«Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»․ Տոնոյանի խոսքերի համար Բաքուն «պարզաբանումներ է ակնկալում»

1516

Ադրբեջանն արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջին հայտարարությանն այն մասին, որ «տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպվում է՝ վերածվելով «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» թեզի։ Ադրբեջանում այդ հայտարարությունը որակել են «ագրեսորական և նվաճողական»։

«Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, այդ ձևաչափը՝ տարածքներ խաղաղության դիմաց, ես այսօր վերաձևակերպել եմ: Մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով՝ «ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, բայց ոչ զիջումներ»: Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունում նշվում է, որ Տոնոյանի հայտարարությունը հնչել է Վիեննայում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից անմիջապես հետո, որի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունում խոսվում է խաղաղությանը միտված բարենպաստ մթնոլորտի հաստատման անհրաժեշտության մասին։

Բաքուն ՀՀ ՊՆ ղեկավարի հայտարարությունը որակել է «սադրիչ» և միջազգային հանրության՝ ի դեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ջանքերի դեմ ուղղված։

Բաքուն նաև հավաստիացնում է, որ «ի տարբերություն Հայաստանի՝ հանդես չի գալիս այլ պետությունների նկատմամբ տարածքային հավակնություններով և չունի ինչ-որ տարածքներ նվաճելու նպատակ»։

Ադրբեջանում «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունից պարզաբանումներ են ակնկալում, թե արդյոք ՊՆ ղեկավարն իր հայտարարությունն արել է ղեկավարության համաձայնությամբ, թե դա ընդամենը նախարարական իմպրովիզացիա էր»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2018թ․ փետրվարի 8-ին ելույթ ունենալով իր ղեկավարած «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարին՝ հայտարարել էր, թե «Երևանը, Զանգեզուրը, ադրբեջանական տարածքներ են, և իրենք մի օր կվերադարձնեն դրանք»։ Ալիևին արձագանքել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները։ Դա Ադրբեջանի ղեկավարի՝ նման բովանդակության միակ հայտարարությունը չէր։

Տեսանյութը՝ «Ամերիկայի ձայն»-ի

Կարդացե՛ք նաև՝

Պետք չէ փնտրել հաղթածների և պարտվածների բանակցությունների արդյունքներով․ Նիկոլ Փաշինյան (լրացվող)

Ստելլա Մեհրաբեկյան

ՍիվիլՆեթ