Նիկոլ Փաշինյանի պատասխանը ՀՅԴ-ին. տեսանյութ և տեքստ

1635

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր, հունիսի 5-ին, անդրադարձել է ՀՅԴ անդամների կողմից հունիսի 4-ին իրականացրած ֆլեշմոբի ու ՀԱԿ ակտիվիստին ծեծելու պատասխանատվությունն իրենց վրա վերցնելու գործողության մասին։

«Ազգային արժեքների համար մարդ են ծեծում, բայց  թալանելիս ազգային արժեքների մասին՝ ոչ մի խոսք։ Խոսքը իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, որ ասում է՝ ես ազգային արժեքի համար մարդ եմ ծեծել։ Այն մարդիկ, ովքեր բռնություն են քարոզում, հատ- հատ բերվելու են պատասխանատվության»,- ասել է Փաշինյանը։

Գեղամ Մանուկյանը խոստովանել է՝ ինքն է ծեծել ակտիվիստ Վարդան Հարությունյանին

ՀՅԴ-ական գործիչ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքում մեկնաբանել է ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու միջադեպը: Վերջինս բռնության ենթարկվելու համար մեղադրել էր դաշնակցականներին:

«Երեկ գրավոր դիմում եմ գրել ՀՀ ոստիկանությանը որպեսզի ապահովեն անվտանգությունս, մինջև բացահայտեն ռոբադաշնակցական խուլիգանական բանդան և նրանց անմիջական պատվիրատուները։ Բայց քանի որ մինջ այս պահը ոչ մի արձագանք չկա ես հրապարակավ հայտարարում եմ` ես այլև դրսում քայլելու եմ ` գազային ատրճանակով, էլեկտրաշոկով և այլ տեխնիկական միջոցներով, ինքնապաշտպանությունս ապահովելու նպատակով և անհրաժեշտության դեպքում ես անպայման կիրառելու եմ այդ միջոցները»,- գրել է Հարությունյանը։

«Հայտնեմ, որ երեկ հայտարարություն արած բերանը ամեն տեղ, այդ թվում սոցցանցերում շաղ տված, մեր ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգեւոր արժեքները հայհոյող, մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։ Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի։ Այժմ գնում եմ Կենտրոն ոստիկանություն, ներկայանալու իրավապահներին»,- գրել է Գեղամ Մանուկյանը։

Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հունիսի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը և հայտնել, որ Տերյան փողոցի 3/Ա շենքի բակում իր վրա հարձակում է եղել:

«Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Վ. Հարությունյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, շենքի բակում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպի մասնակիցներից մեկի ինքնությունը ճշտվել է: Նա բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Քննությունը շարունակվում է: 

ՍիվիլՆեթ