Մասիս Մայիլյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ

1634

Մարտի 13-ին Երևանում կայացել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ:

Միրոսլավ Լայչակի խնդրանքով՝ Մասիս Մայիլյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ արցախյան կողմի դիրքորոշումը:

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միակ համաձայնեցված միջնորդական հարթակն է: Արցախի արտգործնախարարը նշել է, որ խաղաղ գործընթացի բարեհաջող առաջմղման լավագույն միջոցը 1994 թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշմամբ ամրագրված եռակողմ ձևաչափով բանակցությունների վերականգնումն է: Մասիս Մայիլյանն ափսոսանք է հայտնել, որ հետագա տարիներին տեղի է ունեցել նահանջ այդ որոշումից՝ ընդունված կոնսենսուսի հիման վրա: Ըստ նախարարի՝ պաշտոնական Ստեփանակերտի ուղղակի և լիարժեք մասնակցությամբ բանակցությունների եռակողմ ձևաչափը ոչ միայն ապացուցել է իր էֆեկտիվությունը, այլև ամենաարդյունավետն է, որն ապահովել է կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին 1994 թ. մայիսի 12-ի համաձայնագրի կնքումը: Եռակողմ բանակցությունների վերականգնման անհրաժեշտությունից բացի Մասիս Մայիլյանը կարևորել է նաև նոր գաղափարների մշակումը՝ խաղաղ գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար:

Արցախի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության առանցքային ցուցանիշներից մեկը ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրակագործումն է՝ նշելով, որ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններից Ադրբեջանի փաստացի հրաժարումը խոչընդոտում է խաղաղ գործընթացի առաջմղումը։

Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել նաև մարդասիրական բնույթի հարցերին: Նշելով, որ ԵԱՀԿ անկյունաքարային սկզբունքն է համապարփակ անվտանգության ապահովումը, որը ներառում է ռազմաքաղաքական, տնտեսական, ինչպես նաև մարդկային հարթությունները՝ Մասիս Մայիլյանը, միևնույն ժամանակ, ափսոսանքով փաստել է, որ այս կազմակերպությունը կենտրոնացել է գլխավորապես հակամարտության կարգավորման վրա։ Նախարարը ԵԱՀԿ գործող նախագահին կոչ է արել մարդկային հարթությունը չթողնել առանց պատշաճ ուշադրության։ Մասիս Մայիլյանը Միրոսլավ Լայչակի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Ադրբեջանը չի դադարեցնում Արցախին մեկուսացնելու փորձերը, և այդ կապակցությամբ ԵԱՀԿ-ն որոշակի պատասխանատվություն է կրում, որպեսզի հակամարտության չկարգավորվածությամբ պայմանավորված՝ հանրապետության քաղաքացիները սահմանափակված չլինեն՝ իրենց հիմնարար իրավունքներն ու ազատություններն իրացնելու հարցում։ Այս կապակցությամբ Մասիս Մայիլյանը նշել է միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Արցախ այցելությունների հարցի արդիականությունը: Ըստ նախարարի՝ նման այցերը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության խնդիրը ԵԱՀԿ և այլ միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում գտնվելու կարևոր ազդանշան կդառնան:

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը հավաստիացրել է, որ ԵԱՀԿ-ն կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար:

Աղբյուրը՝ Արցախի ԱԳՆ