«Իրանն ինձ համար հարևան է և բարեկամ, սրանով ամեն ինչ ասված է». Նիկոլ Փաշինյան

1461

Այսօրվանից սկսվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցելությունն Իրանի Իսլամական Հանրապետություն:

Հայտարարված ծրագրի համաձայն՝ վարչապետը հանդիպելու է Իսլամական պետության առաջնորդ Խամենեիին, հանրապետության նախագահ Ռոհանիին և խորհրդարանի նախագահ Լարիջանիին:

Հավաքներ են նախատեսված Թեհրանի և Սպահանի Նոր Ջուղա ավանի հայության հետ:

Բացառիկ նշանակություն ունի ՀՀ վարչապետի հանդիպումը ԻԻՀ-ի առաջնորդի հետ:

Պրն Խամենեին հազվադեպ է ընդունում արտասահմանցի հյուրերի և այս հանդիպումը դրական մեծ լիցք է հաղորդելու երկու երկրների բարեկամական հարաբերություններին:

Պրն Խամենեին մեկական անգամ ընդունել է նաև ՀՀ նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանին (25 դեկտ. 2001) և Սերժ Սարգսյանին (15 ապրիլի 2009):

Իրանի 15 հարևաններից միակ քրիստոնյա պետությունն է և Իսլամական Հանրապետությունը հաչս արևմուտքի և արտաքին աշխարհի մեծ կարևորություն է տալիս Հայաստանի և հայ ժողովրդի հետ բարի դրացիական և սերտ հարաբերություններին:

Այս հանդիպումը մեծ կարևորություն ունի նաև Արցախի և հայ-ադրբեջանական հակամարտության առումով և կչեզոքացնի մի շարք իսլամական ուժերի քարոզչությունը, որոնք փորձում են Արցախի հարցը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն:

Պրն Խամենեին մոտիկից ծանոթ է թե իրանաբնակ հայերի խնդիրներին և թե հայ ժողովրդի ու Հայաստանի պատմության. նա իսլամական հեղափոխության սաղմնավորումից մինչ այսօր զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ և աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաև հայերի հետ: Նա միշտ բարձր է գնահատել հայերի աշխատասիրությունը և նվիրվածությունն Իրանին:

Պրն Խամենեին թե որպես երկրի նախագահ և թե որպես հեղափոխության առաջնորդ անգամներ այցելել է Իրան-Իրաք պատերազմում զոհված հայ զինվորների ընտանիքներին. նա հուշեր ունի շահական զնդաններից, երբ իր խցում եղել է նաև հայ կոմունիստ:

Կարևոր է նաև վարչապետի հանդիպումը իրանաբնակ հայերի և իրանցի գործարարների հետ: Հայերը Թեհրանում և Նոր-Ջուղայում պատրաստվում են մեծ շուքով դիմավորել պրն վարչապետին, անշուշտ նա չի խուսափի նաև մի շարք սուր հարցադրումներից. համայնքն ավանդապաշտ է, ունի ազգային-կրոնական կուռ կառույցներ և հիմնականում հարում է դաշնակցական գաղափարախոսության:

Սա Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած առաջին այցելությունն է որպես Հայաստանի ղեկավար, իսկ ընդհանուր թվով երրորդը: Պրն Փաշինյանը 2004 թվականին որպես լրագրող և 2017 թվականի դեկտեմբերին որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամության խմբի անդամ ևս այցելել է Իրան:

Նա երեկ հարցազրույց է տվել Իրանի պետական հեռուստատեսությանը և շեշտել է, որ ինքն Իրանը կբնութագրի մեկ նախադասությամբ. «Իրանն ինձ համար հարևան է և բարեկամ, սրանով ամեն ինչ ասված է»: ՀՀ վարչապետը նաև իր հիացմունքն է արտահայտել Սպահան պատմական մայրաքաղաքի, նրա կոթողների և Նոր Ջուղայի կապակցությամբ»:

Այս առթիվ ուզում եմ մեջբերել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի ակնարկը Նիկոլ Փաշինյանի մասին, որն անուղղակիորեն կապվում է Նոր Ջուղայի պատմության. «Ես Նիկոլ Փաշինյանին չէի ճանչնար, իր մասին չէի լսած. Ֆեյսբուքերը բանամ, տեսնեմ ըսի, ինչպիսի անձ մըն է … զարմանալի բաներու հանդիպեցա: Երբ որ իր տունն այցելած էին, գիրքերը ցույց կու տար, գիրք մը ցույց տվավ՝ Առաքել Դավրիժեցի, ուրիշեն առած է այդ գիրքը և ինքը կարդացել է: 17-րդ դարու պատկանող Հայաստանի, Պարսկաստանի և շրջակա երկիրներու և մեր եկեղեցվո պատմությունը գրած է Առաքել Դավրիժեցին. ահավասիկ պրն վարչապետը կարդացել էր, իր հոգեմտավոր հետաքրքրությունը ցույց կու տա …»:

ՀՀ վարչապետը Իրանում ունենալիք իր բանակցությունները բաժանել է երեք մասի՝ քաղաքական, տնտեսական և մշակութային: Նա կարևորությամբ անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության հետ Իրանի համագործակցությանը: Փաշինյանն ասել է՝ Հայաստանն ու Իրանը բազմաթիվ ընթացիկ նախագծեր ունեն, որոնց հետագա իրագործման վերաբերյալ անհրաժեշտ է հստակություն մտցնել երկարաժամկետ առումով. դրանք վերաբերում են էներգետիկ ոլորտին, սննդարդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը, մեքենաշինությանը և քաղաքաշինությանը:

Հայաստան-Իրան բազում նախագծերի և համագործակցության արդյունքները կերևան ավելի ուշ: Մինչ այդ կողմերն ունեն մեծ անելիքներ. Հայաստանը պետք է ավարտին հասցնի Հյուսիս-հարավ մայրուղու և տնտեսական այլ ենթակառուցվածքների շինարարությունը, իսկ Իրանը հաղթահարի իր տնտեսական խնդիրները՝ ունենա կայուն արտարժույթ և տարատեսակ պատժամիջոցներից զերծ բանկային կայուն համակարգ:

Տիգրան Դավթյան