Արցախյան պատերազմի զոհերը՝ անուն առ անուն

23433

Ստեփանակերտի Արցախյան պատերազմի զոհերի թանգարանի կայքում (Музей погибших воинов НКР, www.kniga.am) անուն առ անուն տեղադրված են բոլոր այն մարդկանց անունները (նրանց ծնված թվականը, վայրը, որոշ այլ մանրամասներ, ինչպես նաև՝ նկարը), ովքեր սպանվել են ինչպես ռազմական գործողությունների ընթացքում՝ 1991-1994 թվականներ, այնպես էլ նախապատերազմյան՝ 1988-1990 թթ. (Սումգայիթ, Բաքու, “Օղակ” գործողություն), և հետպատերազմյան՝ “ոչ խաղաղություն, ոչ պատերազմ”, տարիներին՝ 1994-ի մայիսյան անժամկետ հրադադարից մինչև այսօր:

Չնայած որոշակի կրկնություններին (որոշ անուններ հանդիպում են երկու անգամ), սա Արցախյան պատերազմի զոհերի մասին ամենից ամբողջական, համապարփակ և վստահելի տեղեկատվությունն է մինչև այսօր հրապարակվածների շարքում: Բավականաչափ երկարատև աշխատանք է պահանջվում, որպեսզի ամենայն ճշգրտությամբ ներկայացվեն թվերը: Դա կանենք առաջիկայում, իսկ այժմ ներկայացենք զոհերի վիճակագրական ընդհանուր պատկերը:

Պատերազմի տարիներին Արցախի քաղաքացիական բնակչության զոհերի ընդհանուր թիվը շուրջ 1.500 է:

Արցախից ևս շուրջ 2.700 հոգի սպանվել է ռազմական գործողություններին մասնակցելու ընթացքում, այսինքն՝ այդ մարդիկ եղել են ազատամարտիկներ կամ իրենց հարազատ տների պաշտպաններ:

Եվս շուրջ 300 արցախցի զոհվել է 1994-ի անժամկետ հրադադարից հետո:

Արցախում սպանված հայաստանցի ազատամարտիկների և զինվորների թիվը կազմում է 2.034 հոգի:

Եվս 1.326 հայաստանցիներ՝ ազատամարտիկներ, իրենց գյուղերի պաշտպաններ և խաղաղ բնակիչներ, սպանվել են պատերազմի տարիներին Հայաստանում (հայ-ադրբեջանական սահմանամերձ կռիվների ընթացքում):

Հայաստանից և Արցախից անհետ կորածների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 600 հոգի:

Պատերազմի տարիներին հայկական կողմից կռված և զոհված ռուսների, ուկրաինացիների ու նախկին խորհրդային այլ հանրապետությունների քաղաքացիների թիվը 37 է:

Եվ վերջապես, զոհված սփյուռքահայերի թիվը 4 հոգի է:

Զոհվածների շարքում կան ևս մեկ տասնյակ իրանահայեր, որոնք, սակայն, նախքան պատերազմը տեղափոխվել էին Հայաստան:

Այս վիճակագրության մեջ չեն ներառվել 2015-ից մինչև 2019 թվականների կորուստները, այդ թվում՝ Ապրիլյան Քառօրյայի զոհերը:

Թաթուլ Հակոբյան