Ալիևների մոսկովյան կալվածքները

913

Հետաքննող լրագրողները գտել են Ալիևների մոսկովյան կալվածքները. ՍիվիլՆեթ

Ադրբեջանական Meydan.tv ընդդիմադիր կայքում լույս է տեսել Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի՝ OCCRP-ի հետաքննական հոդվածը Ադրբեջանի իշխող կլանի՝ Ալիևների մոսկովյան թանկ կալվածքների մասին։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Մոսկվայից 10 կմ հեռավորության վրա՝ Ռուբլյովո-Ուսպենսկիյ մայրուղու երկայնքով, գտնվում է աշխարհում ամենաթանկ բնակելի անշարժ գույքի տարածքներից մեկը:

Մայենդորֆյան պարտեզները (Meyendorff Gardens) իր անվանումը ստացել է ռուսական հեղափոխությունից առաջ այստեղ բնակվող հայտնի Մայենդորֆների ընտանիքի անունից։ Նրանց պալատը հետագայում դարձավ բացառիկ հանգստյան տուն այնպիսի հայտնի անձանց համար, ինչպիսիք են տիեզերագնաց Յուրի Գագարինը և գրող Միխայիլ Բուլգակովը։ Այստեղ է գտնվում նաև ՌԴ նախկին նախագահ, ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ոչ պաշտոնական բնակավայրը:

Մոտակայքում գտնվում են Ռուսաստանի ամենահայտնի միլիարդատերերից մի քանիսի առանձնատները: Օրինակ, դրանցից մեկը կառուցված է տիեզերանավի օրինակով՝ աշխարհահռչակ ճարտարապետ Զահա Հադիդի կողմից, և պատկանում է անշարժ գույքի ոլորտում հայտնի գործարար Վլադիսլավ Դորոնինին։

Սա Ռուսաստանի ամենաթանկ անշարժ գույքի բնակելի գոտիներից է: Իր կայքում «Meyendorff Gardens-ի»կառուցապատողը գնորդներին երաշխավորում է գործարքների գաղտնիությունը, քանի որ «հասկանում է տեղական հաճախորդների բնույթը»: Տարածքում անվտանգության աշխատակիցները չգիտեն, թե ով է այնտեղ բնակվում, ժամանող բոլոր մեքնեաները մգեցված ապակիներով են։

Մայենդորֆյան պարտեզներում են գտնվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող երկու առանձնատներ:

Ռուսաստանի գույքի պետռեեստրի համաձայն` պարտեզներում գտնվող  մոտ 1600 քմ մակերեսով առանձնատունը իր գրեթե 7,200 քմ հողատարածքի հետ միասին գրանցված է նախագահի 22-ամյա որդու` Հեյդար Ալիևի անունով: Այն ունի նաև պահակատուն:

Ռեեստրի համաձայն, Հեյդար Ալիևը առանձնատունն ու հողամասը նվեր է ստացել մորական պապի՝ Արիֆ Փաշաևի կողմից, 2007թ. ապրիլին: Փաշաևը կալվածքը գնել էր դրանից մեկ տարի առաջ։ Մոսկվայի անշարժ գույքի շուկայում վերջին մի քանի տատանումներից հետո նմանատիպ գույքը գնահատվում է 2,3 մլրդ ռուբլի (մոտ 35 մլն դոլար):

Ալիևների ընտանիքին պատկանող երկրորդ կալվածքը գտնվում է Մայենդորֆյան պարտեզների մյուս կողմում: OCCRP-ն նախկինում հաղորդել էր, որ այն պատկանում է Ադրբեջանի նախագահի ավագ դուստր Լեյլային:

Այդպիսի կալվածքները Ալիևի ընտանիքի ունեցվածքի միայն փոքր մասն են: Չեխիայում Կառլովի Վարի քաղաքի վիլլայից և Լոնդոնում գտնվող պալատից բացի, ընտանիքը նաև ունի միլիարդավոր դոլարների բիզնեսներ, այդ թվում` հյուրանոցներ և ոսկու հանքեր Ադրբեջանում, ինչպես նաև հանգստյան գոտի, հյուրանոց և առանձնատներ Դուբայում:

Նրանց հիմնական ակտիվը, սակայն, Ադրբեջանի նախագահությունն է, որն անցավ Իլհամ Ալիևին իր հոր՝ Հեյդար Ալիևի մահից հետո 2003թ.: Այդ ժամանակից ի վեր փոխվել է երկրի սահմանադրությունը, որպեսզի նախագահը կարողանա վերընտրվել անսահմանափակ թվով, իսկ նախագահության ժամկետը հինգից դարձավ յոթ տարի: Բացի այդ, ստեղծվեց առաջին փոխնախագահի պաշտոնը, որը ներկայում զբաղեցնում է Ալիևի կինը` Մեհրիբանը:

Երկիրը հայտնի է համատարած կոռուպցիայով և մարդու իրավունքների մեծաթիվ խախտումներով: Նախագահի ընտանիքը վերահսկում է նավթով հարուստ երկրի տնտեսության զգալի մասը, ներառյալ էներգիայի, շինարարության, զբոսաշրջության, տրանսպորտի, անշարժ գույքի և այլ ոլորտների բաժնետոմսերի խոշոր մասը:

Ադրբեջանի նախագահի թեկնածուները պարտավոր են հայտարարագրել իրենց եկամուտներն ու ունեցվածքը: Վերջին նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2018թ., սակայն ընտրական հանձնաժողովը, որը պարտավոր չէ հրապարակել հայտարագրումները, ոչինչ չի հրապարակել։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Կարդացեք նաև՝

Ադրբեջանական լվացքատուն․ Ալիևները՝ միջազգային հետաքննական սկանդալի կենտրոնում