Արմեն Մելիքբեկյանն ու Արթուր Ազարյանն այցելել են Նոյեմբերյան, ներկա գտնվել Դովեղի խաղին. Արմսպորտ

1376

ՀՖՖ առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանն աշխատանքային այցով երեկ Նոյեմբերյանում էին` ծանոթանալու քաղաքի մարզադաշտի և, ընդհանրապես, պրոֆեսիոնալ ֆուտբոլ կազմակերպելու ներկա պայմաններին։

ՀՖՖ պաշտոնյաները նաև հետևել են մինչև 16 տարեկանների 2018-2019 թթ. Հայաստանի ֆուտբոլի պատանեկան առաջնության (Բ ենթախումբ) գարնանային մրցաշրջանի առաջին խաղին` նորաստեղծ «Դովեղի» և «Զովունիի» միջև։

Նշենք` Նոյեմբերյանի թիմն այդ խաղում 2:1 հաշվով հաղթանակ է տարել:

Ակումբի հիմնադիր, լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ ՀՖՖ պաշտոնյաները շրջեցին մարզադաշտում, ծանոթացան ենթակառուցվածքների հետ և քննարկեցին հետագա անելիքներն ու աշխատանքները:

«Դովեղը», հիշեցնենք, հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում ու ՀՖՖ-ի թույլտվությամբ ցանկանում է տնային հանդիպումներն անցկացնել հենց Նոյեմբերյանի մարզադաշտում, որն, այդուհանդերձ, դեռևս պատրաստ չէ Առաջին խմբի հանդիպում ընդունել: