Արամի կերտած հայրենիքում տեղ չունի կոռումպացված պաշտոնյան. ուղերձ Սարդարապատից

896

«Ասկետի կյանքով ապրած Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում տեղ չունի կոռումպացված ու ծախու պաշտոնյան», – հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության տոնի առթիվ այսօր Սարդարապատում հղած ուղերձում:

«Յուրաքանչյուր այսպիսի պաշտոնյա դավաճանում է Սարդարապատի հերոսներին, և Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների սխրանքներով ոգեշնչված՝ մենք մեր հայրենիքում հաստատում ենք արդարություն, իրավունքի գերակայություն և փոխադարձ հարգանքի ու օրինականության վրա հիմնված ազգային միասնություն», – շեշտեց վարչապետը:

«Այսօր մենք տոնում ենք մեր հազարամյա պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը: 1918 թվականի մայիսի 28-ին Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերից հետո հռչակվեց Հայաստանի անկախ Առաջին Հանրապետությունը», – ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ – «Դա տեղի ուենցավ մի ժամանակաշրջանում, երբ թվում էր՝ հայ ժողովրդի պատմությունը հասել է իր ավարտական փուլին: Կիլիկյան Հայաստանի անկումից ուղիղ 500 տարի անց պետականություն չունեցող հայ ժողովուրդը ենթարկվել էր ծանրագույն մի աղետի՝ ցեղասպանության: 1,5 մլն հայ սրի էր քաշվել, հարյուր հազարավորները դարձել էին փախստական և հայ լինելն ինքնին վտանգավոր էր կյանքի համար: Եվ թվում էր, թե ստեղծված են բոլոր նախադրյալները, որ հայ ժողովուրդը հանձնվի իր պատմության առաջ, ճանաչի իր պարտությունը, կորցնի իր ինքնությունը, մոռանա իր պատմությունը և հրաժարվի ապագայի նկատմամբ ունեցած որևէ հավակնությունից: Բայց տեղի ունեցավ հակառակը, տեղի ունեցավ անսպասելին և հայ ժողովուրդը ձեռք բերեց այն, ինչ թվում է` կորցրել էր անդառնալիորեն, ձեռք բերեց պետականություն, ձեռք բերեց պետական դրոշ, ձեռք բերեց պետական զինանշան, ձեռք բերեց պետական օրհներգ, որն արտահայտում էր մահվան եզրին հասած մեր ժողովրդի պատմական վերածննդի ողբերգական, բայց միևնույն ժամանակ հրաշափառ պատմությունը»:

«Մենք այսօր կանգնած ենք սուրբ հողի վրա, սիրելի հայրենակիցներ, որովհետև նաև այստեղ է հեղվել այն սուրբ արյունը, որով ապրելու և լինելու իրավունք է նվաճվել մեզ համար, մեր ժողովրդի ու նրա ինքնության համար։ Այստեղ հեղված սուրբ արյան վրա է կառուցվել մեր պատմության առաջին Հանրապետությունը և այստեղ հեղված սուրբ արյունն է ապացուցել, որ հայ ժողովուրդը կենսունակ ժողովուրդ է, ապրելու ժողովուրդ է և նրա պատմությանը վերջակետ դնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման», – նշեց վարչապետը:

«Հանգչեք խաղաղությամբ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտը կերտած նահատակներ, հանգչեք խաղաղությամբ Առաջին Հանրապետության պետական այրեր, կառավարության անդամներ՝ գլխավորությամբ Առաջին Հանրապետության չորս վարչապետերի՝ Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Համո Օհանջանյան, Սիմոն Վրացյան: Հանգչեք խաղաղությամբ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտը կերտած հրամանատարներ, պետական այրեր՝ Արամ Մանուկյան, Թովմաս Նազարբեկյան, Դանիել Բեկ-Փիրումյան, Դրաստամատ Կանայան, Մովսես Սիլիկյան, Քրիստափոր Արարատյան, Պողոս Բեկ-Փիրումյան, որովհետև ձեր սխրանքը, ձեր գործը տեր ունի այսօր», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և շարունակեց․ – «Ձեր սխրանքներով են ոգեշնչվել արցախյան ազատամարտի հերոսները՝ Վազգեն Սարգսյանից մինչև Մոնթե Մելքոնյան, Քրիստափոր Իվանյանից մինչև Լեոնիդ Ազգալդյան, ձեր սխրանքներով են ոգեշնչվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսները՝ Ռոբերտ Աբաջյանից մինչև Քյարամ Սլոյան, Արմենակ Ուրֆանյանից մինչ Ադամ Սահակյան: Ձեր սխրանքներով են ոգեշնչված հայոց բանակի այն շարքայիններն ու սպաները, սերժանտները, ենթասպաներն ու գեներալները, ովքեր ամեն օր անխոնջ կրում են հայրենիքի անվտանգության ծանր, բայց հպարտանալու պատասխանատվությունը: <…> Ձեր սխրանքներով է ոգեշնչված Հայաստանի Հանրապետության ազատ և հպարտ քաղաքացին, ով իր սեփական իշխանությունն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում, ով տեր է դարձել Հայաստանի Հանրապետությանը՝ ձեր հիմնած, ձեր ստեղծած հայրենիքին»:

«Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները, կեցցե՛ն Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում», – հայտարարեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը մասնակցեց Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, նախագահ Արմեն Սարգսյանի, երկրի բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ:

Վարչապետը ծաղկեպսակ դրեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցեց: Այնուհետև բացվեց Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, պետական քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված հուշակոթող: Վեց մետր բարձրությամբ կարմիր տուֆից կերտված հուշակոթողը հեղինակել են ճարտարապետ Հայկ Ասատրյանը և քանդակագործ Արտակ Համբարձումյանը:

Այնուհետև վարչապետը միջոցառման մասնակիցների հետ Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում դիտեց «Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորումը և մայիսյան հերոսամարտերի պատմությունը» խորագրով ցուցահանդեսը:

Ազատություն