«Մեր գոյամարտը ավելի արդյունք կտար, եթե ամբողջապես կտրվեինք Թիֆլիսից ու բանակցություններից»

3225

ԱՆԻ-ի տեղեկանքը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՅԴ «Աշխատանք» թերթի՝ 1918թ․ հունիս 1-ի համարում՝ առաջին էջում լույս տեսած հոդվածը։ Թերթի խմբագիր-հրատարակիչը Արամ Մանուկյանն էր։ Այս հրապարակումից ակնհայտ է դառնում այն հակասությունը, որ եղել է Երևանի և Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդների միջև՝ կապված թուրքերի դեմ կռիվները շարունակելու և բանակցելու հարցում։ 

Ինչպես հայտնի է, հայկական ուժերը՝ Հայկական կորպուսը, կարողացավ թուրքերին կանգնեցնել, ապա նրանց ծանր մարդկային կորուստներ հասցնելով` մինչև մայիսի 29-ը հետ քշել Բաշ-Ապարանում ու Սարդարապատում: Հաղթանակով ոգևորված` հայերն առաջ էին շարժվում դեպի Ալեքսանդրապոլ: Գեներալ Սիլիկյանը մտադիր էր թուրքական զորքերին հետապնդել մինչև Ալեքսանդրապոլ և հավատում էր, որ հայկական ուժերը կկարողանան երկու օրում հետ վերցնել քաղաքը:

Մայիսի 29-ին Սիլիկյանը երկորդ կոչն է ուղղում հայերին. ՙՄենք պետք է թուրքերից հետ վերցնենք Ալեքսանդրապոլը: Նրանք պահանջում են Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի ու Էջմիածնի (Մայր տաճարի հետ) գավառները, Երևանի նահանգի մեծ մասն ու Նախիջևանը: Կարո՞ղ ենք թույլ տալ նման վիրավորանք: Երբե’ք, հա’յ ժողովուրդ, դու չպիտի թույլ տաս այդպիսի անարգանք: Եվ այդ անարգանքը տեղի չի ունենա, եթե մենք հասնենք մինչև Ալեքսանդրապոլ: Դեպի’ զենք բոլորդ, դեպի’ Ալեքսանդրապոլ՚:

Սակայն երբ հայկական զորքերը մոտենում էին Ալեքսանդրապոլին, զորավար Թովմաս Նազարբեկյանը Հայկական կորպուսին կանգ առնելու հրաման տվեց: Երևանի Ազգային խորհրդի անդամների մի մասը առաջարկվում էր հաշտվել կացության հետ և ընդունել Բաթումի դաշնագրի պայմանները, ուրիշները պահանջում էին չեղյալ համարել Նազարբեկյանի հեռագիրը, զորքերի ընդհանուր հրամանատար նշանակել Սիլիկյանին և շարունակել պատերազմը: Ազգային խորհուրդը չկարողացավ միակամություն դրսևորել, և Սիլիկյանին մնում էր ենթարկվել Նազարբեկյանի հրամանին:

Բաթումում բանակցությունները սկսվել էին մայիսի 29-ին և ավարտվել հունիսի 4-ի Հաշտության և բարեկամության դաշնագրով Հայաստանի և Օսմանյան կայսերական կառավարության միջև։ 

*****

Մինչև վերջին շունչը պատնեշի վրա

Այսօր լրացավ մեր հերոսամարտի և մեր հաղթանակների առաջին տասնօրյակը։

Երևանի հայությունը հիմա, մեն մենակ, գոյության սրբազան պայքարի մեջ է մտել իր դարավոր թշնամու հետ՝ հավաքականորեն ապրելու կամ մեռնելու որոշումով։ Ու այդ վերջին տասնօրյա պայքարն ապացույց է, որ ուրիշ ճար-ճանապարհ չկա օրհասական կռվից բացի, որ մեր ժողովուրդը չսխալվեց և որ կռվելու վճիռ տվող ու ինքնապաշտպանության պայքար մղողը բնավ չի մեռնի։

Սակայն և այնպես, մեր այդ գոյամարտը էլ ավելի արդյունք կարող էր տալ, եթե մենք ամբողջապես կտրվեինք Թիֆլիսից ու բանակցություններից, եթե հույսի առագաստ չունենայինք, եթե մեր զինվորականության ուղեղից վերացվեր ուրիշ միջոցներով փրկվելու գաղափարը և մանավանդ, եթե մեր ղեկավարները չհուսահատվեին փոքրիկ անհաջողությունից, կանգ չառնեին որևէ հաղթանակաբեր զոհաբերության առաջ ու էլ ավելի թափ տային մեր կռվին։

Երբ Թիֆլիսից նոր հեռագիր, նոր հրահանգ կամ պայման է գալիս, ստրկական ոգին կրկին վարակում է շատերին, որոնք աշխատում են հաշտության, զիջման ճանապարհով վերջացնել մեր պատվաբեր կռիվը, թուլացնել զինվորների ռազմական կորովը և ժողովրդի ուշադրությունը դարձնել դեպի անարյուն, անզոհ կյանքը և ստրկական ապագան։ Թիկունքում գտնվող ժողովրդի և ղեկավար շրջանակների վրա ազդում են փոքրի անհաջողությունները կամ պարտությունները ու սպանվածների դիակները, և նրանք իրենց վարակիչ հուսահատությունը հասցնում են մինչև ճակատ ու թափանցում կռվողների խիտ շարքերը։

Դժբախտաբար, պետք է խոստովանել, որ այսօր թիկունքը ազդում է ճակատի և ճակատը պաշտպանողների վրա, թիկունքը՝ իր լեգեոն թափառաշրջիկներով, իր լեփ-լեցունմայթերով, իր դասալիք սպաներով, իր թևանցուկների շարքերով ու վերջապես, ամենից ավելի՝ իր ղեկավարող մարմնով, որ խնամքով պահում է ու հովանավորում վերոհիշյալները։

Ինչ-որ ներքին թուլահոգիներ, ստրկամիտներ և վաճառվածներ կան, որոնք ամեն րոպելքում և հուսահատություն են ձգում ժողովրդի ու զորքի մեջ, ղեկավարներ էլ կան, որոնք հուսահատված մեր դիմադրական կարողությունից կամ, թերևս, պարտությունից, նույն ոգին են սնուցում և պատրաստվում են ընդունելու թուրք կառավարության վերջնագրերն ու պայմանները։

Թող իմանան բոլորը, մանավանդ ղեկավարություն պարտականություն ու թյուրիմացություն ունեցողները, որ ոչ ոք իրավունք չունի ընդվզելու ժողովրդական կամքի դեմ, որ որոշել է կռվել մինչև վերջ, մինչև վերջնական հաղթանակ կամ պարտություն։ Եվ եթե հիմա թուլության, հուսահատության նշաններ են երևում այստեղ, այնտեղ, դրա միակ պատճառը մեր ղեկավար կոչեցյալներն են, որոնց գլխի և ուղեղի մեջ թափանցել է հուսահատությունը թույնի պես, որոնք կարող են միայն անգործադրելի հրամաններ ու հրահանգներ հանել, խախտել նույնիսկ իրենց գոյության հիմքը, առանց սրտապարար ու ոգևորիչ խոսք ասելու ժողովրդին ու զինվորականությանը։

Իսկ վերջնագրերու առիթով՝ ժողովրդի ու զինվորականության կողմից ո՛չ մի պայման ու զինադադար, ոչ մի դաշինք ու զիջում․ պետք է շարունակել պայքարը մինչև հաղթանակ։ Վայ նրանց, որոնք ստրկական ոգի ունեն, վայր նրանց, որոնք զիջման ու պայմանի են պատրաստվում և վայ այն ղեկավարներին, որոնք իրենց հուսահատ տրամադրությամբ ու ստրկացման տանող ձեռնարկներով դավաճանում են հայ ժողովրդին։

Պետք է շարունակել կռիվը, ինչ գնով էլ որ լինի, պետք է բնավ կանգ չառնել զոհերի առաջ, պետք է վերջապես ստրկական շրջապատից դուրս գալու համարձակ քայլեր առնել՝ և սակայն միշտ, մինչև վերջին շունչը պատնեշի վրա։

«Աշխատանք», Գ․ տարի, շաբաթ, 1 (19) Յունիս, 1918, թիւ 4 (204), Երևան, խմբագիր-հրատարակիչ՝ Արամ Մանուկյան