Հայաստանն ու Չինաստանը ունեն ընդհանուր շահեր. Նիկոլ Փաշինյանը Պեկինում

1192

Նիկոլ Փաշինյանի առաջին օրը Չինաստանում

Չինաստանը վերջին տարիներին երկրորդ անփոփոխ տեղն է զբաղեցնում Հայաստանի առևտրատնտեսական գործընկերների շարքում՝ զիջելով միայն Ռուսաստանին: 2018 թվականին երկկողմ ապրանքաշրջանառությունը հասել է գրեթե 800 միլիոն դոլարի: Հայկական մեծածախ և մանրածախ շուկայում չինական ապրանքատեսականին բազմաթիվ է:

Հայաստանը չինական շուկա հիմնականում հանքանյութ է արտահանում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Չինաստան կարող է նոր խթան հաղորդել հայ-չինական տնտեսական, քաղաքական և մշակութային հարաբերություններին:

Այցի առաջին օրը՝ մայիսի 14-ին, Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Վերջինիս խոսքերով՝ հայկական որոշակի արտադրատեսակներ վերջին շրջանում հաջողությամբ մասնակցել են Չինաստանում անցկացված ցուցահանդեսներին և ներկայացված են չինական շուկայում: Սի Ծինփինը վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցությունն առաջիկայում կզարգանա առևտրաշրջանառության, արդյունաբերության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար ոլորտներում: Չինաստանի նախագահը ասել է, որ իր երկիրը հետագայում ևս աջակցություն է ցուցաբերելու այնպիսի նախագծերին, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու հայ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը:

Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, ասել է Ծինփինը:

«Չինաստանի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է: Մեր երկու ժողովուրդները ներկայացնում են հին քաղաքակրթություններ, հայկական ձեռագրերում դեռ հինգերորդ դարում նկարագրվում է երկու ժողովուրդների կապերի մասին: Այդ կապերն ունեցել են առևտրային, հումանիտար և քաղաքական բնույթ: Մեզ համար շատ կարևոր են կառուցողական և արդյունավետ հարաբերությունները Չինաստանի հետ»,- նախագահ Ծինփինի հետ հանդիպմանն ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետն ասել է, որ տպավորված է Չինաստանի զարգացման օրինակով և ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստանի հետ համատեղ նախագծերի իրականացմամբ, որոնք կներառեն ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտները:

Փաշինյանը Ծինփինին է ներկայացրել Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները և ընդգծել, որ այսօր Հայաստանը դինամիկ զարգացող պետություն է` քաղաքական կայունությամբ և կանխատեսելիությամբ: Վարչապետի խորհրդական Հրաչյա Թաշչյանը հայ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի և Չինաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում նախանշվել են ռազմավարական ուղղությունները՝ ենթակառուցվածքային ծրագրեր, էներգետիկա, հանքարդյունաբերություն։ Խոսվել է չինական շուկայում հայկական ապրանքների առաջմղման հարցի մասին։

«Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ հարցում։ Խոսքը հայկական կոնյակի, գինու, գյուղատնտեսական ապրանքների մասին է։ Քննարկվել է Հայաստանի մասնակցությունը տարբեր առևտրային
միջոցառումների, որի միջոցով ավելի լայն հնարավորություն կլինի ներկայացնել հայկական ապրանքները»,- ասաց վարչապետի խորհրդականը:

«Փաշինյանը հայ-չինական համագործակցությունը որոկեց երկարաժամկետ և հեռանկարային»,- ասաց Թաշչյանը:

Նիկոլ Փաշինյանը Չինաստանում է՝ մասնակցելու «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» առաջին համաժողովին: Սա առաջին նման միջոցառումն է, որին մասնակցում են նաև Հնդկաստանի, Հունաստանի, Սինգապուրի, Շրի Լանկայի և Կամբոջայի ղեկավարները։

Չինաստանի նախագահը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում խոսել է հայ-չինական մշակութային և պատմական ամուր փոխհարաբերությունների մասին: «Մենք հայ ժողովրդին լավ ենք ճանաչում, մեզ հայտնի են Արամ Խաչատրյանի, Արտեմ Միկոյանի, Հովհաննես Թումանյանի անունները: Մեզ միավորում են քաղաքակրթությունների համագործակցության ընդհանուր նպատակները: Մենք քաջածանոթ ենք Հայաստանի պատմական նշանակալի իրադարձություններին: Համոզված ենք, որ ապագայում պետք է բացառվեն հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերը»,- ասել է Սի Ծինփինը:

Նիկոլ Փաշինյանի երկրորդ օրը Պեկինում

Հայաստանի վարչապետը հանդիպել էր Չինաստանի վարչապետի հետ, ելույթ ունեցել Պեկինի համաժողովում

Աշխատանքային եռօրյա այցով Չինաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպել է իր չին գործընկեր Լի Քըցյանի հետ:

«Հայաստանն ու Չինաստանն ունեն ընդհանուր շահեր։ Ես կարծում եմ, որ այս այցելությունը նոր խթան կլինի աշխատելու այն ծրագրերի շուրջ, որոնցում ներկայացված են Հայաստանի ու Չինաստանի շահերը»,-ասաց Փաշինյանը։

Հայ-չինական բանակցությունները երկու երկրների վարչապետները շարունակել են ճաշի ընթացքում:

Իր գործընկեր Լի Քըցյանի հետ հանդիպումից առաջ Փաշինյանը մասնակցեց «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին, որը հրավիրվում է առաջին անգամ և տեղի է ունենում Չինաստանի նախագահի ներկայությամբ:

Համաժողովին, որի նպատակն է ամրապնդել Ասիական տարածաշրջանի պետությունների կապերը, խորացնել տնտեսական համագործակցությունը, մասնակցում են 47 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Հունաստանի, Սինգապուրի ու Շրի Լանկայի նախագահները, Կամբոջայի թագավորը:

Համաժողովին իր ելույթում վարչապետ Փաշինյանը երախտագիտություն հայտնեց Չինաստանի կառավարությանը՝ ազգերի միջև փոխըմբռնման և համագործակցության  գաղափարները  ջատագովելու համար. «Բազմազան է մեր մոլորակի գեղեցկությունն ու մարդկային քաղաքակրթությունը: Բազմազանությունը  ծնում  է  երկխոսություն,  իսկ երկխոսությունը հանգեցնում է մշակութային փոխանակման և փոխադարձ հարստացման, որն էլ, ի վերջո, պայմաններ է ստեղծում առաջընթացի համար»:

Փաշինյանն ասաց, որ Հայաստանում և հայկական սփյուռքում հայերը պատմականորեն դավանել են այնպիսի աշխարհայացք, որը միշտ բաց է եղել տարբեր մշակույթների, ավանդույթների և կրոնների հետ փոխգործակցության համար: Այսօր մենք հայկական մշակութային ժառանգության կոթողների կարող ենք հանդիպել Երուսաղեմում և  Ստամբուլում, Թբիլիսիում և Բաքվում, Հոնկոնգում  և Կալկաթայում, Սինգապուրում և  Դաքայում` Մետաքսի մեծ ճանապարհին սփռված բոլոր խոշոր բնակավայրերում, ասաց նա, ընդգծելով, որ այս խորհրդաժողովի հենքում ընկած փիլիսոփայությունը միանգամայն համահունչ է Հայաստանի և հալ ժողովրդի դավանած արժեքներին:

Իր ելույթում Փաշինյանը ասաց, որ 2018-ին Հայաստանն ապրել է հիմնարար փոխակերպումներ, որոնք ծնունդ առան համազգային շարժման մեջ՝ արտացոլելով մեր ժողովրդի նվիրական  ձգտումը` ավելի լավ ապագա կերտել ներկա ու գալիք սերունդների  համար:

«Մեզ հաջողվեց կազմալուծել համակարգային կոռուպցիան և օլիգարխիկ տնտեսությունը,  ամրապնդել անկախ դատական  համակարգն ու հավասար պայմաններ ստեղծել բոլոր տնտեսվարողների համար: Մեր հիմնական նպատակն է կառուցել մրցունակ,  տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն՝ հիմնված հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա: Այսօր Հայաստանը կայուն կառավարմամբ դինամիկ զարգացող երկիր է, որն ունի կենսունակ  տնտեսություն և ժամանակակից  բազմակարծ հասարակություն»,- ասաց Փաշինյանը:

Այսօր, ինչպես և նախկինում, Հայաստանն իր առաջընթացի ուղին տեսնում է տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների  հետ փոխգործակցության մեջ: Հայաստանը դեմ է բաժանարար գծերին, արհեստական խոչընդոտներին և փակ  սահմաններին, որոնք թեև անհեթեթ են համարվում 21-րդ  դարում, սակայն  դեռևս  պահպանվում են Հայաստանի հարևանների կողմից` ստեղծելով անվտանգության  մարտահրավերներ ու տնտեսական խոչընդոտներ, ասաց Փաշինյանը:

«Հայաստանը ներգրավված է երկկողմ և բազմակողմ համագործակցության գործընթացներում,  որոնք ընդգրկում են ավելի լայն տարածաշրջան` լինի դա տնտեսական ինտեգրումը  Եվրասիական տնտեսական միության երկրների հետ, որտեղ Հայաստանը հիմնադիր անդամներից է, կամ փոխադարձ մերձեցումը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում,  կամ էլ մասնակցությունը «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնությանը,  որին  Հայաստանը միացել է 2015-ին: Խաչաձևվող  համագործակցության  շրջանակներում  ներգրավվածությունը դարձել է Հայաստանի առավելություններից մեկը»,- ասաց Փաշինյանը:

Այսօր երեկոյան Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում տեղի կունենա գալա համերգ, որին շրջանակներում նախատեսվում է Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի ելույթը: Այնտեղ ներկա կլինեն Փաշինյանն ու վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Թաթուլ Հակոբյան

Պեկին, Չինաստան

ՍիվիլՆեթ