Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը ընդունելը չարյաց փոքրագույնն էր. Բաթումի 1918թ. բանակցությունները

1483
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն հրատարակել է Հայաստանում:

_______________________________

Չորրորդ գլուխ

Թուրք-անդրկովկասյան պատերազմը և Բաթումի բանակցությունները

1918 ապրիլ 1-մայիս 26

նախորդ մասը կարդալ այստեղ

Այս հայտարարությունը նախորոշեց հետևյալ դեպքերի ընթացքը։ Մեզ համար մասնավորապես, սա անսպասելի չէր։ Սա հաշվի առնելով էր, որ ես ու Քաջազնունին Տրապիզոնից հեռագրել էինք Թիֆլիս, գրելով, որ «ստեղծված պայմաններում Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը ընդունելը չարյաց փոքրագույնն է»։ Այս խոսքերը ասվել էին մարտի 28-ին։ Այդ օրվանից ավելորդ պայքարի ու հուսախաբությունների 44 օր էր  անցել։ Մենք ուշացել էինք, ինչպես մի քանի անգամ ուշացանք մեր վերջին տարիների պատմության մեջ։ Պատճառը միշտ էլ այն էր, որ մենք գերագնահատեցինք սեփական ուժերը և թերագնահատեցինք թշնամու ուժերը։

Խալիլ բեյի հայտարարությունից հետո սկսվեցին վիճաբանություններ, որոնք Խալիլ բեյը անվանեց ապարդյուն և անիմաստ։ Շուտով պարզվեց, որ թուրքերը արդեն պատրաստ ունեին հաշտության դաշնագրի նոր ծրագիրը, որը Խալիլ բեյը անմիջապես հանձնեց Չխենկելուն։ Գերմանացի ներկայացուցիչ Ֆոն Լոսովը ասաց, որ ինքը «նկատի պետք է առնի թուրքական և Անդրկովկասյան պատվիրակությունների տարբեր տեսակետները Բրեստ-Լիտովսկի դաշնագրի մասին, պատրաստ է ուսումնասիրել թուրքական նոր դաշնմագրի ծրագիրը և մասնակցելու դրա քննությանը՝ գերմանական շահերը պաշտպանելու համար»։

Այս հայտարարությունից հետո ժողովը փակվեց։ Մենք տուն դարձանք չափազանց ծանր և մռայլ տպավորության տակ։ Հարկավ, մեր առաջին գործը եղավ ծանոթանալ թուրքական դաշնագրի նոր ծրագրին, որը մեզ հանձնվել էր կնքված ծրարով։ Երբ բացեցինք ծրարը, մեր առաջին հայացքը ընկավ սահմանների վրա, որոնց նկարագրությունից տեսանք, որ Հայաստանից խլվում են ոչ միայն Կարսի նահանգը, այլ նաև Ալեքսանդրապոլը, Սուրմալուի գավառը, երկաթուղին։ Հայաստանը դատապարտված էր խեղդվելու անտանելիորեն նեղ սահմանների մեջ։ Վրացիները ևս ուրախանալու բան չունեին, որովհետև իրենցից խլվում էր Ախալցխայի գավառի մի կարևոր մասը։ Մեր վրդովմունքին սահման չկար։

Հետևյալ օրը, մայիս 12-ին, մեր պատվիրակությունը հավաքվեց խորհրդակցության։ Ընդհանուր կարծիքն այն էր, որ պետք է պինդ կանգնել Բրեստ-Լիտովսկի դաշնագրի պայմանների վրա և հենվել այն ստորագրող Գերմանիայի, Ավստրիայի և Բուլղարիայի վրա։

Ժողովից հետո մենք անմիջապես գնացինք զորավար Ֆոն Լոսովիմոտ, որը Թուրքիայի դաշնակիցների միակ ներկայացուցիչն էր, և մեր բողոքը ներկայացրինք Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը այնքան կոպիտ կերպով խախտելու համար։ Զորավար Ֆոն Լոսովը արդեն գիտեր թուրքերի պահանջները։ Զուսպ, բայց նա որոշակի կերպով հասկացնել տվեց, որ ինքը համամիտ է մեզ հետ, սակայն պարտավոր է վերապահ լինել։

Լեփսիսուսի «Գերմանիա և Հայաստան» գրքից հասկացվում է, որ զորավար Ֆոն Լոսովը նույ գիշերն իսկ թուրքական պահանջների մասին վրդովմունքով լի հեռագիր է ուղղել Պոլսում Գերմանիայի դեսպանին և Բեռլինի կառավարությանը։ Այդ հեռագրի բովանդակությունը հետևյալն է.«Սահման անցնող թուրքական պահանջները՝ անջատելու զուտ հայկական գավառները, ինչպես Ախալքալաքը, Ալեքսանդրապոլը և Երևանի նահանգի մասերը, աղաղակող կերպով խախտում են Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը և նկատի ունեն հայերին ոչնչացնել Անդրկովկասում։ Այսօր երեկոյան թուրքերը վերջնագիր ներկայացրեցին, թույլ տալու, որ իրենց զորքերը Ալեքսանդրապոլի վրայով անցնեն Ջուլֆա և այդ մասին ինձ ոչինչ չհաղորդեցին։ Ես բողոքեցի նման ընթացքի դեմ»։

Այս հեռագիրը ուղարկելով Բեռլին գերմանական կառավարությանը, Պոլսում Գերմանիայի դեսպանը իր կողմից թելադրում է երկու պայման իբրև հաշտության հիմք. առաջին՝ Թուրքիան պետք է ընդունի Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը, երկրորդ՝ դյուրացնելու համար թուրքերի նահանջը դեպի Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը՝ կատարել փոխանակություն, այսինքն՝ թուրքերին առաջարկել վերցնել Ախալցխա գավառի թուրքական մասը և դրա փոխարեն վերադարձնել Կարսի շրջանի հայկական մասը՝ Կաղզվանը։

Գերմանացի դեսպանը ավելացնում է, որ Խալիլ բեյը և Վեհիբ փաշան համաձայն են այդպիսի փոխանակության հետ, բայց Էնվեր փաշան պահանջում է անմիջապես վերջնագիր տալ։ Դեսպանը հայտնում է, որ այդպիսի վերջնագիրը Կովկասում նոր պատերազմի պատճառ է դառնալու և անհարաժեշտ է համարում Թալեաթ փաշային հայտնել, որ թուրքական այդպիսի քաղաքականությունը Կովկասում չի կարող արժանանալ Թուրքիայի զինակիցների պաշտպանությունը, այլ հակառակը՝ պետք է մեծապես վնասի Թուրքիայի շահերին՝ հանդիպելով զինակիցների բուռն դիմադրությանը։

Այսպես էին մտածում և գործում գերմանացի զորավար Ֆոն Լոսովը Բաթումում և գերման դեսպան Կոմս Բեռնստորֆը Պոլսում։ Այդ օրերին, այսինքն՝ մայիսի 15-ին, Թիֆլիս էր հասել գերմանական մի պատվիրակություն զորավար Ֆոն Կրեսսի գլխավորությամբ։ Պատվիրակությունը ուներ ռազմանական և քաղաքական առաքելություն։

Այս առիթով Գերմանիայի արտգործնախարարի օգնական Գյոբբերթը Հայոց Ազգային խորհրդի ներկայացուցչություն էր հաղորդում հետևյալը. «Թուրքերն ուզում են ընդարձակել Բրեստ-Լիտովսկի դաշնագրի սահմանները։ Դա կարող է առաջ բերել բախում նրանց և հայերի միջև։ Այս հարցի մասին գերմանական կառավարությունը բանակցություններ է վարում թուրքական կառավարության հետ։ Անհրաժեշտ է, որ դուք մեկնեք Կովկաս և տեսնվեք զորավարներ Ֆոն Կրեսսի և Ֆոն Լոսովի հետ»։

Հունիսի 9-ին գերմանական բանակի գլխավոր հրամանատար Հինդենբուրգը հետևյալ հեռագիրն է ուղղել Էնվեր փաշային. «Գերմանական գերագույն հրամանատարության անունով խնդրում եմ Ձերդ Գերազանցությանը հրամայել, որպեսզի թուրքական բոլոր զորքերը դուրս քաշվեն Կովկասի սահամաններից, բացի Կարսը, Արդահանն ու Բաթումը»։

Գերմանական այս բողոքներն ու քայլերը երկու պատճառ ունեին։ Առաջին, նրանք ուզում էին պահպանել Բրեստ-Լիտովսկի պայմանները, որոնք նրանք նախապես գծել և որոշել էին: Երկրորդ, նրանք զորավար Ֆոն Լոսովի և Բեռլինում այդ ժամանակ գտնվող Հայոց Ազգային խորհրդի ներկայացուցչության միջոցով տեղյակ էին Կովկասում իրերի իրական վիճակին: Թուրքերը իրենց ընթացքով խախտում էին ռազմական ընդհանուր ծրագիրը, որի համաձայն թուրքական ուժերը պետք է գործեին հարավի ուղղությամբ՝ ընդդեմ դեպի Բաղդադ աբգլիական շարժման, մինչդեռ նրանք գնում էին դեպի հյուսիս՝ Բաքու և Հյուսիսային Կովկաս իրենց սեփական համաթուրքական նպատակների իրագործման համար:

Այս հողի վրա տեղի էր ունենում բախում թուրքերի և նրանց զինակիցների միջև: Դա ինձ բացատրեցին նաև Վեհիբ փաշան և զորավար Ֆոն Լոսովը: Սրանից մասամբ հասկանալի պիտի լինի, թե ինչու էին գերմանացիները աշխատում պաշտպանել մեր շահերը:

Բաթումի բանակցություններին փորձեր արեցին մասնակից դարձնել նաև բուլղարներին: Այդ պատճառով, որոշեցինք պատվիրակ ուղարկել Վառնա, բայց դեպքերի գահավեժ ընթացքը թույլ չտվեց իրագործել այդ ծրագիրը:

Իրենց նոր պայմաններին պատասխան չստանալով՝ թուրք պատվիրակները մայիսի 14-ին նոր պահանջ ներկայացրեցին մեզ՝ թուրք զորքերին թույլ տալ Ալեքսանդրապոլի վրայով անցնել Ջուլֆա: Այս առթիվ ես ստիպված եղա գնալ Նոթանեպի կայարանը՝ ուղիղ հեռագրաթելով խոսելու Ահարոնյանի և Կարճիկյանի հետ՝ խնդրելով անմիջապես քննության առնել թուրքական պահանջները և մեզ շուտափույթ պատասխան տալ: Սակայն մինչև մեր պատասխան առնելը, մայիսի 14-15-ի գիշերը ժամը 1-ին տեղի ունեցավ տեսակցություն, որին մասնակցեցին Խալիլ բեյը, Վեհիբ փաշան, Քաջազնունին և ես: Տեսակցությունը տեղի ունեցավ Խալիլ բեյի բնակարանում՝ հայտնի հարուստ Չիլինգարյան գեղեցիկ տանը:

«Հասկացեք իրերի դրությունը: Ես և Վեհիբ փաշան կոմիտեում ներկայացնում ենք չափավոր, հաշտարար հոսանքը: Թալեաթ և Էնվեր փաշաները ուզում են իսպառ ոչնչացնել հայկական հողը: Օգնեցեք մեզ՝ ուժեղացնելու մեր դիրքը: Արեք բոլոր զիջումները, հնարավորություն ստեղծեք մեզ համար՝ շարժվելու Ջուլֆա-Պարսկաստան երկաթուղագծով և թույլ տվեք մեզ գնալու Բաքու և հյուսիս՝ Ղարաքիլիսա-Եվլախ ճանապարհով: Իսկ հետո, երբ պատերազմը ավարտվի, մենք ձեզ օգնության կհասնենք և կվերադարձնենք այն, ինչ որ այսօր ձեզանից վերցնում ենք: Մենք ձեզ կօգնենք ապագայում: Իսկ այսօր ձեր դիմադրությունը միայն պիտի վնաս հասցնի ձեզ և նոր արյունահեղությունների պատճառ դառնա»,- ասում էր Խալիլ բեյը մեզ:

Խալիլ բեյը հիշեց նաև այն բոլոր դեպքերը, երբ հայերը գործակցել էին իր հետ և ասաց, թե ինքը եղել է հայերի լավ խորհրդատուն: Ես ու Քաջազնունին մեր սրտի ամբողջ դառնությունը հայտնեցինք նրանց՝ շեշտելով, որ թուրքերը այլ քաղաքականություն չունեն, բացի հայերին բնաջնջելը: Մենք ասացինք, որ հայերը ևս համաձայնության եզր են փնտրում թուրքերի հետ, բայց թուրքերը իրենց անզիջող ընթացքով մեզ մղում են դեպի բախում:

Մեր խոսակցությունը տևեց երկու ժամ և իբրև դրա արդյունք համաձայնվեցինք, որ գերմանական պաշտպանությամբ թույլ տալ, որ թուրքական զորքերը անցնեն հայկական հողով: Այս մասին հեռագրով հաղորդեցինք Թիֆլիս: Գալով հաշտության դաշնագրի պայմաններին, Խալիլ բեյը հաղորդեց մեզ, թե միմիայն իր հաշտարար կամքն է, որ դեպքերի գահավիժման արգելք է դառնում, որովհետև թուրքական վերջնագիրը իր գրպանում է, և Էնվեր փաշան պահանջում է անմիջապես այն ներկայացնել, բայց ինքը ձգձգում է այն հույսով, որ Անդրկովկասը առանց վերջնագրի անհրաժեշտ զիջումներ պետք է անի:

Սակայն Անդրկովկասյան կառավարությունը մայիսի 15-ի հեռագրով իր պատվիրակությանը հրահանգում էր Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղագծի վերաբերյալ բանակցությունների մեջ մտնել թուրքերի հետ, իսկ մինչև համաձայնության կայանալը զորավար Նազարբեկյանին հրամայում էր «պահել Ալեքսանդրապոլը և երկաթուղագիծը գինու զորությամբ»: