Զարեհ Սինանյանը կնշանակվի Հայաստանի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար

1658

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կնշանակվի ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար։

Ուրբաթ Սինանյանը դիմում է ներկայացրել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամից հրաժարվելու մասին, հաղորդում է Asbarez.com-ը և նշում, որ Սինանյանը Հայաստանում ստանձնելու է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի պաշտոնը, թեև այդ մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել։

Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի հինգ անդամներից մեկն էր։

Ծնվել է 1973-ին՝ Երևանում։ Հայրը պոլսեցի է, Խորհրդային Հայաստան էր հայրենադարձվել 1946-ին։ Մայրը՝ թալինցի՝ արմատներով՝ մշեցի։

1988-ին ընտանիքով տեղափոխվել են Միացյալ Նահանգներ։ Սինանյանը իրավաբանի կրթություն է ստացել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։

Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ դարձել է 2014-ին։ Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Սինանյանը ԱՄՆ-ում նախքան քաղաքական գործունեությամբ զբաղվելը ակտիվ է եղել Հայ դատի աշխատանքներում, աջակցել է Հայաստանի, Արցախի և Հայոց ցեղասպանության խնդիրները բարձրացնելու գործին։

Զարեհ Սինանյանը, լինելով Գլենդելի քաղաքապետ և քաղաքային խորհրդի անդամ,  մշտապես քննադատություններ էր հնչեցնում Հայաստանի նախկին իշխանությունների հասցեին։ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, օրինակ, Գլենդելում ցույցի ժամանակ նա քննադատում էր կոռուպցիան Հայաստանում, իսկ 2018-ի Թավշյա հեղափոխության օրերին աջակցում էր Նիկոլ Փաշինյանին և նրա շարժմանը։    

Ներկայացնում ենք Զարեհ Սինանյանի հետ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հարցազրույցները
https://www.aniarc.am/2018/05/07/tatul-zareh-text/