Հայրս. Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը»

757

Ձեզ ենք ներկայացնում խորհրդային 8 տարիների քաղկալանավոր Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը» հատորից մի կտոր: Գիրքը 2018-ին հրատարակել է ԱՆԻ կենտրոնը:                                                      

Երեւանի բանտում գտնվելուս օրերին հայրս կարողացել էր պայմանավորվել եւ տեսակցության գալ։ Եկել էր քրոջս հետ, բայց վերջին պահին վճռել էին քրոջս ներս չթողնել։

Կալանավորներին տեսակցություններ տրվում են օրենքով։ Խիստ ռեժիմի կալանավայրի կալանավորը, իսկ մենք հենց այդ ռեժիմի դատապարտյալներ էինք, տարվա ընթացքում իրավունք ուներ երկարատեւ (3 օր) եւ վեց ամիսը մեկ տրվող կարճատեւ (1-3 ժամ) տեսակցությունների։ Ես երբեք տեսակցություններ չեմ ունեցել։ Կալանավայրում դրսեւորած վարքիս պատճառով միշտ զրկվել եմ տեսակցություններից, ու այդ տարիներին հարազատներիս չեմ տեսել։

Դա իմ առաջին ու վերջին տեսակցությունն էր։ Հսկիչը մոտեցավ մեր դռանը եւ ասաց, որ տեսակցության պատրաստվեմ։ Չզարմացա։ Գիտեի՝ քանի դեռ Հայաստանում եմ, հայրս ինձ հանդիպելու ճանապարհ կգտնի։ Հասկանում էի, թե ինչ մեծ ցավ, ինչ  վիշտ եմ պատճառել ծնողներիս, բայց ոչինչ անել չէի կարող։ Ես ընտրել էի մի ճանապարհ, որի իմաստն ու էությունն այդ տարիներին շատ քչերը կարող էին ընկալել։ Չէին ընկալում նաեւ ծնողներս։ Նրանց համար աներեւակայելի ծանր էր իմ կալանավորումը, ապա՝ դատապարտումը։ Հայրս հպարտ ու ազնիվ գյուղացի մարդ էր։ Նա պատկերացնել անգամ չէր կարող, որ իր առաջնեկը, իր որդին նման փորձության կենթարկի իրեն։ Չեկիստները համոզել էին նրան, որ իմ մի խոսքը, զղջման հայտարարությունը բավական է, որ ազատ արձակվեմ ու կրկին խորհրդային բանակ վերադառնամ։ Համոզել էին հորս, որ ինձ ճնշել է պետք։ Հայրս էլ, հավատալով նրանց, դատավարության ողջ ընթացքում մորս հետ միասին աներեւակայելի ճնշումներ էին բանեցնում ինձ վրա։ Դատարանում, ընդմիջումներից մեկի ժամանակ, չեկիստներն անգամ ինձ մոտ բերեցին հորս։ Հայրս շարունակում էր պնդել, որ հանդես գամ զղջման հայտարարությամբ ու ազատ արձակվեմ։ Ես նրան բացատրում էի, որ ազատ արձակվելու խոստումը սուտ է, որ ինձ այստեղ են բերել դատելու համար ու դատելու են, հակառակ դեպքում Լատվիայից այստեղ չէին հասցնի, այնտեղ կհարցաքննեին ու՝ վերջ։ Ասում էի, որ խաբում են իրեն, բայց հայրս ավելի շատ նրանց հավատալուն էր հակված, քան՝ ինձ։ Ես, իհարկե, մեղքի զգացում ունեի։ Այսօր էլ այդ զգացումը չի լքում ինձ։ Բայց ոչինչ անել չէի կարող։

1986-ին՝ իմ ազատ արձակվելուց երկու տարի առաջ հայրս մահացավ։ Նրա մահվան մասին տեղեկացել եմ երկու տարի անց միայն։ Չգիտես ինչու, հարազատներս համարել են, որ ճիշտն ինձ չասելն է։ Ազատազրկմանս ողջ ընթացքում անընդհատ մտածել եմ, որ մի օր հորս հետ զրուցելու ու նրան ամեն ինչ բացատրելու հնարավորություն եմ ունենալու։ Բայց այդպես էլ նման հնարավորություն չունեցա։

Տեսակցությունն ընդհանուր էր։ Սա նշանակում է, որ մեկ ընդհանուր սրահը ցանցով բաժանված է երկու մասի։ Ցանցի մի կողմում կալանավորներն են, իսկ մյուս կողմում՝ հարազատները, որոնք զրուցում են իրար խանգարելով։ Հինգ րոպե անց ներս մտավ հսկիչը եւ հայտարարեց, որ բացում է դռնակը, եւ կարող ենք մոտենալ մեր հարազատներին։ Ուրախացել էի։ Մոտեցա հորս, գրկախառնվեցինք։ Անհամեմատ ավելի խաղաղ էր։ Դատավարության շրջանի լարվածությունը չկար։ Տեսակցության ողջ ընթացքում ձեռքերս իր ափերի մեջ պահեց։ 30-40 րոպե անց հսկիչն իրարից բաժանվելու հրահանգ արձակեց։

-Հանգիստ գնա, Նարինեն (քույրս) սպասում է, ու մի մտածիր, – ասացի։

Հայրս թողեց ձեռքերիցս մեկը, ձեռքը տարավ գրպանը եւ գումար դրեց ափիս մեջ․

-Փող է, պետք կգա, պահիր։

Բարձրացրի շալվարիս փողքն ու գումարը դրեցի գուլպայիս մեջ։

Տեսակցությունից դուրս եկած բոլոր կալանավորներին, նրանց թվում՝ եւ ինձ, ուղեկցեցին առանձին միջանցք։ Ուղեկցող հսկիչը հրահանգեց․

-Կթվեք։

Ես բան չհասկացա։ Շուրջս էի նայում, որ հասկանամ, թե ով ինչ է անելու, ու ըստ այդմ էլ շարժվեմ։ Մեկն ասաց․

-Ոչինչ չունեմ։

Չարացած հսկիչը վրա բերեց․

-Խուզարկե՞մ հիմա։

Այս երկխոսությունից պարզ դարձավ,  որ փող պետք է տամ։ Հայրս տվել էր երեք հատ 5 ռուբլիանոց եւ մեկ հատ 3 ռուբլիանոց։ 3 ռուբլիանոցն արագ մեկնեցի հսկիչին ու մտածում եմ՝ եթե դժգոհ լինի, ամբողջը կտանի։ Բայց հանգիստ վերցրեց ու հրահանգեց դուրս գալ միջանցքից։ Այնտեղ արդեն ինձ էր սպասում մեր մասնաբաժնի հսկիչը։ Ողջ գումարն ընկերներով ծախսեցինք մինչեւ Թբիլիսի հասնելը։ Զինվորներից մեկը նույնիսկ գինի բերեց. այնքան վատն էր, որ զզվանքով էինք խմում։