Նիկոլ Փաշինյանի պատասխանը Էրդողանին

1311

«Մահվան երթերի ուղարկված Օսմանյան կայսրության ողջ հայ բնակչությանը՝ Հայոց ցեղասպանության զոհերին «հայկական ավազակախմբեր և նրանց աջակիցներ» անվանելը, 1.5 միլիոն մարդ սպանելը և դա արդարացնելը՝ որպես «ամենաողջամիտ գործողություն» ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլ նաև մի ողջ ազգի սպանդի արդարացում: Նման բան հայտարարելը ապրիլի 24-ին ոչ միայն հայ ժողովրդին, այլ նաև ողջ մարդկությանը ուղղված վիրավորանք է, անձամբ Էրդողանի կողմից հնչեցված ծայրահեղ ատելության խոսք»,- «Թվիթերում» գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:

Հայերի տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր. Էրդողան

Ապրիլի 24-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Մեր արխիվների զարգացումը, տեսլականն ու պատմական հետազոտությունների խթանումը» խորագրով սիմպոզիումի ժամանակ անդրադարձել է «հայկական հարցին», որը թուրքական լրատվամիջոցները որակել են որպես «Էրդողանի 1915-ի ուղերձ»:  «Մեր արխիվների շնորհիվ է, որ կարող ենք կուրծք պատռելով ամբողջ աշխարհին ներկայացնել իրականությունը»,- ասել է օսմանյան արխիվների հարստությամբ մշտապես հպարտացող Էրդողանը:

Թուրքիայի նախագահն իր երկարաշունչ ճառում խոսել է խաչակրաց արշավանքների, Եվրոպայի գաղութային անցյալի, համաշխարհային պատերազմների մասին, խոսքը կառուցել քրիստոնյա-մահմեդական հարաբերությունների առանցքում և նշել, որ որևէ ցեղասպանության  կամ կոտորածի մեջ թուրքերը երբևէ ներգրավված չեն եղել, եղել են զոհերը:

«Մեր նախնյանց պես մենք էլ շարունակելու ենք կանգնել աշխարհի բոլոր  հալածյալների կողքին, մեր բարոյական պարտքն է նրանց վերքն ամոքելն ու արտասուքը սրբելը»,- ասել է Էրդողանը: «Պատմական եղելություններին հակառակ՝  հայկական հարցի միջոցով մեզ նեղը գցողների  այունոտ անցյալը ամեն առիթով պետք է իրենց երեսով տանք»,- ներկաներին ասել է Թուրքիայի նախագահը:

«Արևելյան Անատոլիայի մահմեդականներին, անգամ կանանց, երեխաներին ու ծերերին կոտորող հայկական հրոսակախմբերի ու նրանց աջակիցներիի տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր, որ կարելի էր կայացնել նման պայմաններում:  Տեղահանությունն այլ բան է, կոտորածը այլ: Ու՞մ եք խաբում: Մենք մեր արխիվները մինչև վերջ բացել ենք, է՜յ հայեր, թե արխիվներ ունեք, դուք էլ բացեք»,- ասել է Էրդողանը՝ կրկին արհեստականորեն արխիվների թեման ու Հայոց ցեղասպանության հարցը կապելով իրար:

Թուրքիաի նախագահը խոսքի սկզբում  նաև ասել է. «Օսմանյան արխիվային փաստաթղթերը հստակ ցույց են տալիս, թե ովքեր են այս տարածաշրջանի իրական տերերը:

Լուսանկարը՝ Սուրեն Մանվելյան