Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ

1348

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց փոխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  որոշումը հրապարակվեց մայիսի 18-ին, նիստերի դահլիճում ներկա էին Քոչարյանի որդիները, պաշտպանական խումբը:

Կալանքը փոխելու հարցով անձնական երաշխավորություն էին ներկայացրել Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը. նրանք դատարանի դահլիճ էին ժամանել մայիսի 16-ին:

Նախագահները երաշխավորեցին, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում նա կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք, կներկայանա դատարան և կկատարի դատավարական պարտականությունները:

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների՝ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի գործով դատական նիստը մեկնարկել է մայիսի 13-ից: Քննվում էր Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը:

Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս ԷսՍի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927000000 ՀՀ դրամին համարժեք 3000000 ԱՄՆ դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը-Երեւանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչեւ 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու եւ ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գեւորգյանը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309000000 ՀՀ դրամին համարժեք 1000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաեւ նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները: