Սերժ Սարգսյան. հայկական կողմերը պատրաստ էին վերադարձնել 7 շրջան

16608

Մեկ շաբաթ առաջ՝ 2016 թվականի նոյեմբերի 17-ին, Սերժ Սարգսյանը ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին: Այն ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների:

Հարց- Ձեր կարծիքով հնարավոր է՞ որևէ դիվանագիտական փոխզիջում և այդ հենքով՝ ամուր խաղաղության հաստատում: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ փոխզիջումը:

Սերժ Սարգսյան- Իհարկե: Սկզբունքորեն, Մինսկի խմբի ողջ գործունեությունը ուղղված է դրան: 2007-ին, այն ժամանակ ես դեռ վարչապետ էի, համանախագահները մեզ ներկայացրեցին առաջարկներ՝ կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը երեք սկզբունքների հիմքով. առաջին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, երկրորդ՝ պետությունների տարածքային ամբողջականություն, երրորդ՝ ժողովուրդների հավասարություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք:

Հարց– Գլուխկոտրուկ…

Սերժ Սարգսյան– Ոչ: Ոչ մի դեպքում: Այդ սկզբունքները ոչ մի դեպքում չեն հակասում միմյանց: Մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց ժողովրդի ինքնորոշումն ընդհանրապես չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, որովհետև տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը`մայրաքաղաքին և ժողովրդին, որը հավաք կերպով բնակվում է իր պատմական հայրենիքում։ Եթե մենք անտեսում ենք ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում չպետք է դուրս գայինք Խորհրդային Միության կազմից: Չէ՞ որ դա տեղի ունեցավ այդ սկզբունքի հիման վրա։ Ուստի, այս սկզբունքները միմյանց չեն հակասում: Այն բանից հետո, երբ մենք ստացանք համանախագահների առաջարկները, մենք՝ հայկական կողմերը, ասացինք, որ դա այն փաստաթուղթը չէ, որ մենք երազել ենք, բայց մենք համաձայն ենք այդ սկզբունքների և այդ փաստաթղթի շուրջ վարել բանակցություններ: Երկար ժամանակ Ադրբեջան չէր համաձայնվում, եթե չեմ սխալվում՝ 2008-ի հունիսին, դա իմ և Իլհամ Ալիևի միջև առաջին հանդիպումն էր, ադրբեջանական կողմը տվեց իր համաձայնությունը: Սակայն վերադառնալով Բաքու, նրանք տարածեցին հայտարարություն, թե նման փաստաթուղթ ընդհանրապես գոյություն չունի: 2008 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մենք հավաքվեցինք Մոսկվայում, և Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ բանակցություններ վարեցինք Մայենդորֆում, ստորագրեցինք փաստաթուղթ, համաձայն որի ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն քաղաքական ճանապարհով: Դրանից հետո բանակցային գործընթացը շարունակվեց, և մենք մի քանի անգամ մոտ էինք փաստաթուղթ ստորագրելուն, որտեղ այդ երեք սկբունքները հստակ արտացոլված էին: Այսինքն, հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում: Այսինքն, դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական, իրավական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման միջոցով: Հետո գրված էր՝ ովքեր են մասնակցում…

Հարց- Այսինքն՝ հանրաքվե…

Սերժ Սարգսյան– Այո: Հանրաքվե: Հանրաքվե, և դա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կենսագործումն է: Բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը ներկայացնում էր նորանոր պահանջներ: 2011-ին, կարծես, թվում էր, մենք պատրաստ ենք ստորագրել այդ փաստաթուղթը: Այդ ժամանակ ԱՄՆ նախագահը զանգահարեց ինձ և Ադրբեջանի նախագահին, հաջողություններ մաղթեց: Ֆրանսիայի նախագահը Ադրբեջանի նախագահին և ինձ նամակներ հղեց նույն բարեմաղթանքներով: Իսկ Ռուսաստանի նախագահը անձամբ մասնակցում էր այդ բանակցություններին: Ցավոք, Կազանում, Ադրբեջանը հրաժարվեց այդ սկբունքից:

Հարց- Այսինքն՝ Դուք հանդիպեցիք, որպեսզի ստորագրեք…

Սերժ Սարգսյան– Այո: Այո: Այո: Հաշվի առնելով, որ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները համոզված էին, որ մենք կստորագրենք: Բայց Ադրբեջանը հրաժարվեց…

Հարց- Դուք դուրս եկաք ստորագրելու փաստաթո՞ւղթը, ինչպե՞ս դա եղավ:

Սերժ Սարգսյան– Փաստաթղթերը պատրաստ էին: Ռուսաստանի նախագահը, բացելով այդ հանդիպումը, ասաց, որ շատ լավ է, որ հասանք այս օրը, որ խաղաղ համաձայնագիր է… Ելույթ ունեցավ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը: Ապա ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահը, ասաց, որ, իհարկե, ուզում են, որ լուծումը լինի խաղաղ ճանապարհով, բայց դեռ հարցեր ունեն: Եթե չեմ սխալվում, թվարկեք 8 թե 9 կետեր:

Սերժ Սարգսյանի հարցազրույցը Դմիտրի Կիսելյովին.