Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լյուքսեմբուրգ, այսօր կլինի Բելգիայում, ապա կմեկնի Չինաստան

1385

Հայաստանի վարչապետը տիկնոջ հետ մայիսի 12-ից 13-ը աշխատանքային այցով կլինի Լյուքսեմբուրգում և Բելգիայում: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է մեկ նախարար՝ Հայաստանի թիվ մեկ դիվանագետ Զոհրաբ Մնացականյանը:

Այսօր, մայիսի 13-ին, Հայաստանի վարչապետը առանձնազրույց կունենա Լյուքսեմբուրգի իր գործընկեր Քսավյե Բեթելի հետ: Կեսօրից հետո Փաշինյանը ճաշ կունենա Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենի անունից, ապա կլինի հանդիպում պալատի պատգամավորների հետ:

Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգից կմեկնի Բրյուսել: Եվրոպական խորհրդի շենքում նրան կդիմավորի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Երեկոյան կլինի պաշտոնական ընթրիք Տուսկի անունից՝ նվիրված ԵՄ Արևելյան գործընկերության տասնամյակին: Ողջույնի խոսքեր են ասելու Տուսկը, ապա Լեհաստանի և Շվեդիայի նախկին արտգործնախարարներ Ռոդոսլավ Սիկորսկին ու Կառլ Բիլդտը: Հենց նրանց ժամանակ ու նրանց անմիջական մասնակցությամբ է նախաձեռնվել Արևելյան գործընկերությունը:

Ընթրիքի ընթացքում ելույթներ կունենան ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

Այսօր, մայիսի 13-ի ուշ երեկոյան, Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից կմեկնի Պեկին, Չինաստան:

Թաթուլ Հակոբյան

Լյուքսեմբուրգ

ՍիվիլՆեթ