Վրաստանի անկախության հռչակումը․ մաս 1

1119

1930 թվականին արված այս ընտանեկան լուսանկարում պատկերված է 20-րդ դարի Վրաստանի քաղաքական պատմությունը` վրացական էսէռների կուսակցության առաջնորդներից մեկը` Գրիգոլ (Գիգո) Նաթաձեն, ով 1918 թվականի մայիսի 26-ին ստորագրել է Վրաստանի անկախության հռչակագիրը և թոռները` ապագա խորհրդարանի պատգամավորներ Նոդար և Մայա Նաթաձեները նստած են ծնկներին: Նրանք 1991 թվականի ապրիլի 9-ին իրենց ստորագրությունն են թողել Վրաստանի անկախության վերականգնման հռչակագրում: Այս լուսանկարը, խորհրդանշորեն, պատկերում է Վրաստանում քաղաքական սերունդների մոտիկությունը:

70 տարում` երեք սերնդի ընթացքում, մեր հասարակության հիշողությունից դուրս են մղվել այս անձինք, որոնք 1918 թվականին հիմնադրել են Վրաստանի Հանրապետությունը: Խորհրդային ռեժիմը ոչնչացրել է այդ սերնդի գործիչների մեծ մասին, իսկ մնացածների քաղաքական անցյալը հրապարակայնորեն հիշելը վտանգավոր դարձրել:

Նման գիրք (Ազգային խորհրդի անդամների կենսագրություն) ցանկացել են հրատարակել նաև 1918-1921 թվականներին, սակայն, այն ժամանակ, ցավոք, չի հրատարակվել և Վրաստանի Հանրապետության հիմնադիր դեմքերն ու անունները անհայտ են մնացել հետագա սերունդների համար:

2014 թվականին «Խորհրդային անցյալի ուսումնասիրման լաբորատորիան» NED (National Endowment for Democracy) հիմնադրամի աջակցությամբ պատրաստել է Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության հիմնադիր ժողովի պատգամավորների կենսագրության ժողովածուն, իսկ դրանք հրատարակելու միջոցներ կազմակերպությունը չուներ:

2015 թվականին գրքի հրատարակման համար անհրաժեշտ միջոցներ հավաքելու համար արշավ է սկսվել: Այս գործում իրենց ներդրումն են ունեցել տարբեր կազմակերպություններ և անհատներ: Նրանց նվիրաբերություններով պատրաստվել և հրատարակվել է սույն ժողովածուն, որով, գրեթե մեկ դար անց, Առաջին Հանրապետության հիմնադիր դեմքերը վերադարձել են մեր ժամանակակիցների գիտակցություն:

Գրքի հեղինակներն իրենց երախտագիտությունն են հայտնում այն մի քանի տասնյակ կազմակերպություններին ու անհատներին, որոնց ֆիզիկական և ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավոր է դարձել այս ժողովածուի հրատարակումը:

«Ալիք մեդիան» սկսում է մաս առ մաս հրատարակել գրքի հայերեն թարգմանությունը: 

Վրաստանի հիմնադիր ժողով. Անկախության հռչակումը

1918 թվականի մայիսի 26-ին, 17:10-ին, Վրաստանի ազգային խորհուրդը միաձայն ընդունել է Վրաստանի անկախության հռչակագիրը: Ազգային խորհրդի պրեզիդիումի ղեկավար Նոե Ժորդանիան քաղաքացիներին հայտնել է Վրաստանի ժողովրդավարական հանրապետության հիմնադրման մասին:

Ռուսական կայսրության փլուզումից հետո՝ անցումային շրջանում, Վրաստանում, փաստացի, իշխանութունն իր ձեռքն էր վերցրել սոցիալ-դեմոկրատական աշխատավորների կուսակցությունը, որը փորձեց համագործակցել տարբեր՝ հին և նոր վրացական կուսակցությունների ու այսրկովկասյան ազգերի ներկայացուցիչ քաղաքական ուժերի հետ, որպեսզի նախկին կայսրության փլատակներում հայտնված տարածաշրջանը պաշտպանի անարխիայից ու քաոսից:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծված միջազգային ճգնաժամերի, կայսրությունների փլուզման ու նոր պետությունների հիմնադրման ֆոնին, երբ համաշխարհային նոր կարգ էր հաստատվում, ռուս-թուրքական կովկասյան ճակատի գոյությունը հիմնաքանդ էր անում կովկասյան ազգերի ինքնորոշման գործընթացի բացեիբաց մեկնարկը, քանի որ թուրքական ագրեսիայից պաշտպանվելու այլ երաշխիք, բացի Ռուսաստանից, չէր նշմարվում: Միևնույն ժամանակ, քաղաքական ուժերը չէին կորցնում Ռուսաստանի՝ որպես ժողովրդավար հանրապետության կազմավորման հույսը և Ռուսաստանի հիմնադիր ժողովից բոլոր հիմնարար ու ցավալի հարցերի լուծում էին ակնկալում՝ այդ թվում նախկին կայսրության ազգերի ինքնորոշման ու պետականության կարգի ձևաչափի վերաբերյալ:

Զուգահեռաբար, կովկասյան ազգերն ազգային խնդիրը լուծելու գործընթացն ապահովելու, տեղական կառավարման ամրապնդման և քաղաքական ուժերի համագործակցության միջավայր ստեղծելու համար սկսեցին ձևավորել ազգային խորհուրդներ:

Ռուսաստանում բոլշևիկյան հեղաշրջումից և Հիմնադիր ժողովի տապալումից հետո, ազգային խնդիրն ընդանուր համաձայնությամբ լուծելու թեորիական մեխանիզմը նույնպես վերացավ: Բոլշևիկյան ռեժիմը Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրով կայսրության նախկին տարածքները փոխանցեց Գերմանիային և նրա դաշնակից Օսմանյան Թուրքիային: Ռուսական բանակի մի մասը, որոնց վրա բոլշևիկյան ազդեցությունը մեծ էր, սկսեցին զանգվածաբար հեռանալ կովկասյան ճակատից և օսմանյան ռազմական ագրեսիայի համար ճանապարհ բացեցին, որը չէր բավարարվում մինչպատերազմյան սահմանների վերականգնմամբ և նպատակ ուներ բռնազավթել Կովկասը:

Ռուսաստանի հիմնադիր ժողովի կովկասցի պատգամավորները ընդլայնված կազմով հիմնեցին Այսրկովկասի սեյմը: Սեյմը ճգնաժամային վիճակից դուրս գալու համար Այսրկովկասի դաշնային հանրապետության ձևավորման նպատակ ուներ, որը չէր ընդունում Բրեստ-Լիտովսկյան պայմանները և փորձեց ուղիղ բանակցություններ վարել Օսմանյան Թուրքիայի հետ:

Այսրկովկասյան ազգերի արտաքին քաղաքական ուղղությունների տարբերությունը և Օսմանյան՝ հարձակումները շարունակելու հստակ դիրքորոշումը, դաշնային հանրապետությունը փակուղու առաջ կանգնեցրեց: Վրաց դիվանագիտական առաքելությունը կարողացավ գաղտնի համաձայնության հասնել Գերմանիայի դիվանագիտական առաքելության հետ, որը պատրաստակամություն հայտնեց` դառնալ անկախ Վրաստանի արտաքին գործընկեր ու կանխել օսմանյան ագրեսիան:

1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի ազգային խորհուրդը, բոլոր օրինական պայմանները հաշվի առնելով, հայտարարեց Վրաստանի անկախությունը: Ազգային խորհրդի կազմն ընդլայնվեց` համալրվելով Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով և քաղաքական կուսակցությունների անդամներով ու, մի կողմից, ժամանակավոր օրենսդրական գործառույթներ սկսեց իրականացնել, մյուս կողմից` սկսեց պատրաստվել համընդհանուր ընտրությունների:

1918 թվականի աշնանը խորհուրդը վերանվանվեց «Վրաստանի խորհրդարանի»: Խորհրդարանական քննարկումներից հետո որոշվեց, որ Վրաստանի ժողովրդավարական հանրապետության լիիրավ օրենսդիր մարմնի` Հիմնադիր ժողովի ընտրությունները տեղի կունենան 1919 թվականի փետրվարին։

Նորիկ Գասպարյան

Ալիք Մեդիա