2016-ի Ապրիլյան պատերազմը անպայման պետք է հետաքննվի, բայց անկախ հետաքննողների կողմից

667

Դատարանների շրջափակումը հաջողված գործողություն չէր․ Էմիլ Սանամյան

Վաշինգտոնում բնակվող լրագրող, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Էմիլ Սանամյանը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ հարցացրույցում խոսում է  Հայաստանում ընթացող վերջին զարգացումների, քաղաքական և դատաիրավական խնդիրների վերաբերյալ։ Հարցազրույցը թարգմանաբար՝ ստորև։

– Կուզենայինք լսել Ձեր մեկնաբանությունները Հայաստանում ընթացող զարգացումների, մասնավորապես՝ դատական, դատաիրավական համակարգում եղած խնդիրների և վարչապետի հայտարարության՝ դատարանի շենքերի արգելափակման և դրան հաջորդած գործընթացների վերաբերյալ, որոնք անմիջականորեն կապված են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հետ։

– Ընդհանուր առմամբ ես կասեի, որ սա Նիկոլ Փաշինյանի վարչակազմի ձախողումն էր։ Անցյալ տարվա մայիսի նրա  առաջին ընտրություններից ի վեր ես չեմ հիշում մեկ այլ իրավիճակ, երբ նա այսքան համընդհանուր քննադատության ենթարկվեր ոչ միայն ընդիմադիր խմբերի, այլև շատ փորձագետների կողմից, որոնք բարեկամաբար են տրամադրված գործող վարչակազմին։ Եղան նաև որոշ քննադատական մեկնաբանություններ, որոնք հնչեցին Միացյալ Նահանգներից և եվրոպական կառույցներից, և նույնիսկ Եվրամիությունը ակնհայտորեն շատ ոգևորված չէր այս ամենով։ Կարծում եմ՝ կա երկու պատճառ։ Մի կողմից գործն իրավական առումով թերի էր պատրաստված, իսկ մյուս կողմից, իհարկե,  դատարանի որոշումն էր, որն ավելի շատ քաղաքական որոշում էր, քան իրավական։ Սակայն վարչապետի արձագանքը այս որոշմանը նույնպես խնդրահարույց էր, որի անհրաժեշտությունը չկար։

Կարծում եմ շատ մարդիկ չհասկացան, թե ինչու պետք է արգելափակեն դատարանները։ Նա պարզապես կարող էր կազմակերպել հանրահավաք, ինչպես օրինակ արեց նախորդ տարվա օգոստոսին՝ Քոչարյանի առաջին ազատ արձակումից հետո, կամ ինչպես եղավ հոկտեմբերի 2-ին, երբ հանրահավաք եղավ խորհրդարանի մոտ, որը հետագայում հանգեցրեց խորհրդարանի լուծարմանը։ Դատարանների գործունեության արգելափակման վարչապետի կոչը հակասում է Սահմանադրությանը և իշխանությունների տարանջատման տրամաբանությանը, ուստի, իհարկե, դրա համար էլ փորձագիտական հանրության կողմից դա քննադատության արժանացավ։

Փաշինյանը շարունակում է մնալ Հայաստանի ամենահեղինակավոր քաղաքական գործիչը, հանրության լայն շերտերը նրա հետ են կապում  Հայաստանում լավ ապագա ունենալու հույսերը, սակայն նույնիսկ դատելով, թե որքան մարդ էր ներգրավվել այս գործողությանը, կարող ենք ասել, որ թիվը զգալիորեն փոքր էր՝ հոկտեմբերի 2-ի հետ համեմատած։ Այնպես որ, դա հաջողված գործողություն չէր նրա համար։

Անհրաժեշտ են նոր ուղիներ իր քաղաքական դիրքերը ամրապնդելու համար։ Եվ, վերջապես, պետք է առաջ տանել երկրի օրակարգը։ Նախորդ տարվա ընթացքում ականատես էինք իշխանության համախմբման ժամանակաշրջանի։ Նա նշանակվեց այն ժամանակ, երբ խորհրդարանը վերահսկում էր նախկին իշխող կուսակցությունը, և Փաշինյանը կարողացավ հասնել խորհրդարանական արտահերթ ընտրությունների։ Այժմ նրա ձեռքում կա բավարար իշխանություն առաջ շարժվելու և օրակարգային բարեփոխումներ իրականցնելու համար, որոնք կապված են տարբեր ոլորտների հետ, այդ թվում՝ անվտանգության, տնտեսության և այլնի։ Վերջերս հայտարարված տնտեսական հեղափոխությունը, օրինակ, շատ առաջընթաց չի գրանցել, մյուս հարցերը նույնպես, և դա ակնհայտորեն անընդմեջ մի շարք հարցադրումների տեղիք է տալիս։

– Իշխանությունների հիմնական թեզերից մեկն այն է, որ բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ է արդար և թափանցիկ ու ոչ կոռուպացված դատական համակարգ։ Դատական համակարգը Հայաստանում կատարյալ չէ, կան բազմաթիվ խնդիրներ, և բազմաթիվ մտահոգություններ միշտ էլ եղել են։ Որքանո՞վ է այս թեզը կապված Նիկոլ Փաշինյանի կոչի հետ, քանի որ հիմնավորումն այն է, որ եթե ուզում եք բարեփոխումներ անցկացնենք, ապա ի վերջո անհրաժեշտ է ունենալ դատական արդար համակարգ։

– Որևէ կասկած չկա, որ անհրաժեշտ է ունենալ դատական արդար համակարգ, սակայն այս իմաստով անշուշտ կարելի է փաստել, որ որոշումը քաղաքականացված է, քանի որ գործընթացին մասնակցում էին նախկին նախագահները։ Իրականում այլ կերպ լինել չէր կարող, երբ դատարանի առջև է կանգնում նախկին նախագահը։ Միշտ կլինեն մարդիկ, որոնք կողմ կամ դեմ կլինեն։ Այսպիսով՝ դատական համակարգի բարեփոխումն անշուշտ անհրաժեշտ է, սակայն այն պետք է տարանջատել այս գործընթացից։

– Իշխանությունները այս գործընթացը անմիջականորեն կապել են հեղափոխության հետ՝ հայտարարելով, որ սա հեղափոխության հերթական փուլն է, որ այսօր այն արդեն ներթափանցել է դատական համակարգ։ Վարչապետի հայտարարության մեջ ասվում է նաև, որ մենք երկար ժամանակ հանդուրժում ենք, կարծում ենք, որ դատական իշխանությունը կհետևի հեղափոխության տրամաբանությանը և կբարեփոխվի ինքն իրեն։ Ձեր կարծիքը այս հարցում։

 – Տեսեք, հեղափոխությունը չի կարող օգտագործվել որպես արդարացում։ Հեղափոխությունը այն պահն է, որը համախմբում է մարդկանց, ինչը տեղի ունեցավ մեկ տարի առաջ։ Հայաստանում տեղի ունեցածն աննախադեպ էր, երբ կառավարությունն ուղղակի հասարակական ճնշման ներքո ստիպված էր հրաժարական ներկայացնել և վերջ դնել այն հակասահմանադրական գործընթացին, երբ նույն մարդը փորձում էր մնալ իշխանության ղեկին երկու ժամկետից հետո։ Դա էր հեղափոխությունը։ Մնացած ամեն ինչ դրան հաջորդած զարգացումներն են, որոնք արդեն հեղափոխություն չեն, այլ քաղաքականություն։

Փաշինյանը, իհարկե, մեծ տեղ ունի հեղափոխության հարցում, բայց այսօր նրան տրվող գնահատականը բխում է վարչապետի պաշտոնում նրա կատարած քայլերից։ Չի կարելի օգտագործել հեղափոխությունը որպես արդարացում հակասահմանդրական քայլերի համար՝ ինչպես դա տեղի ունեցավ դատարանների արգելափակման դեպքում։ Երկրում փոփոխությունների իրականացումը ժամանակ է պահանջում։ Մինչ այժմ վարչապետը կենտրոնացած է եղել կառավարության վրա, նրա ողջ գործունեությունը կապված է եղել նախկին իշխանության հետ, թե ինչ սխալներ են գործվել 2008-ին կամ 2009-ին, և ով է պատասխանատու։ Այժմ 2019-ն է, առկա են այլ մարտահրավերներ, որոնց ուղղությամբ պետք է աշխատանք տանեն այսօր։ Մենք ունենք անվտանգության օրակարգային հարցեր, տնտեսական խնդիրներ, որոնք պետք է լինեն վարչապետի առաջնահերթությունները, քանի որ եթե նա շարունակի ապրել անցյալով, շատ արագ կարող է հայտնվել այնտեղ, ավելի արագ, քան մենք դա ցանկանում ենք։ Ուշադրության կենտրոնում պետք է լինեն այսօրվա և ապագայի խնդիրները։ Հեղափոխական հռետորությունը կարևոր էր, երբ ընթանում էր հեղափոխություն։ Այսօր մենք այլ միջավայրում ենք։

Եթե Փաշինյանը շարունակի ապրել անցյալով, շատ արագ կարող է հայտնվել այնտեղ, ավելի արագ, քան մենք դա ցանկանում ենք։ Ուշադրության կենտրոնում պետք է լինեն այսօրվա և ապագայի խնդիրները

– Դատավորը Մարտի 1-ի գործն ուղարկեց Սահմանդրական դատարան՝ խնդրելով ի հայտ բերել, թե որքանով են խախտվել Սահմանադրության նորմերը։ Այս քայլը արվեց այն բանից հետո, երբ վարչապետը ժողովրդին կոչ արեց արգելափակել դատարանների շենքերը, և դա դիտարկվում է այսպես ասած՝ արձագանք վարչապետի այդ հայտարարությանը։ Ի՞նչ կասեք այս մասին։

– Ի սկզբանե, երբ մեղադրանք է առաջադրվում նախկին նախագահին, որտեղ առկա է Սահմանaդրության խախտման դրույթ, ինչպես նաև մեղադրանք է ներկայացվում այն անձին, որը սահմանադրականորեն ունի անձեռնմխելիություն իր պաշտոնավարման ընթացքում կատարած գործողությունների համար, դա անմիջապես բերում է հակասության անձեռնմխելիության և առաջադրվող մեղադրանքների միջև։ Հաշվի առնելով, որ սա աննախադեպ է Հայաստանի համար՝ Սահմանադրական դատարանը պետք է որոշի, թե արդյոք Քոչարյանի գործողությունները համապատասխանում են անձեռնմխելիության սկզբունքին, թե ոչ։ Այն փաստարկը, թե նա խախտել է Սահմանդրությունը, ուստի չունի անձեռնմխելիություն, հիմնավոր չէ, քանի որ նույնիսկ խորհրդարանական  անձեռնմխելիության համար պատգամավորի պարագայում քրեական հետապնդումը լինում է միայն քվեարկության միջոցով, խորհրդարանի կողմից պետք է լինի որոշում, որը կվերացնի անձեռնմխելիությունը, և դրանից հետո միայն դատախազությունը կարող է գործել։ Այս դեպքում չի կարելի պնդել, որ նա զրկված է անձեռնմխելիության իրավունքից, քանի որ խախտել է օրենքը։ Սահմանդրական դատարանը միակ դատարանն է, որը կարող է որոշել խնդրի սահմանդրականությունը և պետք է որոշում կայացնի, թե արդյոք Քոչարյանի մեղադրանքները դեմ պետք է հաշվի առնեն նրա անձեռնմխելիության դրույթը։ Համոզված եմ, որ Սահմանդրական դատարանի յուրաքանչյուր որոշում կդիտարկվի որպես կողմնակալ կամ Քոչարյանի կամ ժողովրդի կողմից։ Դա խնդիր է։ Դա նման է Սահմանադրական դատարանի՝ նախկինում ընդունած որոշումներին ընտրությունների վերաբերյալ։ Եթե հիշում եք 2003-ին, օրինակ, դատարանն ընդունեց երկակի մի որոշում՝ ասելով, որ ընտրությունները անցել են նորմալ, սակայն անհրաժեշտ է իշխանության վստահության քվեի վերաբերյալ հանրաքվե, որը զայրացրել էր Քոչարյանին։ Այնպես որ, չեմ բացառում այսպիսի մի որոշում այս անգամ ևս։ Իհարկե, անհրաժեշտ է անդրադառնալ Քոչարյանի ժառանգությանը, բայց հետևողական ու օրինական ճանապարհով։ Մինչ օրս կառավարության առաջ քաշած մեղադրանքը քաղաքականացված է, քանի որ այն հիմնված է ընդդիմության գործունության վրա 2008-ից հետո։

Փաստահավաք խմբի գործունեությունը այն կարևոր հիմքն է, որի վրա դատախազությունը ու քննիչները կառուցել են գործը։ Պետք է հասկանալ, որ երբ գործը քաղաքական է, այն ապացուցելն ավելի դժվար է։ Կարելի է պարզապես հայտարարել, որ մարդկանց սպանել են փողոցում, և դրա համար պատասխանատու է նախագահը՝ որպես երկրի ղեկավար, սակայն երբ գործը հասնում է դատարան, շատ դժվար է ապացուցել, որ Քոչարյանը պատասխանատու է այդ մարդկանց մահվան համար, ինչպիսի կոնկրետ գործողություններ է նա արել, որն էլ այդ մարդկանց մահվան պատճառ է դարձել։ Դա է տարբերությունը քաղաքական և իրավական փաստարկների մրջև, և կարծում եմ, որ խնդիրը հենց այդ տարանջատման մեջ է։

Կառավարությունը պետք է գիրտակցի այս խնդիրները։ Անհրաժեշտ է վերակազմավորել դատախազական և քննչական խումբը, գուցե նոր հետաքննություն անցկացնել՝ պարզելու, թե ինչն է արվել սխալ կամ ճիշտ, քանի որ ամեն դեպքում այս գործը կուղարկվի Մարդու իրավուքների եվրոպական դատարան, որտեղ այն կքննեն տարբեր իրավաբաններ ու օտարերկրյա դատավորներ։ Սակայն սա սովորական գործերից չէ, որոնք եղել են նախկինում։ Անհրաժեշտ է վերցնել միջազգային պատասխանատվություն Հայաստան պետության համար, պետք է զգուշավորությամբ մոտենալ այդ գործին։ Մինչ այս պահը չեմ կարծում, որ այդպես է եղել։

– Իսկ միջազգային հանրության արձագանքի մասին ի՞նչ կասեք՝ կապված վարչապետի հայտարարության և դրան հաջորդած զարգացումների հետ։

– Կարծում եմ, որ առայժմ բավական մեծ անջրպետ կա այն ամենի միջև, ինչ ասում է վարչապետը և միջազգային գործընկերները։ Ես տեսա Եվրամիության հայտարարությունը, որտեղ նախապես, ըստ էության, ասվում է, որ տարվա ընթացքում որևէ առաջընթաց չի գրանցվել Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի շուրջ, որը ստորագրվել էր նախորդ կառավարության օրոք։ Այսպիսով, կա որոշակի խնդիր այստեղ, Միացյալ Նահանգների դեպքում խնդիրը ավելի բարդ է, քանի որ ներկա վարչակազմը հետաքրքրված չէ աշխարհի այս հատվածում ընթացող զարգացումներով, եթե այն չի վերաբերում Իրանի կամ Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Եվ, իհարկե, Ռուսաստանի իշխանության հետ եղել են լարված պահեր հենց Քոչարյանի գործի պատճառով։

– Այս ընթացքում հնչեցին հայտարարություններ, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, կապված 2016-ին ապրիլյան պատերազմի վերաբերյալ հետաքննություն սկսելուն։ Ի՞նչ կասեք այս մասին։

– Ապրիլյան պատերազմի մասին հայտարարությունը պետք է վաղուց արվեր։ Ես նկատի ունեմ, որ սա շատ կարևոր իրադարձություն է և պետք է հետաքննվեր դեռ նախորդ իշխանությունների կողմից, որը չի արվել։ Այն չեն հետաքննել հանրային միջոցով, այլև ընդամենը ներքին հետաքննություն են իրականացրել։ Սա կրկին  խոսում է այս կառավարության քաղաքական առաջնահերթությունների մասին։ 2016-ի վրա կենտրոնանալու փոխարեն նրանք կենտրոնացան 2008-ի վրա, որոնք շատ ավելի հեռու են Հայաստանի այսօրվա իրականությունից։ Նրանք 2016-ին անդրադարձան միայն, երբ Սերժ Սարգսյանը աջակցեց Քոչարյանին։ Այստեղ ևս նկատելի է քաղաքական դրդապատճառ։ Սկզբում կարծում եմ հետաքննությունը ջանում էր տարանջատել Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարագսյանից։ Եղավ արտահոսք մամուլում, որ Սարգսյանը վկայություն է տվել Քոչարյանի դեմ, ինչը հերքվեց, երբ հնարավոր չեղավ տարանջատել նրանց։ Երբ պարզ դարձավ, որ Սարգսյանը աջակցում է Քոչարյանին, նրանք հիշեցին 2016-ի մասին։

2016-ի իրադարձությունները անպայման պետք է հետաքննվեն, սակայն անկախ հետաքննողների կողմից, ոչ թե կառավարական կամ կուսակցական խմբի, ինչպիսին 2008-ի Փաստահավաք խումբն էր, այլ ռազմական ոլորտում փորձառություն ունեցող անձանց կողմից, որոնք ունեն նաև հետաքննություն իրականացնելու փորձ։ Այս առումով շատ մարդիկ չունենք, սակայն նման մարդիկ կան Հայաստանում։ Այն պետք է հեռու մնա վարչապետի կամ քաղաքական այլ ազդեցությունից, քանի որ այս հարցը վերաբերում է Հայաստանի բնակչության անվտանգությանը, այլ ոչ թե վարչապետին կամ նրա քաղաքական ուժին։ Հետաքննությունը պետք է տարանջատված լինի քաղաքականությունից։

Պատրաստել է Գեղեցիկ Ոսկանյանը

ՍիվիլՆեթ