեր վերջին հանգրվանում:

Հանկարծ մեր մոմը մարում է, և մենք մնում ենք մթության ու խոնավության մեջ թաղված:

Եվ ծանր մտքերը սև ուրվականների նման պտտվում էին գանգիս մեջ: Ուզեցի շարժել ոտքս… բայց մահասարսուռ մի դող անցավ մարմնովս… ատամներս կափկափեցին տենդով բռնված հիվանդի նման: Մահաբեր պաղ քրտինքը պատեց ճակատս… Ոտքս չէր բարձրանում, ասես գերեզմանից դուրս եկած կմախքացած մի ձեռք ուժգին բռնել էր ոտքս ու քաշում դեպի իրեն… Միքայելի վառած լուցկիները մարում էին մեկը մյուսի ետևից: Ինձ թվում էր, թե կմախքացած ձեռքը քաշում է իմ ոտքը: Վերջապես Միքայելին հաջողվեց վառել մոմը, և աղոտ լույսի տակ տեսա, որ ոտքս բռնվել է երկու քարի արանքում:

Քայլում ենք: Վերջապես մի անցք մեզ առաջնորդում է և մի փոքր հետո բացվում է մեր առջև ստորերկրյա մի սրահ:Մոմի աղոտ լույսի տակ տեսնում ենք այնտեղ մարդկային ոսկորներ ու գանգեր: Ես Միքայելին ցույց տվի այդ խոնավ ու մռայլ սրահի անկյունում մարդկային ազդրի մի ոսկոր: Վերցնելով այդ ոսկորը, զգուշությամբ դուրս քաշեցի նրա դատարկ միջուկից մի թուղթ, որր վրա կային բազմաթիւ ստորագրություններ, իրենց թվականներով տարբեր ժամանակների: Այդ հուշաթերթիկի հեղինակը մայրս էր՝ անվախ Նունեն, որը շատ անգամ առիթ էր ունեցել Անի այցելուներին առաջնորդելու այդ մեծ խորհուրդների մեջ թաղված ստորերկրյա լաբիրինթոսը:

Մենք ևս մեր ստորագրությունները իրենց թվականներով դրոշմեցինք այդ հուշաթերթիկի վրա և թուղթը նորից խնամքով զետեղեցինք ազդրի ոսկորի մեջ:

Ահա այդ օրից անցել է բավական ժամանակ, եթե հուշաթերթիկը չի փտել, տակավին կարող ենք մեր ստորագրությունները գտնել այնտեղ: Բայց ո՞վ գիտե, կվիճակվի՞ մեզ բախտ ունենալ և կրկին տեսնել ավերակների այդ սուրբ քաղաքը:

Մենք շարունակեցինք մեր ուղին, որ այժմ ընթանում է դեպի վեր, բայց կանգնեցինք փակուղու առջև: Փլուզման հետևանքով խափանվել էր ճանապարհը՝ իր մեջ թաղելով ելման կետի առեղծվածը:

Ենթադրություն կա, որ այդ ստորերկրյա անցքը գաղտնի ճանապարհ է դեպի Միջնաբերդ:

Հրաժեշտ տալով փակուղուն՝ ետ դարձանք: Մի փոքր շունչ առանք ստորերկրյա խոնավ ու մութ դահլիճում, ուր մարդկային ոսկորներ ու գանգեր էին հանգչում և հեղձուցիչ ծանր օդի ու տհաճ շրջապատի մեջ խորհում էինք, թե այդ գետնափոր, գաղտնի անցքերով ժամանակին, երբ այն դեռ ամբողջական էր ու գործոն, որքա՞ն մարդիկ են ել ու մուտ արել, և որքան կողմնակի մարդիկ էլ անծանոթ այս բարդ ճյուղավորված մռայլ ուղիներին, եկել և թերևս մոլորվել ու հուսակտուր, խելագարության հասնող տագնապալի օրեր անցկացնելով՝ տանջամահ եղել:

Առանց մոլորվելու անվնաս դուրս ելանք այդ գերեզմանական լռության մեջ թաղված սարսափելի լաբիրինթոսից:

Դեռ առավոտ է: Ելնելով ստորերկրյա Անիից շարունակում ենք մեր շրջագայությունը: Դանդաղաքայլ բարձրացանք դեպի Միջնաբերդ:

Միջնաբերդում չորս կիսականգուն եկեղեցի կա. դրանցից հնագույնը 7-րդ դարու մի եկեղեցի է, որն իր հարավային պատի վրա կրում է Անիի ամենահին արձանագրությունը (հայերեն): Եկեղեցին կառուցված է այն ժամանակ, երբ Միջնաբերդը սոսկ ամրոց էր Կամսարական նախարարական տոհմի: 7-րդ դարի այդ կերտվածքը ներքուստ ունի յուրահատուկ քանդակազարդ որմնախոյակներ: Երկրորդը՝ Միջնաբերդի մատուռը, իր գեղաքանդակ տեսքով ու կանգում գմբեթով, և երրորդն ու չորրորդը՝ ութանկյունանի եկեղեցին և մի ուրիշը: Այնտեղ մենք մանրամասնորեն դիտեցինք 1907-08թթ. պեղված վայրերը: Տեսանք արքունական բաղնիքը, ջրատար խողովակները, պալատի մեծ սրահի մնացորդները և ուրիշ ավերակներ:

Այնտեղ, Միջնաբերդում, ծանրանիստ հանգչում է մի դամբարան՝ դա Գայլի գերեզմանն է: Նրա տապանաքարի գլխին, կիսականգուն պատվանդանի վրա, կա չորս տող արձանագրություն:

Անցանք Միջնաբերդի ետևի կողմը և մեր առջև բացվեց հիասքանչ մի տեսարան:

Միջնաբերդից դեպի հարավ-արևելք մի պարանոց կազմելով ձգվում է թերակղզի՝ դա Կույսի ամրոցն է: Նա երեք կողմից շրջափակված է անդնդախոր, անմատչելի ձորերով, որոնց հիմքերից ահռելի ապառաժները ուղղաձիգ մեկը մյուսի ուսին թառելով՝ խոյանում են դեպի վեր և ստեղծում բնական ամրություններ: Ախուրյանը իր սահանքներով բռնել է թերակղզու երկու կողմը, իսկ Ծաղկոցաձորի կողմից, Անի վտակը: Անիի այս հատվածը քաղաքի հարավային ծայրամասն է:

Այստեղ ահռելի բնությունն իր գիրկն է առել Կույսի ամրոցը: Այնտեղ երևում են կիսակործան մի աշտարակ ու պարիսպների մնացորդներ, իսկ թերակղզու կենտրոնում ավերակ մի եկեղեցի և այս բոլորը միաձուլված բնության հետ: Լռությունը ծանր կապարի նման նստել  ու բռնել է ամբողջ շրջապատը ու խորհուրդների մեջ թաղել ամայացած թերակղզին:

Կույսի ամրոցի գլխին թևերը լայն տարածած սավառնում էին բազեները ու իրենց խուզարկու աչքերով որս փնտրում:

Հեքիաթային այս գեղակերտը դյութեց ընկերոջս՝ Միքայելին, և նա ոգեշնչված սկսեց մատիտով թղթի վրա ուրվագծել Կույսի ամրոցը: