Հայկական Թավշյա հեղափոխության մեկ տարին. ձեռքբերումներ, խնդիրներ և մարտահրավերներ

954

Արմեն Վարդանյան, ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2018թ. Հայաստանում տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունները շրջադարձային էին մեր երկրի նորագույն պատմության մեջ: Մարտ ամսից սկսած բողոքի ցույցերի արդյունքում Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ թավշյա, ոչ բռնի հեղափոխություն: Հայաստանը թևակոխեց մի նոր պատմական շրջափուլ, որը լի է հնարավորություններով և բազմաթիվ մարտահրավերներով: Այս հեղափոխության արդյունքում Հայաստանը հայտ է ներկայացրել անցում կատարել հիբրիդային վարչակարգից դեպի ժողովրդավարական համակարգ: Հեղափոխության արդյունքում վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի առջև ներքին և արտաքին լուրջ մարտահրավերներ են կանգնած: Հայկական Թավշյա հեղափոխությունից արդեն անցել է 1 տարի, և ժամանակն է հասկանալ, թե ինչպիսի հաջողություններ կան հետհեղափոխական Հայաստանում, ինչպիսի մարտահրավերներ են կանգնած երկրի նոր իշխանությունների առջև, և դեպի ուր է գնում Հայաստանը:

ԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԳՐԱՆՑԵԼ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ

Վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նոր ղեկավար Արթուր Վանեցյանին ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում պետք է խիստ պայքար տարվի կոռուպցիայի դեմ, և որ այն պետք է արմատախիլ արվի: Դրան հաջորդած ամիսների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվել և քրեական գործեր են հարուցվել մի շարք նախկին և ներկա պաշտոնյաների նկատմամբ, ու միլիոնավոր դոլարներ են վերադարձվել պետբյուջե: Պետք է նշել նաև, որ թեև ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը Հայաստանում ընդունվել էր 2016թ. և ուժի մեջ մտել 2017թ. հուլիսի 1-ին, սակայն նախորդ իշխանությունների օրոք այդ օրենքի հիման վրա որևէ մեկը չէր ձերբակալվել կամ դատապարտվել: Հեղափոխությունից հետո ձերբակալվեց և այդ հոդվածի հիման վրա մեղադրանք առաջադրվեց Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետին:

Լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել նաև մենաշնորհների դեմ պայքարում: Նախքան Թավշյա հեղափոխությունը Հայաստանը համարվում էր նախկին ԽՍՀՄ և Արևելյան Եվրոպայի ամենամոնոպոլիզացված տնտեսություն ունեցող երկիրը, և մի շարք ապրանքատեսակների ներմուծման մենաշնորհը պատկանում էր իշխանությանը մոտ կանգնած օլիգարխներին: Վարչապետ դառնալուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում այլևս մենաշնորհներ չեն լինելու, և յուրաքանչյուր ոք կկարողանա ներմուծել այն ամենը, ինչ ցանկանում է: Իսկ իր պաշտոնավարման առաջին 100 օրն ամփոփող հանրահավաքում նա հայտարարեց, որ շաքարավազի և բանանի մենաշնորհները վերացնելու համար իրեն անհրաժեշտ եղավ ընդամենը 40 րոպե:

Սակայն, պետք է նշել նաև, որ չնայած կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարում իշխանության ունեցած ակնհայտ հաջողություններին` մասնագետները դեռևս որոշակի խնդիրներ են տեսնում, որոնք լուծման կարիք ունեն: Մասնավորապես, Հայաստանի իրավապաշտպան կազմակերպությունները դժգոհություններ ունեն կոռուպցիայի դեմ պայքարում առկա տեմպերից: Հեղափոխությունից հետո Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ շուտով կոռուպցիայի դեմ պայքարող նոր մարմին է ստեղծվելու։ «Կառավարությունն առաջիկայում նախատեսում է ստեղծել անհրաժեշտ երաշխիքներով և գործիքակազմով օժտված հակակոռուպցիոն մարմին: Ընդ որում, մարմինն իրավասու է լինելու իրականացնել կանխարգելիչ, օպերատիվ-հետախուզական և կրթական գործառույթներ: Կուզենայի շեշտել, որ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցներն այդ մարմնի լիարժեք անկախությունն ապահովելու նպատակով», – նշել է Զեյնալյանը:

Իսկ ընթացիկ տարվա հունվարին ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման դրեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրի նախագիծը, որն արժանացավ իրավապաշտպանների խիստ քննադատությանը: Այսպես, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ նախարարությունը մտադիր է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմնական փոփոխությունները (կապված ապօրինի հարստացման, միասնական մարմնի ստեղծման և այլնի հետ) իրականացնել միայն 2021-2022թթ․, մինչդեռ Ուկրաինայում դա արվեց հեղափոխությունից ընդամենը մեկ տարի հետո: Իոաննիսյանը նաև նշել է, որ հին ռազմավարության համեմատ ընդամենը մեկ-երկու փոփոխություն է նախատեսվում, այն էլ դրանք նախատեսվում են իրականացնել 3-4 տարի հետո: 

Բացի այդ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի կայքում հրապարակվեց 8 կազմակերպությունների հայտարարությունը հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ։ ՀԿ-ները բարձրաձայնում են, որ «ինչպես նախագծի մշակման գործընթացը, այնպես էլ դրա կառուցվածքը և բովանդակությունը խնդրահարույց են»։ Այդ կազմակերպությունները նաև պահանջում էին «կասեցնել նախագծի ընդունման գործընթացը և հնարավորինս սեղմ ժամկետում վերանայել փաստաթուղթը՝ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ»։  

Ինչ վերաբերում է համակարգային կոռուպցիան վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին ԵԽԽՎ-ում հնչեցրած հայտարարությանը, ապա ըստ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի՝ թեև համակարգային կոռուպցիայի երևույթներ առայժմ չկան, բայց չի կարելի ասել, որ այն արմատախիլ է արվել․ վտանգ կա, որ այն պայմանները, որոնք առաջացնում էին համակարգային կոռուպցիա, լիովին վերացված չեն: Նրա կարծիքով՝ մոնոպոլիստների, գերիշխող դիրք ունեցողների կողմից ապօրինի մեթոդները մրցակցության մեջ այլևս չեն կիրառվում, բայց դա չի նշանակում, որ մենաշնորհները վերացել են: «Բացի իրավական ապօրինություններից, մոնոպոլիզմը նաև տնտեսական բնույթ ունի, այսինքն՝ այն ընկերությունները, որոնք գերիշխող դիրք ունեին տնտեսության մեջ, զուտ իրավական, քաղաքական մեխանիզմներով չեն վերանա, չեն արգելելու գործել, բնական է՝ ոչ մի քաղաքակիրթ երկրում այդպիսի բան չի կարող արվել: Մենաշնորհները վերացնելու համար պետք է լինեն տնտեսական մեխանիզմներ, որոնք շատ ավելի դժվար է ստեղծել»-նշել է Հոկտանյանը:

Պետք է նշել նաև, որ չնայած կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի նոր իշխանությունների իրականացրած քայլերին և ունեցած որոշակի հաջողություններին՝ 2019թ. տարեսկզբին Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության հրապարակած կոռուպցիայի ընկալման ամենամյա ինդեքսում 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 105-րդ տեղը: Նախորդ տարիների համեմատ Հայաստանի միավորները մնացել են նույնը, չնչին փոփոխություն է գրանցվել միայն հորիզոնականի հարցում։ Մասնավորապես, 2017թ․ Հայաստանը 35 միավորով գտնվում էր 107-րդ հորիզոնականում, իսկ 2016թ․՝ 33 միավորով՝ 113-րդ հորիզոնականում:

Որոշակի դժգոհություններ կան նաև մենաշնորհների դեմ պայքարի առումով: Այստեղ էլ չնայած շուկայի ազատականացման հարցում կառավարության գործադրած ջանքերին՝ շատ տնտեսագետներ նշում են, որ դեռևս կան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, որոնք զբաղեցնում են շուկայի մեծ մասը: Խոսքը մասնավորապես շաքարավազի և դիզվառելիքի շուկաների մասին է:

Ազատ և արդար ընտրությունների անցկացում

Հայաստանի նոր իշխանությունների ամենակարևոր ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ տևական ընդմիջումից հետո անցկացվեցին 1991թ․-ից ի վեր առաջին ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները: Այսպես, 2018թ. սեպտեմբերին տեղի ունեցած Երևանի ավագանու, իսկ դեկտեմբերի 9-ին՝ խորհրդարանական ընտրությունները հայաստանյան և միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչվեցին ազատ և արդար, իսկ ընտրությունների արդյունքները որևէ քաղաքական ուժի կողմից չվիճարկվեցին ՀՀ Սահմանադրական դատարանում, և տեղի չունեցան հետընտրական բողոքի ցույցեր: Մասնավորապես, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ իր վերջնական զեկույցում նշում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը, քաղաքական բաց բանավեճը, այդ թվում՝ ԶԼՄ-ներում, նպաստել է աշխույժ քարոզարշավի անցկացմանը: Կանխամտածված ընտրախախտումների, այդ թվում՝ ընտրակաշառքի և ընտրողների վրա ճնշումների ընդհանուր բացակայությունն իրական մրցակցության հնարավորություն է ընձեռել: Ընտրությունների օրն ընթացել է հանգիստ և խաղաղ, որի բոլոր փուլերը դրական են գնահատվել ԸՄԴԱ (Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելություն) գրեթե բոլոր դիտորդների կողմից, ովքեր նաև նշել են ընթացակարգերի հետ ընդհանուր համապատասխանության մասին: Որպես թերություն ԵԱՀԿ  ԺՀՄԻԳ-ը նշել է առցանց սադրիչ հռետորաբանության դեպքերը և նաև այն, որ քարոզարշավի ֆինանսավորման ամբողջականությունը խաթարվել է կարգավորման, հաշվետվողականության և թափանցիկության պակասի պատճառով:

Ժողովրդավարության վիճակը հետհեղափոխական Հայաստանում

Ընթացիկ տարվա փետրվարին միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հրապարակել է աշխարհում ժողովրդավարության զարգացման վերաբերյալ իր տարեկան զեկույցը: Ըստ այդ զեկույցի՝ Հայաստանը 2018թ. մի շարք այլ երկրների հետ արձանագրել է անսպասելի առաջընթաց ժողովրդավարացման տեսանկյունից: Կազմակերպության դասակարգմամբ՝ Հայաստանը շարունակում է դասվել մասնակի ազատ երկրների շարքին՝ անցած տարի գրանցելով դրական միտում դեպի ժողովրդավարացում: Տարածաշրջանի երկրներից Հայաստանի հետ մեկտեղ նաև Վրաստանն է, որը, ըստ Freedom House-ի, ունի մասնակի ազատ երկրի կարգավիճակ: Տարածաշրջանի մյուս երկրները, մասնավորապես՝ Թուրքիան, Իրանը և Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, դասվում են ոչ ազատ երկրների շարքին: Freedom House-ի զեկույցն առանձին վերնագրով ընդգծել է Հայաստանում արձանագրած փոփոխությունները՝ դրանք որակելով առաջընթաց, ըստ որի՝ Հայաստանում տեղի ունեցած զանգվածային ոչ բռնի բողոքի ալիքը ստիպեց նախկին իշխանություններին արձագանքել հանրային պահանջին, և  դրա արդյունքում իշխանությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ անցավ դեպի բարեփոխումներ հակված ուժին:

Զեկույցում Freedom House կազմակերպության եվրասիական տարածաշրջանի գծով տնօրեն Մարկ Բեհրենդըթը դրական միտումների հետ մեկտեղ, սակայն, ընդգծել է քննադատական մոտեցման և իշխանության պատասխանատվության անհրաժեշտությունը: «Շատ կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունը, որը երկար տարիներ իշխանությունից դուրս էր, այժմ հնարավորություն է ստացել համագործակցել կառավարության հետ, սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է, որ այն լինի քննադատող և ստիպի իշխանությանը լինել պատասխանատու»,- նշել է Բեհրենդըթը:

Հայաստանում ժողովրդավարացման միտումներին արձագանքել է նաև բրիտանական Economist intelligence unit հետազոտական և խորհրդատվական հեղինակավոր ընկերությունը, որը, վերլուծելով աշխարհում անցած տարի տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները, Հայաստանը դասել է հաղթողների և ամենամեծ առաջընթացն արձանագրած երկրների շարքում: Հեղինակավոր կենտրոնը նշել է. «2018թ․՝ խաղաղ իշխանափոխությունից հետո, Հայաստանը միանգամից ութ կետով բարելավել է դիրքերը և այժմ զբաղեցնում է 103-րդ հորիզոնականը 167 երկրների շարքում»: Ժողովրդավարության վերաբերյալ այս գնահատականը փորձագետները տալիս են` հաշվի առնելով հինգ հիմնական չափորոշիչ` ընտրությունների արդարությունը, բազմակարծությունը, քաղաքական մշակույթը, կառավարման արդյունավետությունն ու հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտում։ «Այս բոլոր ոլորտներում Հայաստանն անցած տարի զգալիորեն բարելավել է դիրքերը, ընդ որում, առաջընթացի այդ տեմպն ամենամեծն է եղել Արևելյան Եվրոպայի հիբրիդային պետությունների շարքում», – նշել է Economist intelligence unit-ը:  

Որպես Հայաստանում արձանագրված ժողովրդավարության վիճակի բարելավման օրինակ պետք է նշել նաև այս տարվա ապրիլին հրապարակված Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը, որտեղ համազեկուցողները ողջունել են երկրում իրականացվող բարեփոխումները: «Մենք ողջունում ենք պատրաստվող բարեփոխումների մեծ մասը, որոնք վերաբերվում են դատական իշխանության անկախությանը, նոր քրեական քաղաքականության ընդունմանը, կոռուպցիայի և խտրականության  դեմ պայքարի ինստիտուտների ստեղծմանը»,- նշել են համազեկուցողները:  

Ըստ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի՝ Հայաստանն անցնում է Եվրոպայի խորհրդի մոնիտորինգի նոր ձևաչափի: Այսուհետ մոնիտորինգը կիրականացվի «Հայաստանի հետ համագործակցության ընթացքի պարբերական դիտարկման» միջոցով, որը փաստացի փոխարինում է  «հետանդամակցային»՝ մոնիտորինգի ձևաչափին։

Զգալի առաջընթաց է գրանցվել նաև մամուլի ազատության ոլորտում, ինչն ընթացիկ տարվա ապրիլին արձանագրվեց նաև «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած 2019թ. աշխարհում մամուլի ազատության ինդեքսը (2019 World Press Freedom Index) զեկույցում, որի համաձայն՝ Հայաստանը 2019թ. 19 կետով առաջընթաց է ունեցել՝ 79-րդ տեղից զբաղեցնելով 61-րդ տեղը։ Սակայն միևնույն ժամանակ նշվում է նաև, որ Հայաստանում մեդիա լանդշաֆտը բազմազան է, բայց բևեռացված և հիմնական հեռուստատեսային ալիքների քաղաքականությունը համընկնում է սեփականատերերի շահերին։ «Այլ խոսքերով՝ լրագրողական անկախությունն ու լրատվամիջոցի թափանցիկ սեփականատիրությունը շարունակում է լինել մեծ մարտահրավեր»,-ասվում է զեկույցում։

Այս ամենի հետ մեկտեղ կան լրջագույն խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Դեռևս լուրջ բարեփոխումների կարիք ունեն դատական համակարգը և իրավապահ մարմինները: Դատական համակարգում և իրավապահ մարմիններում շարունակում են մնալ մարդիկ, որոնք տարիներ շարունակ ոտնձգություններ են կատարել ժողովրդավարության և արդարադատության հանդեպ, դատավորները, քննիչները և այլոք չեն գործել անկախ և այժմ էլ շարունակում են մնալ այդ համակարգերում: Հասարակության մոտ նաև դժգոհություններ կան ընտրողական արդարադատության առումով, քանի որ նախկին իշխանությունների օրոք պաշտոններ զբաղեցրած և կոռումպացված բազմաթիվ պաշտոնյաներ դեռևս ազատության մեջ են:

Տնտեսական վիճակը Հայաստանում

Հեղափոխությունից որոշ ժամանակ անց վարչապետ Փաշինյանն առաջարկեց «Տնտեսական հեղափոխության հայեցակարգը», որով նախատեսվում է թռիչքաձև տնտեսական աճ գրանցել նաև տնտեսության մեջ: Տնտեսության մեջ բեկում մտցնելու և նոր ներդրումներ ներգրավելու համար կառավարությունը որոշակի կարևոր քայլեր է ձեռնարկել: Ինչպես արդեն նշվել է վերևում, համակարգային կոռուպցիայի և մենաշնորհների վերացումը գրեթե իրողություն է: Բացի դրանից ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված կարևոր քայլերից պետք է առանձնացնել նաև Doing Business վարկանիշային աղյուսակում որոշակի առաջընթացը: 2018թ. հոկտեմբերի վերջին Համաշխարհային բանկը հրապարակեց «Գործարարություն 2019» (Doing Business) զեկույցը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 41-րդ տեղը՝  նախորդ տարվա 47-րդի համեմատ:  Զեկույցում նշվում է, որ 2017-2018թթ. Հայաստանն իրականացրեց գործարարության կարգավորման դաշտը բարելավող 5 բարեփոխումներ։ «Հայաստանը դյուրացրել է ընկերությունների հիմնումը, դյուրացրել է՝ հնարավորություն տալով իրավաբանական անձի գրանցման ժամանակ որպես ավելացված արժեքի հարկ վճարող կամավոր հաշվառվելու հնարավորություն։ Այս ամենի հետևանքով հիմա մեկ օրով պակաս ժամանակ է պահանջվում Հայաստանում ընկերություն գրանցելու համար»:

Որոշակի առաջընթաց է գրանցվել նաև ՀՆԱ-ի ցուցանիշում: 2018թ. տնտեսական աճը կազմել է 5,2%, նախորդ տարվա 7,5%-ի համեմատությամբ: Իհարկե, այս ցուցանիշով անկում է գրանցվել, սակայն շատ տնտեսագետների պնդմամբ՝ եթե նկատի ունենանք, որ հետհեղափոխական զարգացումները կարող էին ավելի վատ ցուցանիշներ ապահովել, ապա կարելի է արձանագրել, որ 2018թ. արձանագրված 12.4 մլրդ դոլար ՀՆԱ-ն 2017թ. 11.5 մլրդ. դոլար ՀՆԱ-ի համեմատությամբ փաստում է որոշակի առաջընթացի մասին: Աճել է նաև բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն: 2018թ. այն կազմել է 4186 դոլար` 2017թ. 3872 դոլարի համեմատ:

Այս ամենի հետ պետք է նշել նաև, որ անցած մեկ տարում էական զարգացումներ չեն արձանագրվել աղքատության, գործազրկության մակարդակների կրճատման ուղղությամբ: Մասնավորապես,  2018թ․Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 20,4% նախորդ տարվա 20,8%-ի համեմատությամբ, այսինքն այն նվազել է ընդամենը 0,4%-ով:

Արտաքին տնտեսական գործունեության շրջանակներում ՀՀ-ում նկատվել է որոշակի աշխուժություն, մասնավորապես արտահանման աճի տեմպը 2018թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 7,8%, իսկ ներմուծման աճի տեմպը՝ 21,1%: Իհարկե առևտրային հաշվեկշռի մնացորդը շարունակում է մնալ բացասական, սակայն նկատելի է արտաքին առևտրի ապրանքային կառուցվածքում որոշակի բազմազանություն՝ ի դեմս տեքստիլ արտադրանքի արտահանման ծավալների աճի:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐԱԾ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջան

Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բայց նաև կարծում է, որ բանակցային այդ ձևաչափը չի կարող լիարժեք համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկի՝ Արցախի ղեկավարությունը: Նրա պնդմամբ՝ ինքը կարող է բանակցել միայն Հայաստանի անունից, իսկ Արցախի անունից ադրբեջանական կողմի հետ պետք է բանակցի Արցախի նախագահը: Փաշինյանի այս պնդմանը կտրականապես դեմ է արտահայտվում Ադրբեջանի ղեկավարությունը` հայտարարելով, որ իրենք կբանակցեն միայն Հայաստանի իշխանության հետ: Ի վերջո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նախ մի քանի անգամ ոչ ֆորմալ հանդիպումներ ունեցան Մոսկվայում, Դուշանբեում և Դավոսում, ապա ընթացիկ տարվա մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Այս հանդիպումների ժամանակ ընդունված որոշումներից հատկապես ուշագրավ է նախորդ տարվա սեպտեմբերին Դուշանբեում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպմանը ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը, որով երկու երկրների ղեկավարները սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ համաձայնության հասան:  Պետք է նշել, որ այդ պայմանավորվածությունների շնորհիվ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում զգալիորեն նվազել է կրակոցների և զոհերի թիվը: Այսպես, 2017թ. հակառակորդի գնդակից զոհվել է 25 հայ զինծառայող, իսկ 2018թ. իշխանափոխությունից հետո՝ 1 տարվա ընթացքում, ունենք 7 զոհ: 

Սակայն այս ամենի հետ մեկտեղ հարկ է նշել նաև, որ այս տարվա մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հաղորդագրության մեջ այլևս որևէ բառ չկա արցախա-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ դիտորդական հնարավորություններն ընդլայնելու, ինչպես նաև շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ դեռևս 2016թ. Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ինչը նշանակում է, որ դրանք արդեն «ջրվել» են, և սա, անկասկած, Հայաստանի նոր իշխանության ձախողումն է:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշմանը, ապա պետք է նշել, որ Հայաստանի նոր իշխանությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր սեփական տեսլականը հստակ չի ներկայացրել: Վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Չունենք հայեցակարգ՝ ինչպես ենք ուզում լուծվի Ղարաբաղի հարցը»: Իսկ Հայաստանի և Արցախի կողմից հնարավոր փոխզիջումների չափի մասին հարցին Փաշինյանը նույնպես խուսափողական պատասխաններ է տալիս` նշելով, որ Հայաստանի իշխանություններն այդ մասին կխոսեն միայն այն ժամանակ, երբ փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին կխոսեն նաև Ադրբեջանի և Արցախի իշխանությունները:

Ռուսաստան

Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո հայաստանյան և արտերկրից շատ վերլուծաբանների և քաղաքագետների մոտ մտավախություններ կային, որ կարող են վատանալ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները: Մտահոգությունների պատճառն այն էր, որ Ռուսաստանում ի սկզբանե լավ չընդունեցին հայկական թավշյա հեղափոխությունը: Ճիշտ է՝ ռուս պաշտոնյաները բավականին զուսպ և հավասարակշռված հայտարարություններով էին հանդես գալիս հեղափոխության օրերին և դրանից հետո, սակայն ռուսական մեդիայում և որոշ փորձագետների կողմից Հայաստանի նոր իշխանությունների հասցեին բավականին սուր հրապարակումներ և հայտարարություններ եղան: Մասնավորապես, ռուսաստանյան մամուլում բազմաթիվ փորձագետներ և Կրեմլին մոտ կանգնած քաղաքական գործիչներ Երևանում ընթացող դեպքերը համեմատում էին ուկրաինական մայդանի հետ․ Փաշինյանը ներկայացվում էր որպես Արևմուտքի «ազդեցության գործակալ», որն իշխանության գալու դեպքում անմիջապես դուրս է գալու ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից: Իսկ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո ռուսական լրատվամիջոցներում հաճախ էին բարձրաձայնվում Հայաստանի նոր իշխանության մեջ Սորոսի հիմնադրամում աշխատած մարդկանց կողմից պաշտոններ զբաղեցնելու հարցը:

Ինչպես արդեն նշվեց վերևում, Ռուսաստանի պաշտոնական արձագանքը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ զուսպ էր, քանի որ թե՛ հեղափոխությունից առաջ և թե՛ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չի լինելու, և Երևանը հավատարիմ է մնալու Մոսկվայի հետ ռազմավարական դաշինքին։

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում փոքրիկ ճգնաժամ առաջացավ, երբ Մարտի 1-ի գործի շրջանակներում քրեական գործ հարուցվեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ: Մեկնաբանելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ներառումը Մարտի 1-ի գործում` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության հայտարարություններին, առ այն, որ քաղաքական հետապնդումներ չեն լինելու։ Ի պատասխան դրա՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում նոր իրավիճակ է, ու բոլորը պետք է ադապտացվեն դրան։ Դրանից հետո ՀՀ վարչապետը և կառավարության ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի քաղաքական իսթեբլիշմենթի հետ, և վերջին մի քանի ամիսներին Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածություն չի նկատվում:  

Հարաբերություններն Արևմուտքի հետ

Ի տարբերություն Ռուսաստանի` ԱՄՆ-ը և ԵՄ-ը զգուշավոր լավատեսությամբ ընդունեցին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը, բայց նաև իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի նոր իշխանություններին: Բրյուսելից և Վաշինգտոնից հստակ ուղերձներ հնչեցին առ այն, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ը պատրաստ են Հայաստանի նոր իշխանություններին աջակցել բարեփոխումներ իրականացնելու, ինչպես նաև Երևանին տրվող ֆինանսական օժանդակության ծավալները մեծացնելու հարցում:

Այս տեսանկյունից հատկապես արդյունավետ էր 2019թ. մարտին Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել: Այդ այցի ընթացքում ՀՀ վարչապետը մի շարք կարևոր հանդիպումներ ունեցավ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այսպես, Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարեց, որ Հայաստանին 2017-2020թթ․ համար նախատեսել են 176 մլն եվրոյի աջակցություն տրամադրել մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար բարեփոխումների համար:

Ավելի ուշ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Եվրամիությանը ներկայացրել են 13 նախագիծ, որոնց մի մասը կարելի է մեգանախագիծ անվանել: Ըստ նրա` Եվրամիությունը պատրաստ է մասնակցել այդ նախագծերի իրականացմանը, բայց Հայաստանի առջև պայման է դրվել, որպեսզի նա դառնա այդ ծրագրերի համաֆինանսավորող:

Մինչ այդ ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ի ֆինանսական հանձնառությունը Հայաստանին 20-25%-ով կավելանա։  «Կլինի էական ավելացում Հայաստանին հովանոցային ֆոնդից», – ասել է Սվիտալսկին, ապա հավելել, որ ԵՄ-ը բարձր է գնահատում ժողովրդավարական ու այլ բարեփոխումների ընթացքը Հայաստանում։

Միացյալ Նահանգները նույնպես մեծացրել է Հայաստանին տրվող ֆինանսական օգնության ծավալները: Այսպես, անցած տարվա հոկտեմբերին Հայաստանում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց, որ այս տարի Միացյալ Նահանգները 14 միլիոն դոլարով ավելացրել է Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, իսկ գալիք ֆինանսական տարվա համար նախատեսում է 20 միլիոն դոլարից ավելի հատկացնել, քան նախատեսված էր ի սկզբանե: Իսկ նախորդ տարվա աշնանն այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը հայտարարեց, որ «Միացյալ Նահանգները աջակցում է ժողովրդավար Հայաստանին և հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո Վաշինգտոնն ու Երևանը քննարկելու են հարաբերությունների խորացման հարցը»:

Հայաստանում սկսած ժողովրդավարացման գործընթացը ողջունեց նաև անցած տարվա հոկտեմբերին Հայաստան ժամանած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Երևանում Ջոն Բոլթոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ի տեսանկյունից որքան ավելի ուժեղ է ժողովրդավարությունը, այդքան ավելի մեծ է հնարավորությունը շփվելու Միացյալ Նահանգների և նույն արժեքները կրող այլ երկրների հետ։ Պետք է նշել նաև, որ դա վերջին տասնամյակում ամերիկյան ամենաբարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակության այցն էր Հայաստան»:

Օրերս էլ Երևանում տեղի ունեցավ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը, որի ընթացքում Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ստորագրեցին աջակցության համաձայնագրեր, որոնցով տնտեսական աճի խթանման և արդյունավետ կառավարման նպատակով հստակեցվում է մինչև 16 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում: ԱՄՆ ՄԶԳ-ը նաև ազդարարեց 2-3 տարի տևողությամբ նոր նախաձեռնության մասին, որի անդրանիկ տարվա համար նախատեսված է 6 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում:  

Այս ամենի հետ մեկտեղ պետք է նշել նաև, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա որոշակիորեն ստվեր գցեց բժիշկներից, ականազերծողներից և նրանց անվտանգությունն ապահովող մասնագետներից կազմված մարդասիրական առաքելություն Սիրիա ուղարկելու Հայաստանի կառավարության նախորդ տարվա ընդունած որոշումը: «Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները, այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության: Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով», -նշվում է լրատվամիջոցների հարցումներին Պետդեպարտամենտի տված պատասխանում, որը տարածել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Հարաբերությունները մյուս հարևանների հետ

Վրաստան

Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր առաջին օտարերկրյա պաշտոնական այցը կատարեց Վրաստան: Շատ կարևոր են նրա կողմից հղված այն ուղերձները, ըստ որոնց՝ Վրաստանը և Հայաստանը պետք է աշխարհաքաղաքական գործոնների շրջանակից դուրս հարաբերություններ կառուցեն: «Կարծում եմ՝ մեր հարաբերությունները պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական ազդեցությունից: Երբեմն մեր հարաբերությունների վրա են ազդում աշխարհաքաղաքական գործոններ, և, ցավոք, այդ գործոնները ոչ միշտ են դրական: Երբեմն ունենք բացասական հետևանքներ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Վրաստանի Հանրային հեռարձակողին տված հարցազրույցում: Սա նշանակում է, որ Հայաստանի նոր իշխանությունը զարգացնելու է հարաբերությունները Վրաստանի հետ՝ չնայած Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում գոյություն ունեցող լարվածությանը:

Իրան

Փետրվարի 27-ին տեղի ունեցավ վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան, որտեղ նա բարձր մակարդակի հանդիպումներ ունեցավ այդ երկրի իսթեբլիշմենթի հետ: Ուշագրավ էր հատկապես Հայաստանն իրանական գազի համար դեպի Վրաստան տարանցիկ երկիր դարձնելու պատրաստակամության մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը: Բացի դրանից կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում հարաբերությունների խորացման վերաբերյալ:  

Թուրքիա

Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա պետք է ասել, որ այս հարցում որևէ տեղաշարժ վերջին մեկ տարում չի եղել: Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն այսօր էլ պատրաստ է հարաբերություններ հաստատել Անկարայի հետ, սակայն՝ առանց նախապայմանների: «Դուք գիտեք, որ նախապայմաններ առաջ է քաշում Թուրքիան։ Թուրքիայի պահանջներն անտրամաբանական են, քանի որ տրամաբանական չէ ինչ-որ երկրի հետ հարաբերություններ հաստատելու համար երրորդ երկրի վերաբերյալ պայման առաջ քաշելը։ Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը և պատրաստ ենք հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Միաժամանակ հավատարիմ ենք մնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգին», – հայտարարեց ՀՀ վարչապետը:

Ի պատասխան ՀՀ վարչապետի հայտարարությունների՝ թուրքական կողմը հայտարարեց, որ պատրաստ է դիտարկել երկկողմ հարաբերությունները նոր էջից սկսելու վերաբերյալ Հայաստանի նորընտիր վարչապետի ցանկացած առաջարկ: Սակայն խոսելով հարաբերությունների կարգավորման մասին՝ Անկարան հետ չի կանգնում նախապայմաններից: «Հայաստանը պետք է հրաժարվի Թուրքիայի հանդեպ ունեցած թշնամական վերաբերմունքից: Իհարկե, եթե տեսնենք, որ Հայաստանը հրաժարվում է տարիներ շարունակ Թուրքիայի նկատմամբ ունեցած իր թշնամական վերաբերմունքից, Թուրքիայի տարածքային ամբողջականության, սահմաններին ուղղված սխալ մոտեցումներից և ուզում է նոր էջ բացել, ապա մենք կդիտարկենք մանրամասները և ընդառաջ կգնանք», – հայտարարեց Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

Անկասկած, Հայաստանի նոր իշխանությունների առջև կանգնած են լուրջ մարտահրավերներ: Այդ մարտահրավերներից պետք է առանձնացնել մի քանիսը: Առաջինը նախորդ ռեժիմի ռևանշիստական նկրտումներն են: Արդեն իսկ սկսվել է Մարտի 1-ի գործով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, և տեղեկություններ կան, որ նրա կողմնակիցները մարզերում և Երևանում գրասենյակներ են բացում, կողմնակիցներ հավաքագրում: Ամենայն հավանակնությամբ Քոչարյանի դատավարությունը կուղեկցվի բողոքի մեծ ցույցերով, և նրա կողմնակիցները կփորձեն սրել ներքաղաքական վիճակը: Վերջերս էլ Հայաստանի երկրորդ նախագահը Reuters գործակալությանը տված գրավոր հարցազրույցում հայտարարեց, որ հզոր ընդդիմադիր ուժերը միավորվում են մարտահրավեր նետելու Հայաստանի նոր իշխանություններին, և ինքը հույս ունի, որ այդ ուժերի թվում կլինի:

Եվս մեկ լուրջ մարտահրավեր է տնտեսության մեջ ներդրումների փոքր ծավալները, տնտեսական աճի տեմպերը և արտաքին պարտքի մեծ բեռը: Չնայած իշխանությունների կողմից բիզնես միջավայրի բարելավման և նոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ ձեռնարկված ջանքերին՝ այնուամենայնիվ, ներդրումների մեծ ալիք չկա, ինչի մասին օրերս հայտարարեց նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:  Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը 2018թ. կազմել է 254,3 մլն դոլար` նախորդ տարվա 249,8 միլիոնի դիմաց:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ երկրում ներդրումներ ներգրավելուն խոչընդոտում են մի քանի հանգամանքներ` առաջինը լողացող փոխարժեքի քաղաքականությունն է, որն արդեն 17 տարի վարվում է նախկին վարչապետի կողմից անհասկանալի պատճառով: Այնուհետև Բագրատյանի խոսքով՝ եթե փորձում ենք ներդրումներ բերել, ուղղակի հարկերի տեսակարար կշիռը պետք է բարձրացվի, մինչդեռ Հարկային օրենսգրքի նախագծում նախատեսվում է բարձրացնել անուղղակի հարկերը։ Նախկին վարչապետի համոզմամբ՝ ներդրումներին խոչընդոտ են նաև ընտրովի արտոնությունները․ «Հարկային արտոնությունների տրամադրումը պետք է բացառվի՝ կամ բոլորին են տրամադրվում, կամ ոչ մեկին»:

Որպես ներդրումները խոչընդոտող լուրջ գործոն կարելի է առանձնացնել նաև Ամուլսարի խնդիրը: Մի քանի տարի առաջ անգլո-ամերիկյան «Lidian International» Հայաստանում ստացել է Ամուլսարի հանքավայրը շահագործելու իրավունք, և ըստ ընկերության տվյալների` իր գործունեության ընթացքում 400 մլն դոլարի ներդրում է իրականացվել: Եվս 100 մլն դոլար ընկերությունը խոստացել էր ներդնել մինչև 2018թ. վերջը։ Սակայն Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո արդեն մեկ տարի է՝ բնապահպանները թույլ չեն տալիս շահագործել հանքավայրը: Կազմակերպությունը սպառնացել է դիմել միջազգային արբիտրաժային դատարան: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց, որ եթե ՀՀ կառավարությունն արագ լուծում չտա Ամուլսարի հարցին, ապա ներդրողների վստահությունը Հայաստանի նկատմամբ կթուլանա, իսկ նախորդ տարվա հոկտեմբերին պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը Հայաստանին կոչ արեց հարգել ստորագրված պայմանագրերը:

Բավականին մտահոգիչ է արտաքին պարտքի մեծացման տեմպերը: 2019թ․ Հայաստանը 512 մլն դոլարով կավելացնի պետական պարտքը, որից 21 մլն դոլարը` Կենտրոնական բանկի գծով: Այդ մասին անցած տարվա վերջին հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ընդհանուր առմամբ, 2019թ․ վերջին պետական ​​պարտքը կաճի մինչև 7.468 մլրդ դոլար, ինչը կկազմի ՀՆԱ-ի 55%-ը, իսկ կառավարության ​​պարտքը կկազմի 6 մլրդ 844.5 մլն: Արտաքին պարտքի սպասարկման առումով ամենադժվարը լինելու է 2020թ., քանի որ հաջորդ տարի պետք է մարվի 500 մլն դոլարի պարտք: Նոր վարկերից ամենամեծը նախատեսվում է ստանալ Ռուսաստանի Դաշնությունից՝ 343 մլն դոլարի չափով, երկրորդ տեղում Ասիական զարգացման բանկն է՝ 53.1 մլն դոլարով, ապա Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը՝ 50.4 մլն դոլարով։ 

Հայաստանի համար ևս մեկ լրջագույն մարտահրավեր է Ռուսաստանից ունեցած կախվածությունը: Հեղափոխությունից հետո էլ Հայաստանը շարունակում է ՄԱԿ-ում քվեարկել այնպես, ինչպես քվեարկում է Ռուսաստանը՝ այդպիսով հակադրվելով Արևմուտքին: Թվում է՝ հենց Ռուսաստանին հանգստացնելու համար Հայաստանի իշխանությունները որոշում կայացրեցին մարդասիրական առաքելություն ուղարկել Սիրիա, ինչն ակնհայտորեն լավ ընդունվեց Մոսկվայում և ոչ բարեհաճ վերաբերմունքի արժանացավ Վաշինգտոնում:

Մեծ մարտահրավեր է նաև ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելը: Նախկին իշխանությունների հետ կապված և որոշ այլ շրջանակներ անընդհատ լուրեր են տարածում, որ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի հարցում պարտվողական քաղաքականություն է վարում և պատրաստվում է տարածքներ զիջել Ադրբեջանին: Մյուս կողմից էլ միջազգային հանրության կողմից Հայաստանի լեգիտիմ իշխանություններից լուրջ սպասումներ կան, որպեսզի ղարաբաղյան հակամարտության հարցում վերջինս գնա համարձակ քայլերի և հակամարտությունը վերջնականապես լուծվի խաղաղ ճանապարհով ու փոխզիջումների միջոցով:

ԴԵՊԻ Ո՞ՒՐ Է ԳՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Վերջին մեկ տարում տեղի ունեցած բեկումնային փոփոխություններից հետո շատ կարևոր է հասկանալ, թե դեպի ուր է գնում Հայաստանը: Ակնհայտ է, որ Հայաստանի` Ռուսաստանից ունեցած չափից ավելի մեծ կախվածության և ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելու հետևանքով առաջիկա տարիներին աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն չի լինելու: Սակայն շատ կարևոր է, որ Հայաստանն աստիճանաբար, քայլ առ քայլ նվազեցնի Ռուսաստանից ունեցած կախվածությունը, որպեսզի այդ երկրի կողմից կոշտ հակազդեցություն չլինի: Շատ կարևոր են նաև ժողովրդավարական բարեփոխումները, որպեսզի Հայաստանն առաջիկա տարիներին վերջնականապես դասվի ժողովրդավարական երկրների շարքը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանում ժողովրդավարության հաստատման գործընթացն անշրջելի է, և որ վերադարձ անցյալին չի լինելու: Սակայն, քանի դեռ պետական ինստիտուտները կայացած չեն, նախորդ ռեժիմի կողմից ռևանշը տեսականորեն բացառված չէ: Ուստի Հայաստանի նոր իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի կայանան պետական ինստիտուտները, լիովին գործի իշխանությունների տարանջատման սկզբունքը, պետության մեջ աշխատի «զսպումների և հակակշիռների» համակարգը:  Միայն դրանից հետո կարելի կլինի վերջնականապես ասել, որ Հայաստանի ժողովրդավարությունն ամուր և կայուն է, և այլևս վերադարձ դեպի ոչ ժողովրդավարական համակարգին չի լինելու: