«Խմբակի անդամների հիմնական մասը աղջիկներ էին։ Նրանց չդատապարտելու պատճառը ոչ թե Հայաստանի ՊԱԿ-ի մարդասիրությունն էր, այլ նույն ՊԱԿ-ի ցանկությունն էր՝ ամեն կերպ թաքցնել Մոսկվայից, որ Հայաստանում միաժամանակ բազմաթիվ ընդհատակյա խմբակներ են գործում»։
Բնաբանը Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմություն» գրքից է (Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ, 2018»)։ Մտքովս երբևէ չէր անցել, որ Սովետի ժամանակ Հայաստանում եղել է էսպիսի գաղտնի խմբակ։ Եվ առհասարակ թե՛ թռուցիկներ պատրաստող ու տարածող Մանկավարժականի ուսանողների մասին հատվածը, թե՛ ամբողջ գիրքը կարդացի համարյա նույն զգացողությամբ, ինչ ժամանակին՝ Պրոկոպիոս Կեսարացու «Գաղտնի պատմությունը», իր ցնցող բացահայտումներով։ Բայց թե Կեսարացին VI դարի բյուզանդական պատմիչ էր, իսկ «Քաղբանտարկյալի պատմությունը» նկարագրում է 1970-80-ականների դատավարություններ, որոնք տեղի են ունեցել մեզանից մի քանի հարյուր մետր հեռու, բայց մենք տեղյակ չենք եղել (թեև ինքս անհնազանդ ուսանողի իմ կենսագրությունն ունեմ, նույնիսկ կոմսոմոլի մի ժողով բողոքի ցույցի եմ վերածել էդ տարիներին)։
1970-ականների վերջին, երբ դեռ թվում էր, որ Սովետը հավերժ է (ինչպես մարդաբան Ալեքսեյ Յուրչակն է ձևակերպել՝ «այն ընդմիշտ էր, մինչև որ վերջացավ»), Վարդան Հարությունյանը անդամակցել է «բազմաթիվ ընդհատակյա խմբակներից» մեկին՝ «Հայ երիտասարդների միություն գաղտնի կազմակերպությանը, որի «գործունեության նպատակը ԽՍՀՄ-ի քայքայումն ու տապալումն էր, որի արդյունքում Հայաստանը պետք է անկախ հանրապետություն դառնա», բայց չի խուսափել բանտարկությունից վերոհիշյալ աղջիկների նման։ 20-ամյա «ամբաստանյալ Վարդան Հարությունյանը 1979-80 թթ. պատրաստել և պահել է տարածելու նպատակով հակասովետական ազգայնական բովանդակության բանաստեղծություններ»՝ կարդում ենք մեղադրական եզրակացության մեջ։ Պատիժը՝ 5 տարվա ազատազրկում, 3 տարվա աքսոր։
Անարդար է, բայց դաժանությունը միայն ժամկետը չէ. «հակասովետական ազգայնական բովանդակության բանաստեղծություններ» «պատրաստելու» և տարածելու նպատակով պահելու համար Վարդանը 11 ամիս ՊԱԿ-ի մեկուսարանում է անցկացրել, և հարազատ հորն էլ վերջին անգամ հանդիպել է, երբ նա «կագեբեյշնիկների» հորդորով փորձել է որդուն համոզել, որ զղջմամբ հանդես գա դատարանում.
«1986-ին՝ իմ ազատ արձակվելուց երկու տարի առաջ հայրս մահացավ։ Նրա մահվան մասին տեղեկացել եմ երկու տարի անց միայն»։
Գրքում դատական կամայականության շատ այլ սահմռկեցուցիչ օրինակներ են բերվում։ Սամվել Եղիազարյանին դատարան են բերել խուլիգանության մեղադրանքով, բայց դատին նույնիսկ… մեկ տուժող չկա։ Ուրիշների մեղքը սև դրոշներն են, որ փողոցներում կախվելու էին Ապրիլի 24-ի գիշերը… բայց չեն կախվել։ Կամ գնել են փչացած գրամեքենա՝ հակասովետական նյութեր տարածելու համար, որն էդպես էլ… չի սարքվել ու գործածվել։
Նոր սերունդը, որ կարող է առցանց հետևել քաղաքական հնչեղություն դատավարություններին, դժվարությամբ կպատկերացնի, բայց այլախոհների դատերը Սովետում անցնում էին հասարակության լիակատար անտեղյակության պայմաններում։ Արևմուտքը «երկաթե վարագույրի» հետևում էր տեսնում ՍՍՀՄ-ը։ Ներսում ապրողների համար Սովետը շրջապատված էր բամբակե պատերով ու պարիսպներով, որոնք չէին թողնում, որ քաղաքական բողոքի որևէ ձայն հնչի երկրում կամ սահմաններից դուրս գա։ Ու արձագանքի բացակայությունը անձնազոհ պայքարի ազդեցությունը նվազեցնում էր իմաստազրկելու աստիճան։
Ճիշտ է, էս առումով էլ են եղել «արտոնյալներ»։ Վարդան Հարությունյանը գրում է, որ հատուկենտ դեպքերում, երբ քաղհալածյալների մասին տեղեկությունները դուրս են եկել Սովետից, այլախոհները մոսկվացի են եղել՝ բախտները բերել է, որ օտարերկրյա լրագրողները կողքերն են. մյուս հանրապետությունների մայրաքաղաքներում էն տարիներին արտասահմանյան թղթակցական կետեր չկային։
Հեղինակի հիասթափություններից է նաև, որ հրեա այլախոհներին աջակցել է Իսրայելը, ուկրաինացիներին, մերձբալթյան ժողովուրդներին՝ իրենց տարագիր հայրենակիցները, «իսկ հայկական սփյուռքի պարագայում միայն ամաչել կարելի է»։ Հայ այլախոհները, իրենց ազատությունը վտանգելով, գովերգել են ՀՅԴ-ն ու միայն շատ ուշ հասկացել, որ «իրենց պատկերացրած Դաշնակցությունը և իրենց պատկերացրած սփյուռքը իրականում գոյություն չունեն»։
«Քաղբանտարկյալի պատմությունը» լարված է պահում ընթերցողի ուշադրությունը իր վավերականության ու հեղինակի դիտողականության շնորհիվ։ Նա վաղ տարիքում արդեն կարողացել է հասկանալ Պետանվտանգության կոմիտեի խորամանկ հնարքները.
«Քեզ նրա (կամ՝ նրանց) հետ համեմատել չի լինի, դու խելոք ու կազմակերպված մարդ ես, կարող ես փայլուն ապագա ունենալ»… – «զոհի» ինքնասիրությունը շոյելով՝ փորձում են ցուցմունք կորզել քննիչները։
Այլախոհների գաղտնիքները իմանալու ուրիշ միջոց են խուց բերվող «թխսկանները»… սադրիչները, որոնք կռիվ են սարքում, նույնիսկ իրենք իրենց վնասում, որ խցակցի ժամկետն ավելացնեն։
Գրքի արժանիքներից է կերպարների բազմազանությունը՝ ճակատագրերի, նաև ազգային պատկանելության տեսանկյունից։
«Խորհրդային երկրում համոզմունք կար, որ հոգեպես առողջ մարդը չի կարող դեմ լինել խորհրդային կարգերին»։ Իսկ բժիշկ Անատոլի Կարյագինը հրաժարվում է նման եզրակացություն տալ այլախոհ Ալեքսեյ Նիկիտինի վերաբերյալ։ Ավելին, «…արևմուտք է ուղարկում «Հարկադրված հիվանդներ» վերնագրով հոդվածը»։ Հոդվածի համար Սովետը հեղինակին պատժում է 7 տարի կալանք, 5 տարի աքսորով։
Նիկոլայ Իվլյուշկինը սովետական բանակում ծառայելիս տնից «Marlboro» ծխախոտ, «Morning star» թերթ է ստանում, սուրճ ու հնդկական թեյ, որոնք շռայլորեն հյուրասիրում է բոլորին, բայց ծառայակիցներն էնքան են մատնագիր ուղարկում դեսուդեն, մինչև Իվլյուշկինին նստեցնում են… լրտեսության հոդվածով։ Առանց որևէ ապացույցի։ Հետո էլ վրան նոր գործ են սարքում։ 2 տարով բանակ գնացած տղան՝ մեկը Վարդանի բանտային բարեկամներից, տուն է վերադառնում… 10 տարի անց։
Վիտալի Պոզդեևը Սիմֆերոպոլից Թուրքիա ինքնաթիռ է փախցնում, բայց չեկիստները ծնողների ձայնագրություններով խաբում-հետ են բերում ու, իրենց տված խոսքը խախտելով, նստեցնում։ Ծնողները վաճառում են իրենց Սիմֆերոպոլի տունը, գալիս-հիմնավորվում են որդու աքսորավայրին մոտ բնակավայրում։
Իսկ ահա Իվան Կովալյովի ընտանիքում բոլորը այլախոհ են, բայց ինչ-որ պահի Վանյան բանտում «մոլորվում է»… Որը ներողամիտ հեղինակի լեզվով նշանակում է՝ մատնություն, համագործակցություն բանտի ղեկավարության հետ։
ՊԱԿ-ի աշխատակից Նորիկ Գրիգորյանի հորը դատապարտում են յուրացումների համար, որոնք նա չի կատարել։ Երևանում ու Մոսկվայում արդարության չհասնելով՝ Նորիկը որպես վրեժ սկսում է համագործակցել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության հետ։ Նրան ձերբակալում են, 12 տարի տալիս… անմեղ հորը՝ ազատում։
Սիբիրներում Վարդանը թուրքի էլ է հանդիպում։ Իսկական։ Կարծես Չարենցի «Լենինն ու Ալին» պոեմից դուրս թռած լինի, անունն էլ՝ Ալի։ Բայց, ի տարբերություն պոեմի իր անվանակցի, սա, հավատալով սովետական դեսպանի քարոզներին, հատում է թուրք-սովետական սահմանն… ու երկար տարիներ անցկացնում բանտերում ու աքսորում։
Հակառակ դաժան իրավիճակին՝ բանտ ու աքսորում տեղի են ունենում նաև զվարճալի դեպքեր, որոնցով հեղինակը երբեմն թեթևացնում է շարադրանքը։ Վրացի Զուրաբը պատրաստում է «Ծխել միայն այստեղ» ցուցանակ, և աքսորավայրում «որտեղ որոշում էր ծխել, այնտեղ կախում էր»։
Որպես ոճական սիրելի հնարանք գրքում հաճախ է հանդիպում ինքնահեգնանքը։ «Գիտեի, որ հետաքրքիր են 45-րդ հատորից հետո եղած նրա (Լենինի – Վ.Մ.) գործերը, բայց որոշել էի կարդալ բոլոր 55 հատորները ու սկսեցի առաջին հատորից։ «Ժողովուրդ, սու՜ս, Հարությունյանը «Հայր Մերն» է կարդում»,- կատակում են քաղբանտարկյալի խցակիցները։
Վարդան Հարությունյանը երբևէ չի դիմել ներման համար, որի շնորհիվ մի քանի տարի շուտ բանտից դուրս կգար, բայց հակառակ էր այլախոհական վարքականոնին։ 1987-ի գարնանը ՊԱԿ-ից նրան առաջարկել են նամակ-խոստում գրել, որ կապրի խորհրդային օրենքներին համապատասխան և ազատություն ստանալ, Վարդանը հրաժարվել է. «Վերակառուցումը և հրապարակայնությունը համարում եմ անօգուտ և սուտ քաղաքական խաղ»։
Վարդան Հարությունյանը երբեք տեսակցություններ չի ունեցել։ Նրանից խլել են գրառումների տետրեր, թեև իր մյուս հայ բախտակիցներից՝ ոչ։ Ուրիշ հանգամանքներ էլ կան, որ նա զարմանալի է համարում, բայց զերծ է մնում մարդկանց մեղադրելուց։ Ճիշտ է դա, պարկեշտ է՝ անհիմն վարկաբեկումն իսկ ինչ-որ նստվածք է թողնում, ինչպես հայտնի անեկդոտում, բայց մի օր գուցե բոլոր քաղաքական մատնիչները բացահայտվեն՝ փարատելով կամ հաստատելով նման տարակուսանքները, երբ «անցումային արդարադատությունը» էդ ժամանակներին հասնի։
Վարդանին զարմացնում է նաև, որ «…չեկիստներից ոմանք հետագայում՝ արդեն Անկախ Հայաստանում, դարձան բարձրաստիճան պաշտոնյաներ», մեկին էլ գիտե, որին խանութներ են տվել որպես եկամուտի աղբյուր, երբ հրաժարվել է ՀՀ ԱԱԾ-ում աշխատել։ Հեղինակի տխուր եզրակացություններից մեկն է, որ ՊԱԿ-ը ՍՍՀՄ փլուզումից հետո մնաց, և նրա աշխատակիցները… «ծառայում են տարբեր տրամաչափի դիկտատորներին»։
Վարդանի Հարությունյանի քաղբանտարկյալ բարեկամներից Արվո Պեստին 2010 թ. «Այլախոհական շարժումը Էստոնիայում» գիրք է հրատարակել։ Վաճառվել է մեկ օրում։ Հայաստանում ոչ մի գիրք մի օրում չի վաճառվում՝ խոր մշակութային ճգնաժամ է։ Բայց չպետք է սպասել, մինչև էդ ճգնաժամն անցնի. կարծում եմ, Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը», էլ առավել՝ նրա «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գիրքը («Վան Արյան», 2014), արժանի են դպրոցներում հանձնարարվելու որպես նորագույն պատմության օժանդակ գրականություն՝ աշակերտների մեջ քաղաքացիական արիություն, բռնատիրությանը դիմադրելու կամք դաստիարակելու համար։ Ինչպես նաև նրանց հաղորդելու վավերական գիտելիքներ մարդկության պատմության ամենասպառազեն պետություններից մեկի՝ ՍՍՀՄ-ի մասին, որը փլուզվեց ոչ միայն մրցունակ տնտեսություն չստեղծելու պատճառով, որը հանգեցրեց բոլոր ապրանքների սղության, այլև ազատության ու արդարության բացակայության։
Վահրամ Մարտիրոսյան
ՀԵՏՔ