Մինսկի խմբի հայտարարությունը ավելի շուտ ազդանշան է Հայաստանին. Էմիլ Սանամյան

864

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանն ընդառաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ հայտարարությամբ` կոչ անելով երկու կողմերին «ձեռնպահ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք ենթադրում են ներկա իրավիճակի լուրջ փոփոխություններ, կանխորոշում են կամ հետագա բանակցությունների համար նախապայմաններ են ստեղծում․․․»։ Հայտարարությունում նշվում է նաև, որ համանախագահներն աշխատում են երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստման շուրջ։

Ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին ՍիվիլՆեթի Կարեն Հարությունյանը զրուցել է լրագրող, փորձագետ Էմիլ Սանամյանի հետ։ Էմիլ Սանամյանը բնակվում է Վաշինգտոնում, մասնագիտացած է Հարավային Կովկասի հակամարտությունների թեմաներով։ Նա նաև Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտական ինստիտուտի Focus on Karabakh հարթակի խմբագիրն է։

– Հայաստանի նոր կառավարությունը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին: Հայաստանում կարծիքներ են հնչում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը ավելի շուտ ազդանշան է Հայաստանին, քան Ադրբեջանին, որ  բանակցությունների ձեւաչափը չի կարող փոխվել: Ի՞նչ եք կարծում, որն է այս հայտարարության հիմքում ընկած ուղերձը:

– Այո, ես էլ եմ այդպես կարծում։ Ինչպես լսեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանից եւ այլ պաշտոնյաներից, Հայաստանի ղեկավարությունը պատրաստ չէ բանակցություններում հանդես գալ Արցախի անունից կամ քննարկել տարածքային որեւէ զիջում: Այս դիրքորոշումը կրկնվել է անցյալ շաբաթ, երբ հայտարարվեց Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ նոր հանդիպման ծրագրերի մասին: Ալիեւը եւ միջնորդները հստակ հայտարարել են, որ իրենք պատրաստ չեն խաղաղության գործընթացում որեւէ փոփոխության՝ ո՛չ կառուցվածքային, ո՛չ էլ բովանդակային առումով:

Հայտարարությունում նշվում են խաղաղության գործընթացին ուղղված հետևյալ քայլերը. «Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողությանը; Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ; Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն իրար կապող միջանցք; Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում, իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտություն; ներքին տեղահանված բոլոր անձանց և փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք; միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն»։ Այս հաջորդականությունն արդյոք ենթադրո՞ւմ է առաջնահերթություն՝ ըստ թվարկումի։

Չէի ասի: Տարիների ընթացքում քննարկվող տարբեր գաղափարներ փոխկապակցված են իրականացման առումով: Օրինակ, որոշակի տարածքների հանձնումը եւ խաղաղապահների տեղեկայումը կարող են համատեղ լինել: Ղարաբաղի կարգավիճակի որոշման մեխանիզմի վերաբերյալ համաձայնության բացակայությունը վերջին տարիներին կապվել է Քելբաջարի նկատմամբ հայկական վերահսկողությունը շարունակելու հետ: Բայց կա գիտակցումը, որ այդ գաղափարներից ոչ մեկը չի կարող իրականացվել այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմի վտանգ կա: Երբ փոխադարձ վստահությունը լիովին բացակայում է, շատ ավելի քիչ հակասական բաներն անգամ, ինչպիսին է ժողովրդական դիվանագիտությունը, փաստացի դադարել են։

– Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ալիեւի հետ հանդիպումների ժամանակ բանակցությունների օրակարգ չկա: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ հայկական կողմը փորձում է զրոյից սկսել: Եթե այո, որը կարող է լինել բանակցությունների նոր մեկնակետը:

– Մեկնակետը պետք է լինի փոխադարձ վստահության կառուցման հետ կապված հարցերը, ինչպիսիք են հրադադարի խախտումների կանխումը, երկու կողմերում քաղաքացիական անձանց պաշտպանելը, պատերազմի հանցագործությունները կանխելը կամ պարզապես ժողովրդական դիվանագիտության վերսկսման հնարավորությունը: Եվ եթե Ալիեւը պատրաստ չէ ներգրավվել նման բաների մեջ, ապա Հայաստանի կառավարությունը պետք է փնտրի այլ գործընկերների, որոնք պատրաստ են։

Սա չի նշանակում զրոյից սկսել, բայց նշանակում է ճանաչել, որ բանակցային գործընթացը արդյունք չի տվել, քանի որ այն բավականաչափ ընդգրկուն չէ, բավականաչափ խորը եւ բավականաչափ ազնիվ չէ: Եթե կողմերն իսկապես ցանկանում են խաղաղություն, ապա քննարկումները պետք է այլ ձևով լինեն։ Եվ ակնհայտորեն, հիմնական նախապայմանն այն է, որ պատերազմի ցանկացած սպառնալիք պետք է դուրս գա բանակցային սեղանից:

 Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությունը միշտ էլ տարբերվել է բանակցային սեղանի շուրջ իրական քննարկումներից: Այս տեսանկյունից, որքանով է տարբեր կամ նման ներկայիս իրավիճակը:

– Տարբեր է այն տեսակետից, որ Հայաստանն այժմ ունի այլ ղեկավարություն, որը հստակեցրել է, որ ներկայում պատրաստ չէ քննարկել տարածքային որեւէ զիջում՝ նույնիսկ կարգավիճակի եւ միջազգային անվտանգության երաշխիքների դիմաց: Այնուամենայնիվ, այդ ղեկավարությունը նաև չի հստակեցրել, թե ինչ է փորձում անել բանակցությունների միջոցով՝ հրադադարի պահպանումից բացի։

Մեկ այլ հարց է, որ Փաշինյանի եւ Լեռնային Ղարաբաղի կառավարության միջեւ որոշակի ակնհայտ անվստահություն կա, որը հրապարակավ դարձավ դեկտեմբերյան ընտրություններից առաջ եւ հանգեցրեց պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ Լեւոն Մնացականյանի պաշտոնից ազատմանը: Արցախի ղեկավարությունը այժմ մոտենում է անցումային շրջանի՝ 2020թ. նախատեսվող նախագահական ընտրություններին: Կարծես թե նախագահ Բակո Սահակյանն ընտրել է Վիտալի Բալասանյանին՝ որպես իր հաջորդի: Բալասանյանը քննադատեց Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի եւ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հետապնդումը: Փաշինյանը, իր հերթին, կարող է Արցախի նախագահի պաշտոնում աջակցել մեկ այլ թեկնածուի։ Արցախի հաջորդ ղեկավարի շուրջ այդ անորոշությունը ևս գործոն է, որը ազդեցություն ունի Փաշինյանի բանակցային դիրքի վրա։

– Հայաստանում շատ է խոսվում, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցություններից, երբ ԼՂ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հայաստանի նախագահ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Սա հայտնի միֆ է, բայց պատմական հիմքեր չունի: Փաստորեն, երբ 1998թ․ Քոչարյանը ընտրվեց Հայաստանի նախագահ, նա Արցախի դիրքորոշումը դարձրեց Հայաստանի դիրքորոշում։ Եթե Տեր-Պետրոսյանը կողմ էր նախկին ադրբեջանական շրջաններից (բացի Լաչինից) դուրս գալուն՝ անվտանգության երաշխիքների դիմաց, առանց ԼՂ կարգավիճակի որոշման, ապա Ստեփանակերտը պնդում էր, որ այդ շրջանները կարող են վերադարձվել միայն իր անկախության ճանաչման կամ Հայաստանին միանալու դեպքում՝ ի լրումն անվտանգության երաշխիքների: Այսպիսով, 1997-98 թթ. կար տեսակետների տարբերություն: Դա հաղթահարվեց միայն այն ժամանակ, երբ Քոչարյանն ընտրվեց Հայաստանի նախագահ: Տեր-Պետրոսյանն այդ ժամանակ հայտարարեց, թե չի հավատում, որ Հայաստանը եւ Ղարաբաղը կարող են տարածքները պահել ավելի քան հինգ տարի։ Ակնհայտորեն, ժամանակը հակառակն ապացուցեց։

Կարծում եմ՝ այն տեսակետը, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցություններից Քոչարյանի Հաայստանի նախագահությունը ստանձնելուց հետո, ստեղծվել է իր հակառակորդների կողմից՝ որպես իմ նշած ավելի կարեւոր տարբերություններից շեղելու միջոց: Իրականում, Ադրբեջանի առաջնորդները, մասնավորապես, Հեյդար Ալիեւն ու նրա ենթակաները, համաձայն էին խոսել միայն Ղարաբաղի ղեկավարության` Քոչարյանի եւ նրա ենթակաների հետ, երբ 1993 թ. ենթարկվեցին ռազմական ճնշման, եւ կրկին՝ 1994 թ., երբ Ալիեւը համաձայնեց զինադադարին: Այդուհանդերձ, այդ ժամանակից ի վեր ադրբեջանական կառավարությունը ձգտում էր խուսափել Լեռնային Ղարաբաղի հետ շփումից: Թեև Մինսկի կոնֆերանսի ձեւաչափը ներառում էր ԼՂ ներկայացուցիչներին, դա ավելի շատ բանավեճի ակումբ էր, քան բանակցությունների հիմնական հարթակ: 1990 թթ․ կեսերին, նախքան Քոչարյանի՝ Հայաստանի նախագահ դառնալը, Ալիեւի եւ Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներ Վաֆա Գյուլուզադեն եւ Ժիրայր Լիպարիտյանը գլխավոր բանակցողներն էին, եւ ԼՂ-ն արդեն իսկ դուրս էր բանակցություններից:

Իմ կարծիքով, ԼՂ-ի՝ բանակցային գործընթացին ներգրավվածության շուրջ խոսակցությունները այս հակամարտության հիմնական հարցերից ուշադրությունը  շեղելու փորձ են, քանի որ մշակութային, տնտեսական եւ անվտանգության առումով Արցախն արդեն իսկ Հայաստանի շարունակությունն է եւ վաղ թե ուշ քաղաքականապես ևս Հայաստանի մասն է լինելու: Այդ ամենը հաշվի առնելով՝ կարելի է ակնկալել, որ Հայաստանի կառավարությունը պետք է պայմաններ ստեղծի միասնական դիրքորոշմամբ Ղարաբաղը ներկայացնելու համար, այլ ոչ թե փորձի պատասխանատվությունը գցել մի հանրապետության վրա, որին պաշտոնապես չի ճանաչել:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի