Վրացյան. «Կարո՞ղ էինք արդյոք ադրբեջանցիների հետ modus vivendi ստեղծել»

2496

Հատված Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից: 

—–

Քաջազնունին արձանագրում է նաև «այն անընդհատ կռիվները, որ ունեցել ենք հյուսիս-արևելյան սահմանների վրա ու երկրի ներսը». «մենք չենք կարողացել գտնել նպատակահարմար միջոցներ մեր դրությունը ապահովելու համար՝ դրսից ու ներսից, չենք կարողացել գտնել մի քիչ տանելի modus vivendi Ադրբեջանի հետ, չենք կարողացել վարչական միջոցներով կարգի մեջ պահել մահմեդական գավառակները, հարկադրված ենք եղել զենքի դիմելու, զորքեր շարժելու, ավերելու և կոտորելու և, որ կրկնակի վարկաբեկիչ էր կառավարության համար, խոշոր անհաջողությունների հանդիպելու այնպիսի կարևոր վայրերում, ինչպիսին էին Վեդիբասարը, Շարուրն ու Նախիջևանը»:

Այս բոլորը Քաջազնունին արձանագրում է նրա համար, որ հետո ասի, թե ինչ որ մեզ չհաջողվեց, բոլշևիկները հաջողությամբ իրագործեցին: Բայց ի՞նչ գնով իրագործեցին այդ բոլշևիկները: Մենք Ադրբեջանի հետ վիճում էինք Ղարաբաղի, Զագեզուրի ու Նախիջևանի համար, ուզում էինք, որ այդ գավառները լինին Հայաստանի սահմաններում, հակառակում էինք, որ Հայաստանը Պարսկաստանից բաժանվի օտար հողով: Քաջազնունին պետք է ասի՝ պարտավո՞ր էինք մենք այդպես վարվելու, համապատասխանո՞ւմ էր մեր այդ ընթացքը Հայաստանի կենսական շահերին:

Բոլշևիկները տեղի տվին Ադրբեջանի առջև. նրանք ձեռք քաշեցին Ղարաբաղից ու Նախիջևանից և մինչև այս տողերը տպվեն, երևի հրաժարված կլինեն և Կարճևան-Մեղրի-Շիվանի Ձոր գծից, որով Պարսկաստանի և Հայաստանի միջև կընկնի Ադրբեջան-Նախիջևան տաջկական մի հողաշերտ: Կարո՞ղ էինք արդյոք այդ գնով ադրբեջանցիների հետ modus vivendi ստեղծեինք: Քաջազնունին պատասխան չի տալիս: Իմ կարծիքով, մենք իրավունք չունեինք մեր կամքով այդպիսի բան անելու, որովհետև դրանով իսկ քանդած կլինեինք Հայաստանի գոյության հիմքերը: Մեր և բոլշևիկների տարբերությունը նաև այն է, որ մեզ համար պետական սահմանները անարժեք բաներ չեն, մինչդեռ բոլշևիկների համար ազգային- պետական սահմանը կարևորություն ունի այն չափով, ինչ չափով որ [այն] նպաստում է կոմունիստական գաղափարների և խորհրդային կարգերի տարածմանը:

«Չենք կարողացել վարչական միջոցներով կարգի մեջ պահել մահմեդական գավառակները, հարկադրված ենք եղել զենքի դիմելու, զորքեր շարժելու»… Ինչո՞ւ: Արդյո՞ք միայն «ապիկարության» ու «պետական կյանքը վարելու անպատրաստության պատճառով», թե կային և ուրիշ ավելի լուրջ պատճառներ:

Այո՛, այլացեղերի և, մանավանդ, մահմեդականների հանդեպ մեր վարած քաղաքականությունը եղել է սխալ, և մենք հաճախ, ընդօրինակել ենք տաջիկների օրինակը այնտեղ, ուր կուլտուրական Եվրոպան շատ ավելի բարձր ու նպատակահարմար  Ճանապարհներ է ցույց տալիս: Հայաստանի մահմեդականների վերաբերմամբ մենք հետևել ենք իթթիհադականների, մուսավաթականների ու քեմալականների քաղաքականությանը, բայց այդքա՞ն միայն: Քաջազնունին միայն ա՞յդ է տեսել:

Իսկ ինչո՞ւ չի արձանագրում այն վրդովեցուցիչ դիրքը, որ Հայաստանի մահմեդական ազգաբնակչությունը հենց առաջին օրերից բռնեց պետական իշխանության հանդեպ: Այն ժամանակ, երբ Քաջազնունին վարչապետ էր և դրանից հետո էլ Զանգիբասարը, Վեդիբասարը, Շարուրը, Նախիջևանը, Միլի Ձորը, Կարագոյինլի Ձորը, Բասարգեչարը չէին ճանաչում Հայաստանի իշխանությունը: Հայաստանի մայրաքաղաքից  6 կիլոմետր այն կողմ՝ Զանգիբասարում, այլևս հայկական վարչություն չկար, այնտեղ նստած էին Խորսով բեկ Սուլթանովի գործակալները և քեմալական ասկյարները: Ի՞նչ է ասում այժմ Քաջազնունին. Ինչպե՞ս պիտի վարվեր Հայաստանի  կառավարությունը, չպիտի՞ աշխատեր, որ իր իշխանությունը տարածվի նաև այդ շրջանների վրա, չպիտի՞ ձգտեր վերջ տալու Ադրբեջանի ակնհայտ միջամտություններին ու հեռացնել Հայաստանից նրա նշանակած պաշտոնյաներին, չպիտի՞ պատժեր հակապետական տարրերին:

Եվ ինչպե՞ս կարող էր անել այդ, եթե ոչ «զենքի դիմելով» ու «զորքեր շարժելով»: Որ Հայաստանի կառավարությունը պետք է նվաճեր և իր իշխանությանը ենթարկեր պետության սահմաններում ապրող անհնազանդ և ըմբոստ տարրերը, բնական է ու անհարաժեշտ, այդ նրա պարտականությունն էր: Բայց նա բավարար ջանք չի թափել, իսկ նրա պաշտոններից ոմանք և չե՛ն ուզեցել, որ այդ գործողությունների ընթացքում տեղի չունենա ավեր, թալան ու կոտորած: Այս է ահա ցավալին ու վրդովեցուցիչը, թեև այն ևս չպետք է մոռանալ, որ շատ անգամ այս դեպքերը տեղի են ունեցել տարերային կերպով և դժվար է եղել առաջը առնել:

Քաջազնունին ասում է, որ «այնպիսի կարևոր վայրերում, ինչպիսին էին Վեդիբասարը, Շարուրն և Նախիջևանը, մենք չկարողացանք հաստատել մեր իշխանությունը նույնիսկ զենքի ուժով»: Այդ ճիշտ չէ. Վեդիբասարը և Շարուրը մենք գրավեցինք և ենթարկեցինք հայկական իշխանությանը, և մեր զորքերը արդեն մոտեցել էին Նախիջևանին, իսկ Նախիջևանի պատգամավորությունը Երևանում բանակցում էր մեր իշխանությունը ընդունելու պայմանների մասին, երբ շտապով վրա հասան կարմիր զորագնդերը և մեզ հարկադրեցին հետ քաշվելու: Արտաքին, շատ ավելի զորավոր ուժի առջև միայն հայկական զորքն ու վարչությունը ստիպված եղավ տեղի տալ:

Բայց ենթադրենք նույնիսկ, որ այդպես չի եղել և որ Քաջազնունու ասածը ճիշտ է՝ մենք չենք կարողացել որոշ շրջաններում հաստատել մեր իշխանությունը, ի՞նչ կա դրանում արտասովոր և անպատվաբեր մի պետության համար, որ մեկ-երկու տարվա անկախ կյանք ունի: Բոլշևիկյան իշխանությունը ահարկու բանակներ ունի, բայց և այնպես այսօր էլ  դեռ Ռուսաստանի սահմաններում կան տեղեր, ուր ազգաբնակությունը չի ճանաչում նրա իշխանությունը: Մի՞թե Քաջազնունին իսկապես համոզված է, որ եթե Հայաստանը թողնվեր անկախ, նրա կառավարությունը չպիտի կարողանար տարածել իր իշխանությունը նաև Նախիջևանի վրա:

Քաջազնունին տալիս է այս մռայլ ու ողբերգական նկարագրությունը նրա համար, որ քիչ հետո ասի, թե «բոլշևիկները ներքին կռիվներ չունեցան»: Բայց նա մոռանում է, որ այդպիսի «ներքին կռիվ» Հայաստանում նրանք չէին էլ կարող ունենալ, որովհետև Քաջազնունու հիշած Զոդում, Զանգիբասարում, Վեդիբասարում, Միլլի Ձորում և Զանգեզուրում մահմեդական ազգաբնակչություն չէր էլ մնացել, իսկ Նախիջևանում, հակառակ Քաջազնունու պնդումի, ժողովուրդը մի քանի անգամ ըմբոստացել է բոլշևիկյան իշխանության դեմ: Արյունահեղ ընդհարումներ եղան և Գանձակում, ուր բոլշևիկների ձեռքով սպանվեց մի քանի հազար թուրք և ջնջվեց մի քանի տասնյակ գյուղ, այնքան, որքան չի սպանվել Հայաստանի բոլոր քաղաքացիական կռիվներում: Հայաստանի խորհրդային իշխանությունը Հայաստանում պետք չուներ թուրքական հարցով զբաղվելու, որովհետև այդ հարցը արդեն լուծված էր «Դաշնակ»-ների օրով: Սխալներ են արվել այդ հարցը լուծելիս, համաձայն եմ Քաջազնունու հետ, բայց փաստը մնում է փաստ. երբ բոլշևիկները եկան, Հայաստանում այլևս թուրք ազգաբնակչություն չէր մնացել, և, ուրեմն, չի կարելի գովել նրանց այն բանի համար, որ գոյություն չունեցող թուրքերի հետ ներքին կռիվներ չեն ունեցել:

 

Ուշագրավ են Քաջազնունու դատողությունները և մայիսի 28-ի ակտի մասին: Ցույց տալով այդ ակտի հրատարակության երկու պատճառ, Թուրքահայոց նկատումները և միջազգային-դիվանագիտական պարագաներ, հանգում է այն եզրակացության, որ «հայտարարությունը ոչ մի դրական հետևանք չունեցավ, իսկ բացասական՝ ունեցավ (ներքին անհամաձայնություների և վեճերի բորբոքում)»:

Ինչ վերաբերվում է «ներքին անհամաձայնություններին ու վեճերին», նրանք առանց մայիսի 28-ի  հայտարարության էլ բավական ուժեղ էին և առատ նյութ ունեին էլ ավելի բորբոքվելու: Այդ «անհամաձայնությունների ու վեճերի» արմատները շատ ավելի խորն էին, քան մայիսի 28-ի հայտարարության պատճառները: Նրանք բխում էին այն հայացքից, որ արտասահմանի տաջկահայերեն ու Հայաստանի ժողովուրդը ունեին Հայաստանի սահմանների, ներքին կյանքի և ապագայի վերաբերմամբ և մեծ չափով պայմանավորված էին մեր ազգային-կուսակցական նկարագրով ու բարքերով: Ասել, թե եթե մայիսի 28-ի ակտը չլիներ, «ներքին անհամաձայնություններն ու վեճերը» պակաս կբորբոքվեին, նշանակում է չհասկանալ այդ վեճերի ու անհամաձայնությունների էությունը և չճանաչել մեր հասարակությունը:

Ես չգիտեմ նույնպես, թե դիվանագիտական ի՞նչ նշանակություն ունեցավ մայիսի 28-ի հայտարարությունը: Ընդունում եմ, որ [այն] չնկատվեց էլ Եվրոպայում, թեև չեմ կարող համաձայնվել, որ [այն] արժեք ու կշիռ չէր ունենա, եթե հետագա քաղաքական դեպքերը այլ կերպ դասավորվեին: Սակայն մայիսի 28-ի հայտարարությունը մի ուրիշ նշանակություն ունեցավ, որ Հայաստանի Հանրապետության համար առանձին կարևորություն ուներ: Եվ դարձյալ, եթե Քաջազնունին խուսափեր վերացական դատողություներից և իր փաստերը առներ իրականությունից, անտարակույս, այսպես թեթև կերպով չէր գնահատի մայիսի 28-ի ակտը:

Ինչպես վերևն ասացինք, 1918-ի մայիսի 26-ին ու 28-ին հայտարարվեցին Վրաստանի և Ադրբեջանի անկախությունները, մինչդեռ Հայաստանի անկախության ակտ չեղավ: Անկախության հայտարարության ակտ տեղի չունեցավ և օգոստոսի 1-ին, Երևանում, Հայաստանի խորհրդարանի բացման օրը: Ոչ էլ ուրիշ որևէ քայլ արվեց, որը ցույց տար Հայաստանի անկախության հայտարարություն: Հակառակը, քիչ չէին պատահում դեպքեր, որոնք առիթ էին տալիս մտածելու մեր կասկած[ամիտ] հարևաններին, և ոչ միայն հարևաններին, որ հայերը կողմնակից չեն անկախության: Իսկ Դենիկինի սպայակույտում, օրինակ, հայկական բանակը համարվում էր իբրև «Ռուսական 7-րդ դիվիզիա»: Մեզ մեղադրում էին, թե մենք «ռուսոֆիլ» ենք, թե մեր աչքը միշտ հյուսիս է, թե մենք չենք ուզում բաժանվել Ռուսաստանից և սեփական անկախ պետություն ստեղծել և դրանով վտանգ ենք հանդիսանում կովկասյան ժողովուրդներին, որոնք ամենքը ձգտում են անկախության:

Այդ հանգամանքը բավական դժվարացնում էր Հայաստանի կառավարության դրությունը: Պատահել են դեպքեր, երբ Անդրկովկասի օտար ներկայացուցիչներն էլ նկատել տված են, որ հայերը կողմնակից չեն անկախության: Մայիսի 28-ի հայտարարության գլխավոր արժեքը հենց դրա մեջ էր. անկախության պաշտոնական հայտարարությամբ մեկ անգամ ընդմիշտ վերջ տալ հայերի մասին ստեղծված աննպաստ կարծիքին: Եվ նրանք, ովքեր մայիս 28-ի ակտից առաջ և հետո ապրել են Կովկասում, անշուշտ, նկատած կլինին այն բարերար հետևանքները, որ այդ ակտը ունեցավ մեր և հարևանների հարաբերության, ինչպես և օտարների վերաբերումի մեջ:

Եվ Հայաստանի ներքին կյանքում էլ մայիսի 28-ի հայտարարությունը նշանակություն ունեցավ: Նրանցից հետո էր, որ առանձին թափով, առաջ տարվեց պետության ազգայնացման աշխատանքը և հայերեն լեզվի պարտադիր գործածությունը պետական ու հասարակական հիմնարկություններում: Դրանցից հետո էր, որ արևելահայերը, փաստորեն սկսեցին մասնակցել պետության կյանքին: Քաջազնունին գիտի, որ մինչ այդ արևմտահայերը նույնիսկ զինվորությունից էին խուսափում՝ առարկելով, թե իրենք գաղթական են Հայաստանում: Ասել, թե մայիսի 28-ի ակտը միայն բացասական հետևանքներ ունեցավ և անցնել, նշանակում է շատ մակերեսային կերպով դիտել տեղի ունեցող երևույթները:

 

Շարունակելի