Բատոնո Վասո. Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը»

860

Ձեզ ենք ներկայացնում խորհրդային 8 տարիների քաղկալանավոր Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը» հատորից մի կտոր: Գիրքը 2018-ին հրատարակել է ԱՆԻ կենտրոնը:     

Այսպես էինք դիմում նրան։ Ծնվել էր 1890-ականներին։ 20-րդ դարի ամենամեծ իրադարձությունների ականատեսն էր եղել։ Արդեն հասուն տարիքում տեսել էր առաջին համաշխարհային պատերազմը, բոլշեւիկյան հեղափոխությունը, կարմիր տեռորը, ստալինյան շրջանի բռնությունները, որոնք շրջանցել էին նրան, ապա, որպես քիմիկոս, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել էր ծառայելու քիմիական զորքերում ու շատերի նման գերի էր ընկել։

Ընդունել էր գերմանացիների համագործակցության առաջարկը։ Ծառայել էր Գերմանիայում, Իտալիայում ու Ֆրանսիայում։ Պատերազմի ավարտից հետո հաստատվել էր Ֆրանսիայում։ Ֆրանսերենին տիրապետում էր վարժ։ Իր ասելով՝ խոսում էր նաեւ ոչ այնքան բավարար իտալերեն։

1960-ական թվականների վերջին ծանոթ ֆրանսաբնակ մի վրացի տեղեկացնում է Վասոյին, որ Խորհրդային Վրաստանում բնակվող նրա հարազատները փնտրում են իրեն, ու ցույց է տալիս թերթում տպագրված հայտարարությունը։ Բատոնո Վասոն միամիտ չէր, գիտեր, որ խորհրդային երկրում իրեն դատ  ու պատժաչափ է սպասվում։

Կապվում է հարազատների հետ, հայտնում է իր մտահոգությունը։ Հարազատներն էլ ժամանակ անց տեղեկացնում են, որ ճշտել են բոլոր կառույցներում, դրանց թվում՝ եւ ՊԱԿ-ում, վտանգ բացարձակապես չկա։ Եւ, ինչպես ինքը՝ բատոնո Վասոն էր ասում, որոշում է գալ ու հայրենիքում մեռնել։ Այդ շրջանում նա արդեն հատել էր 75-ի շեմը։ Գալիս է Փարիզ-Մոսկվա չվերթով ու Մոսկվայում՝ ինքնաթիռից իջնում ու կալանավորվում է, ապա՝ դատապարտվում 15 տարվա ազատազրկման։

-Վճռել էի 75-ն անց հայրենիքում մեռնել, – ասում էր արդեն 90-ի շեմը հատող կենսուրախ ծերունին, – բայց խորհրդային իշխանություններն իրենց վճռով պարտավորեցրին ինձ՝ եւս 15 տարի ապրել։ Իսկ ո՞վ եմ ես, որ չենթարկվեմ։ Պարտավոր եմ ու պետք է ապրեմ։

Նրա ազատ արձակվելուն մի քանի տարի էր մնում։ Դեռ Մորդովիայում եղած ժամանակ նրա տեսողությունը սկսել էր վատանալ։ Յուրօրինակ ու ինքնաշեն ակնոցի նեղ անցքերի միջով դժվարությամբ էր տեսնել կարողանում։ Ուներ կյանքի հսկայական փորձ ու խորաթափանցություն։ Ի տարբերություն պատերազմի շատ հանցագործների, որոնք համագործակցում էին կալանավայրի ադմինիստրացիայի հետ, նա կասկածից դուրս էր։ Գրեթե կույր լինելով հանդերձ՝ շատ բան էր նկատում։

Մի անգամ քայլում ու զրուցում էի ոչ այնքան լավ համբավ ունեցող մեկի հետ։ Զրույցի ավարտից հետո, երբ մոտեցա կացարանի մուտքի դռանը կանգնած բատոնո Վասոյին՝  բռնեց ձեռքս․

-Ինչու՞ էիր քայլում նրա հետ։

-Բատոնո Վասո, բա ասում ես՝ կույր ես ու երկու մետրից այն կողմ ոչինչ չես տեսնում։

-Այո, կույր եմ, բայց կարեւոր բաները տեսնում եմ։ Քո կարգի մարդը նրա հետ չպետք է առնչվի։ Էլ չքայլես նրա հետ։

Երբ արդեն մի քիչ հարմարվել էի կալանավայրին, նրան ասացի, որ ցանկանում եմ կատարելագործել ռուսերենս ու խնդրեցի խորհուրդ տա, թե ում դիմեմ, որ ինձ համար լավ ուսուցիչ լինի։

-Ոչ մեկին։ Սկսիր Տոլստոյ կարդալ։ Ավելի լավ ուսուցիչ չես գտնի։ Անհասկանալի բաները հարցրու առաջին պատահածին։

Այդպես էլ արեցի։

Բատոնո Վասոն կատարեց իր խոստումը։ Նստեց իր 15 տարին,ապա  իրեն դիմավորելու եկած 60-65-ամյա որդու ուղեկցությամբ Վրաստան գնաց, ապրեց եւս մի քանի տարի ու թաղվեց, ինչպես եւ որոշել էր, իր հայրենիքում։ Նրա ազատ արձակվելու ժամանակ ես արդեն այդ կալանավայրում չէի։ Վասո Ելիզբարաշվիլու պատմության հաղթական վերջաբանին տեղեկացել եմ շատ ավելի ուշ՝ իմ ազատ արձակվելուց հետո։

Թուրք Ալին