Ֆուտբոլային շաբաթ՝ Իջևանում. «Նիկարմի» հրավերով «Դովեղը» ընկերական հանդիպումներ անցկացրեց «Արնար» մարզադաշտում

1760

Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանի հրավերով Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբը իր երկու թիմերով՝ մեծահասակներ և «Դովեղ-03», շաբաթ, մարտի 9-ին, ընկերական հանդիպումներ և մարզումներ անցկացրեց Տավուշի մարզկենտրոնի «Արնար» մարզադաշտում:

Տավուշում հրաշալի գարնանային եղանակ էր և հաճելի էր հյուրընկալվելը:

Նախ տեղի ունեցավ «Նիկարմ-04»-ի ընկերական հանդիպումը «Դովեղ-03»-ի հետ: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով: Գոլի հեղինակ դարձավ «Դովեղ-03»-ի ավագ Արմեն Հակոբյանը:

Ապա խաղադաշտ դուրս եկան «Նիկարմ-03»-ի և Հայաստանի Ֆուտբոլի Առաջին խմբի 2019-2020 թթ. առաջնությանը նախապատրաստվող մեծահասակների «Դովեղ» թիմերը: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3-0 հաշվով:

Ֆուտբոլային շաբաթը ավարտվեց մեծահասակների «Դովեղ» թիմի հիմնական և պահեստային թիմերի միջև հանդիպումով, որն ավարտվեց 1-1 հաշվով:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում «Նիկարմ» ֆուտբոլային ակումբին և նրա նախագահ Արմեն Խաչատրյանին՝ հյուրընկալության և ֆուտբոլային շաբաթի համար:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբ