Նիկոլ Փաշինյան. «Առաջարկում եմ Ծառուկյանի կողմից պայթյունը կազմակերպված լինելու վարկածը» (2004թ)

3623

«Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրատան առջեւ կայանված եւ խմբագրությանը պատկանող «Նիվա» մեքենան, որը մշտապես վարում է թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, երկուշաբթի երեկոյան այրվել է՝ պայթյունի ձայն արձակելուց հետո: «Հայկական ժամանակ»-ի խմբագիրը կատարվածի համար մեղադրում է հայաստանյան խոշոր գործարարներից մեկին:

«Հայկական ժամանակ»-ի խմբագրությանը պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որ կայանված է եղել թերթի խմբագրության դիմաց, սկսել է այրվել երեկոյան 20-ն անց 40-ին, ինչպես պնդում են խմբագրության աշատակիցները՝ պայթյունի ձայն լսվելուց հետո: Տուժածներ չկան:

Խմբագրակազմի ահազանգով ժամանած հրշեջները մարել են կրակը. ավտոմեքենայի հատկապես վարորդի տեղն էր այրված՝ անիվից մինչեւ ապակիներ: Ժամը 22-ին արդեն դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայության փորձագետները քննչական գործողություններ էին կատարում: 

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը՝ փոխանցելով, որ հակված է կարծելու, թե մեքենան պայթեցվել է, երեկոյան խմբագրատանը հավաքված լրագրողներին իր սեփական վարկածը փոխանցեց. – «Ես առաջարկում եմ իրավապահներին, որ քննության առնեն «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից պայթյունը կազմակերպված լինելու վարկածը»: 

Հիմնավորելով՝ Փաշինյանը շարունակեց. – «2004 թվականի աթենքյան օլիմպիադայից հետո մեր թերթում լույս տեսավ խմբագրական երեք անձի լուսանկարով՝ Իշխան Զաքարյան, Գագիկ Ծառուկյան եւ Ռոբերտ Քոչարյան ծաղրանկարով: Դրանից հետո տարբեր միջնորդների միջոցով Գագիկ Ծառուկյանը փորձել է ինձ հետ հանդիպել: Ես կտրականապես հրաժարվել եմ»:

Փաշինյանի խոսքերով, «Ծառուկյանի շրջապատից իր աղբյուրները» իրեն տեղյակ են պահել, թե դա «էժան չի նստի Փաշինյանի վրա»: 

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը շարունակեց, որ նախորդ շաբաթ թերթում տպագրվել էր հետաքննություն, որտեղ խոսքը Ծաղկաձորում «տեղի ունեցող ապօրինությունների մասին էր»: 

Նույն «Նիվա» ավտոմեքենայով էր Նիկոլ Փաշինյանը մասնակցում Ծաղկաձորում լրագրողական ակցիային՝ ընդդեմ անտառահատման ու դղյակաշինության: 

1999֊ի դեկտեմբերին «Հայկական Ժամանակ»-ի աշխատակիցների ու խմբագրատան դեմ բռնության առիթով քրեական գործն ավարտվեց կողմերի՝ Գագիկ Ծառուկյանի եւ «Հայկական Ժամանակ»-ի միջեւ հաշտությամբ: Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակվա հաշտությունը բացատրեց նրանով, որ չկամեցավ պարզապես գործիք դառնալ նրանց ձեռքին, որոնք կամենում էին այդ գործով էլ նպաստել գործարարի ունեցվածքի բաժանմանը: 

Ռուզան Խաչատրյան

Ազատություն ռադիոկայան, 22 նոյեմբեր, 2004թ