Ամենակարճ վարչապետը. Սերժ Սարգսյանը մեկ տարի առաջ այս օրը` 17 ապրիլ, 2018

1069

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ 2018 թվականի ապրիլի 17-ին, փշալարերով, ոստիկանական ուժերով և տասնյակ հազարավոր քաղաքացիներով շրջափակված Ազգային ժողովում, Սերժ Սարգսյանը ընտրվեց Հայաստանի վարչապետ և փաստացի երկրի ղեկավար, քանի որ նրա իսկ կողմից նախաձեռնած և փոփոխությունների ենթարկված Սահմանադրությունը երկիրը դարձրել էր վարչապետական:

Սերժ Սարգսյանին վարչապետ առաջադրեցին և 77 ձայնով նրա օգտին քվեարկեցին ՀՀԿ-ն և գործընկեր ՀՅԴ-ն, ինչպես նաև՝ Բարգավաճ Հայաստանի մի հատվածը: Ելք դաշինքից Լուսավոր Հայաստանն ու Հանրապետությունը Ազգային ժողովում էին և դեմ քվեարկեցին՝ կոշտ քննադատելով իշխանություններին, իսկ Ելքի մյուս հատվածը՝ Քաղաքացիական պայմանագիրը, փողոցում ժողովրդի հետ էր: Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիր Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելու մասին:

Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց Հայաստանի փողոցներ դուրս եկած հարյուր հազարավոր մարդկանց ճնշման տակ: Այսպիսով, Սարգսյանը դարձավ Հայաստանի պատմության ամենակարճ ժամկետով վարչապետը՝ ընդամենը 6 օր:

Մինչ Սերժ Սարգսյանը ամենակարճ ժամկետով Հայաստանի վարչապետ էր եղել Սիմոն Վրացյանը: 1920 թվականի աշնանը, երբ վարչապետ Համո Օհանջանյանի Բյուրո-կառավարությունը (նույն թվականի մայիսին, երբ ՀՀ-ում սկսվեց բոլշևիկների ապստամբությունը, օրվա իշխանական կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, որոշում ընդունեց Բյուրոյի կազմով ստանձնել կառավարության ղեկը) հրաժարական տվեց:

Սիմոն Վրացյանը 1920-ի նոյեմբերի 24-ին դարձավ վարչապետ, կազմեց կոալիցիոն կառավարություն սոցիալիստ-հեղափոխականների՝ էսէռների հետ, իսկ երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին գործուղեց քեմալականների կողմից գրավված Ալեքսանդրապոլ՝ Գյումրի, բանակցելու հայ-թուրքական պայմանագիր:

Վեց օր անց ՀՅԴ-ն Բյուրոյի որոշումով իշխանությունը փոխանցեց հայ բոլշևիկներին, որոնք Բաքվում ձևավորել էին Հայհեղկոմ և նոյեմբերի 29-ին Ղազախ-Իջևան հատվածից մտել Հայաստան, այսօրվա Տավուշի շրջանում հայտարարել խորհրդային իշխանություն: Վրացյանի կառավարությունը հրաժարական տվեց դեկտեմբերի 2-ին: Այսպիսով, Վրացյանը վարչապետ եղավ միայն 8 օր:

Ներկայացնենք Հայաստանի բոլոր վարչապետներին և նրանց պաշտոնավարության ժամանակահատվածը: ՀՀ առաջին հանրապետության բոլոր չորս վարչապետները ՀՅԴ անդամ էին: Առաջին հանրապետությունը վարչապետական կառավարում ուներ, ինչպես այսօր, սակայն նախագահի ինստիտուտ գոյություն չուներ:

Հայաստանի հիմնադիր վարչապետը Հովհաննես Քաջազնունին էր: Նա կառավարեց 1918-ի հունիսից փետրվար: Նրան փոխարինեց Ալեքսանդր Խատիսյանը՝ 1919-ի փետրվարից մինչև 1920-ի մայիս: Համո Օհանջանյանը վարչապետ էր 1920-ի մայիս-նոյեմբեր ժամանակահատվածում:

Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում ունեցել ենք 14 վարչապետ՝ Ալեքսանդր Մյասնիկյան, Սարգիս Լուկաշին/Սրապիոնյան, Սարգիս Համբարձումյան, Սահակ Տեր-Գաբրիելյան, Աբրահամ Գուլոյան, Արամ Փիրուզյան, Աղասի Սարգսյան, Սահակ Կարապետյան, Անտոն Քոչինյան, Բադալ Մուրադյան, Գրիգոր Արզումանյան, Ֆադեյ Սարգսյան, Վլադիմիր Մարգարյանց և Վազգեն Մանուկյան:

Ի դեպ, Խորհրդային Հայաստանի միակ ողջ վարչապետը Վազգեն Մանուկյանն է, ով անկախության ուղին բռնած Խորհրդային Հայաստանի վարչապետ է ընտրվել 1990 թվականի օգոստոսի 13-ին՝ Գերագույն խորհրդում, և այդ պաշտոնին մնացել մինչև 1991 թվականի սեպտեմբերի 20-ը:

Հաճախ Մանուկյանին դասում են անկախ Հայաստանի վարչապետների շարքում, ինչը փաստացի սխալ չէ, քանի որ 1990 թվականի օգոստոսից Հայաստանը դե ֆակտո անկախ էր:

Հայաստանի Հանրապետության վարչապետներ են եղել Գագիկ Հարությունյանը (1991-ի նոյեմբերից 1992-ի հուլիս), Խոսրով Հարությունյանը (1992-ի օգոստոսից 1993-ի փետրվար), Հրանտ Բագրատյանը (1993-ի փետրվարից 1996-ի նոյեմբեր), այսօրվա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը (1996-ի նոյեմբերից 1997-ի փետրվար), Ռոբերտ Քոչարյանը (1997-ի մարտից 1998-ի փետրվար), Արմեն Դարբինյանը (1998-ի մարտից 1999-ի մայիս), Վազգեն Սարգսյանը  (1999-ի հունիսից հոկտեմբեր), նրա եղբայր Արամ Սարգսյանը (1999-ի նոյեմբերից 2000-ի ապրիլ), Անդրանիկ Մարգարյանը (2000-ի մայիսից 2007-ի մարտ), Սերժ Սարգսյանը (2007-ի ապրիլից 2008-ի ապրիլ), Տիգրան Սարգսյանը (2008-ի ապրիլից 2014-ի ապրիլ), Հովիկ Աբրահամյանը (2014-ի ապրիլից 2016-ի սեպտեմբեր), Կարեն Կարապետյանը (2016-ի սեպտեմբերից 2018-ի ապրիլ), կրկին Սերժ Սարգսյանը՝ 2018թ. ապրիլի 17-ից ապրիլի 23, ապա Կարեն Կարապետյանը, որպես պաշտոնակատար՝ 2018-ի ապրիլի 23-ից մայիսի 8-ը:

2018-ի մայիսի 8-ից Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է:

Այսպիսով, ՀՀ պատմության ամենաերկար վարչապետ եղել է Անդրանիկ Մարգարյանը՝ գրեթե 7 տարի:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ