Մայիս, 1994. ինչպես ռուսները պարտադրեցին զինադադար Արցախում

11210

Եթե չլինեին ռուսական կողմի ճնշումները, ապա 1994-ի մայիսին հայկական ուժերը ընդամենը օրերի ընթացքում կգրավեին ադրբեջանական մի շարք շրջաններ, և, հավանական է, որ դուրս գային ընդհուպ մինչև Կուր-Արաքսյան միջագետք։ Ճիշտ է՝ այսօր ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է, թե իբր Ադրբեջանը ոչ Ղարաբաղի, ոչ անգամ Հայաստանի, այլ Ռուսաստանի դեմ էր կռվում, և հայերն ընդամենը գործիք էին ռուսների ձեռքում ընդդեմ ադրբեջանցիների, իրականությունն այն է, որ հենց ռուսների հորդորով ու պահանջով հայկական ուժերը դադարեցրին ռազմական արշավը դեպի Ադրբեջանի խորքեր, և Մոսկվայի պարտադրանքով էր, որ անժամկետ զինադադար կնքվեց 1994-ի մայիսին։

Ի՞նչպես այդ ամենը եղավ։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովը 1994թ. փետրվարի 18-ին Մոսկվա հրավիրեց իր հայ և ադրբեջանցի գործընկերներ Սերժ Սարգսյանին և Մամեդռաֆի Մամեդովին: Ստորագրվեց արձանագրություն, որով մարտի 1-ից նախատեսվում էր կրակի դադարեցում: Հենց այդ արձանագրության հիմքով հնարավոր եղավ հասնել մայիսյան հրադադարին: Ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ գագաթաժողովում, որին ներկա էին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Հեյդար Ալիևը, ընդունվեց կրակը դադարեցնելու հայտարարություն:

Մայիսի 4-5-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում հավաքվեցին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի խորհրդարանների առաջին դեմքերը, բացի Ռասուլ Գուլիևից: Նախագահ Ալիևը մեկնել էր Բրյուսել, իսկ Գուլիևը մնացել էր Բաքվում՝ տնօրինելու երկրի գործերը մինչև Ալիևի վերադարձը: Այդ պատճառով Բիշքեկ էր մեկնել Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Աֆիյադդին Ջալիլովը: Հենց Բիշքեկում՝ ռուսների, առաջին հերթին ռուս միջնորդ Վլադիմիր Կազիմիրովի դիվանագիտական մեծ աշխատանքի շնորհիվ, կողմերը ստորագրեցին  արձանագրություն, որի էությունը ռազմական գործողությունների դադարեցման կոչն էր մայիսի 9-ի գիշերվանից: Հատուկ ընտրվել էր մայիսի 9-ի գիշերը, քանի որ Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հիշողության մեջ դա Հաղթանակի օրն էր Երկրորդ աշխարհամարտում՝ ընդդեմ Գերմանիայի:

Արձանագրության տակ ստորագրեցին Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, Ռուսաստանը, Ղրղզստանը (որպես հյուրընկալ կողմ) և ԱՊՀ-ի ու Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները: Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը մերժեց՝ պատճառաբանելով,  որ չի կարող ստորագրել, որովհետև փաստաթղթի տակ չկա «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Նիզամի Բահմանովի անունը»: Կազիմիրովը զանգահարեց Բաքու՝ Գուլիևին, փորձելով համոզել, որ նա իր տեղակալ Ջալիլովին լիազորի ստորագրելու: Քանի որ Գուլիևը մերժում էր, Կազիմիրովը Բիշքեկից շտապեց Բաքու:

Ալիևը Բրյուսելից արդեն վերադարձել էր Բաքու, և նա, Կազիմիրովի ներկայությամբ, Գուլիևին լիազորեց ստորագրել Բիշքեկյան արձանագրությունը: Մայիսի 9-ին Կազիմիրովը Բաքվում` հյուրանոցի իր համարում, շարադրում էր մեկ այլ` կրակի դադարեցման փաստաթուղթ, որի  մանրամասները համաձայնեցնում է Երևանի և Ստեփանակերտի հետ: Նույն օրն Ալիևի առանձնասենյակում պաշտպանության նախարար Մամեդովն իր ստորագրությունը դնում է այդ փաստաթղթի տակ: Հաջորդ օրը Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը՝ արձագանքելով Բիշքեկյան արձանագրության կոչին և ի կատարումն 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության դրույթների, նամակ են հղում Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաև Կազիմիրովին` հայտնելով 1994թ. մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հակամարտող կողմերի` կրակը դադարեցնելու պատրաստակամությունը:

Այսպիսով, մայիսի 12-ից զինադադար է հաստատվում: Մայիսյան զինադադարը հիշելով` Մամեդովն ասել է. «Մենք մարտական գործողություններ էինք վարում, կանգ առանք, անցանք պաշտպանության, հակառակորդը որոշեց, որ մենք անզոր ենք գրոհելու և կարող է հակագրոհի անցել: Եվ որպեսզի դա տեղի չունենա, անհրաժեշտ էր հասնել կրակի դադարեցման համաձայնագրի»:

2001թ. փետրվարի 23-ին Ադրբեջանի խորհրդարանում իր ելույթում Հեյդար Ալիևը, անդրադառնալով 1994-ի մայիսյան իրադարձություններին, ասել է.

«Ես նորից եմ կրկնում, որ մայիսյան հրադադարը շատ կարևոր քայլ էր, և դրան մենք գնացինք գիտակցելով: Չնայած դեռ խնդիրը չի կարգավորվել, զինադադարն անհրաժեշտ էր: Դժբախտաբար, շատերը մոռացել են պատերազմը, նրանք ապրում են հանգիստ ու հարմարավետ: Դժբախտաբար, նրանք մոռացել են պատերազմը»:

Մայիսի 12-ին հրադադարն ուժի մեջ է մտնում: Մայիսի 16-17-ին Մոսկվայում տեղի է ունենում Սարգսյանի, Մամեդովի և Բաբայանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվում է «1994թ. փետրվարի 18-ի արձանագրության իրականացման կարգի արձանագրությունը» փաստաթուղթը, որով նախատեսվում էր ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի տարանջատում, կողմերի միջև բուֆերային գոտու ստեղծում, խաղաղարար ուժերի տեղակայում: Փաստաթուղթը ստորագրում են Գրաչովը, Սարգսյանը և Բաբայանը: Մամեդովը փաստաթուղթը չի ստորագրում. նրան շտապ կանչում են Բաքու: Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել մոսկովյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը, սակայն հրադադարը դառնում է իրականություն:

Ահա այսպես է հաստատվել զինադադար, որը, թեև խախտումներով ու Ապրիլյան քառօրյա պատերազմով, դիպուկահարների կրակոցներով ու դիվերսիոն գործողություններով, հազարավոր նոր զոհերով ու վիրավորներով, պահպանվում է 1994-ի մայիսից մինչև այսօր:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ

Բիշքեկյան հանդիպում և արձանագրություն. 4-5 մայիսի, 1994թ.

ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի, Ռուսաստանի ԴաշնությանԴաշնային ժողովի և Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ 1994 թվականի մայիսի 4-5-ը Բիշքեկ քաղաքում անցկացված հանդիպման մասնակիցները.

-վճռականություն արտահայտեցին ամենայն կերպ օժանդակել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը զինված հակամարտության դադարեցմանը, որը ոչ միայն անուղղելի վնաս է հասցնում ադրբեջանական և հայ ժողովուրդներին, այլև էականորեն շոշափում է տարածաշրջանի մյուս երկրների շահերը, լրջորեն բարդացնում միջազգային իրավիճակը,

-պաշտպանելով ԱՊՀ պետությունների երկրների ղեկավարների 1994 թվականի ապրիլի 15-ի խորհրդի հայտարարությունը, պատրաստակամություն հայտնեցին լրիվ աջակցություն ցուցաբերել զինված դիմակայության դադարեցմանը և նրա հետևանքների վերացմանն ուղղված գործադիր իշխանության ներկայացուցիչների ու ղեկավարների ջանքերին` համապատասխան համաձայնագրի շուտափույթ կնքման միջոցով,

-հանդես եկան հակամարտության դադարեցման գործում Համագործակցության և Միջխորհրդարանական վեհաժողովի բնական ակտիվ դերի, դրա հետ կապված ՄԱԿ-ի և ԵԱՀԿ սկզբունքների, նպատակների և կոնկրետ խնդիրների իրագործման օգտին /ամենից առաջ Անվտանգության խորհրդի 822, 853, 874, 884 բանաձևեր/,

-կոչ արեցին բոլոր հակամարտող կողմերին լսել ողջախոհության ձայնը. մայիսի 8-ի լույս 9-ի կեսգիշերին դադարեցնելկրակը` հիմնվելով 1994 թվականի փետրվարի 18-ի արձանագրության վրա /այդ թվում և դիտորդների տեղակայմանմասով/, և արդյունավետ աշխատանքով սեղմ օրերի ընթացքում այն ամրապնդել հուսալի, իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի ստորագրման միջոցով, որը նախատեսում է ռազմական և թշնամական գործողությունները չվերսկսելու ապահովման մեխանիզմ, գրավված տարածքներից զորքերի դուրս բերում և հաղորդակցման ուղիների գործունեության վերականգնում, փախստականների վերադարձ,

-համաձայնվեցին առաջարկել ԱՊՀ անդամ-պետությունների խորհրդարաններին` քննարկել Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վ.Ֆ. Շումեյկոյի և վեհաժողովի խաղաղարար խմբի ղեկավար Մ.Շ.Շերիմկուլովի նախաձեռնությունը Համագործակցության խաղաղարար ուժերի ստեղծման մասին,

-նպատակահարմար գտան շարունակել նման հանդիպումները` ի շահ զինված հակամարտությունների խաղաղ լուծման,

-երախտագիտություն հայտնեցին Ղրղզստանի ժողովրդին և ղեկավարությանը` աշխատանքի համար հիանալի պայմաններ ստեղծելու, սրտաբացության և հյուրընկալության համար:

Պատվիրակությունների անունից`

Ա. Ջալիլով/Ռ.Գուլիևի ստորագրությունը/

Կ. Բաբուրյան

Բ. Արարկցյան

Վ. Շումեյկո

Մ. Շերիմկուլով

Վ. Կազիմիրով/Ռուսաստանի Դաշնության Նախագահի լիազոր ներկայացուցիչ, Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար/

Մ. Կրոտով/ԱՊՀ անդամ-պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավար/

Բիշքեկ, 5 մայիսի, 1994թ.