Չորս ամսով առկախվել է Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումը

1045

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ միջազգային պայքարի «Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խումբ (ՖԱԹՖ)»-ը (Financial action task force on money laundering–FATF) մեկ անգամ ևս չորս ամսով առկախել է Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումը։

ՖԱԹՖ-ի տնօրեն Մարշալ Բիլինգզլին, որը նաև ԱՄՆ գանձատան պետի տեղակալն է, իր հարցազրույցում շեշտել է, որ սա վերջին նախազգուշացումն է և հունիսին նոր սահմանափակումներ են վրա հասնելու ընդդեմ Իրանի բանկային և այլ ֆինանսական գործարքների:

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունն այս կապակցությամբ մինչ այժմ չորս նախագիծ է ուղարկել խորհրդարան, որը վավերացվել է, բայց հաստատման փուլում հանդիպել է Սահմանադրության պահապան խորհրդի ընդդիմության. այս խորհուրդը Սահմանադրական դատարանի իսլամական տեսակն է և անհրաժեշտ է դրա հաստատումը:

Պահապան խորհուրդը մասամբ է հաստատել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքները և վերապահություն ունի «Պալերմոյի արձանագրություններ»-ի (Palermo protocols) և «Ահաբեկչության ֆինանսավորման ապահովման» (Combating the Financing of Terrorism- CFT) որոշ կետերի հանդեպ:

Իրանի Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանի և Պահապան խորհրդի տարաձայնության դեպքում հարցը հղվում է «Վարչակարգի նպատակահարմարության խորհրդին». այս խորհրդի ամբողջ կազմին նշանակում է հեղափոխության առաջնորդը:

Խորհրդարանի պահանջով հարցն արդեն գտնվում է այս խորհրդի օրակարգում․ խորհուրդ, որը հայտնի է իր պահպանողականությամբ, նրա անդամները հիմնականում կղերականներ են և մինչ այժմ հրաժարվում են հաստատել խորհրդարանի բովից անցած այս օրենքները: Նրանք հիմնվում են իսլամական հեղափոխության արժեքների վրա, որի համաձայն օգնում են նաև աշխարհի մուսուլմաններին և հիմա մտահոգված են, որ այս բանաձևերի ընդունման դեպքում դժվարության կհանդիպեն:

ՖԱԹՖ-ը հիմնվել է 1989 թվականին աշխարհի յոթ հզոր տնտեսական  տերությունների կողմից, որին միացել  են ֆինանսական կարևոր կենտրոններ համարվող 29 երկիր, Եվրամիությունը և Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդը։

Իրանը և Հյուսիսային Կորեան գտնվում են այս խմբի սև ցուցակում, բայց Իրանին ժամանակ է տրվել ֆինանսական իր օրենքները համապատասխանեցնել այս կառույցի կանոններին։ «Պալերմոյի արձանագրություններ»-ը չորսն են. «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություններ, «Ցամաքով, ծովով և օդով միգրանտներին մաքսանենգ ճանապարհով տեղափոխման դեմ» արձանագրություն, «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգի կանխարգելման, արգելման և պատժելու մասին» արձանագրություն և «Հրազենի, ռազմամթերքի և հարակից նյութերի անօրինական արտադրության և շրջանառության դեմ» արձանագրություն։

ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ ՖԱԹՖ-ի համաձայնագրերին հակադրվելը բարդացնում է Իրանի առանց այդ էլ անմխիթար վիճակում գտնվող տնտեսական խնդիրները: «Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման համատեղ գործողությունների համընդհանուր պլան»-ից  (Joint comprehensive plan of action) ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Եվրոպան հավատարիմ մնաց այդ համաձայնագրին և Իրանին ևս հորդորեց չհրաժարվել համաձայնագրի կետերի գործադրումից:

Եվրամիությունը դրա փոխարեն Իրանին խոստացավ օժանդակել ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար, հիմնեց «Ապրանքափոխանակման պաշտպանության գործիքակազմ» (Instrument in Support of Trade Exchanges-INSTEX), որով կշրջանցվեն ամերիկյան արգելքները, միջազգային բանկային գործարքների SWIFT համակարգին փոխարինող ձև կգտնվի և իրանական նավթադոլարների դիմաց դեղորայք և գյուղմթերք կհասցնի Իրանին: Բայց Եվրամիությունը  ևս որպես նախապայման պահանջեց միանալ ՖԱԹՖ-ի համաձայնագրերին: Միջազգային այս համաձայնագրերին միանալու գործընթացի դանդաղեցումն արդեն իր ազդեցությունն է թողել Իրանի արտարժույթի երերուն շուկայի վրա և այս օրերին դարձյալ արժեզրկվում է իրանական ռիալը:

Պարադոքսային այս վիճակում ընտրողների ուղղակի մանդատն ունեցող նախագահը և խորհրդարանի մեծամասնությունը ցանկանում են գոնե լեզու գտնել Եվրամիության հետ, նոր լարվածություն չստեղծել և միանալ  ՖԱԹՖ-ի համաձայնագրերին, բայց պահպանողական և ազդեցիկ հոգևորականներն ու ծայրահեղական տարրերը պատրաստ չեն ընդունելու միջազգային պատասխանատվությունն ու խաղի կանոնները, և դա համարում են նահանջ իսլամական հեղափոխության սկզբունքներից:

Բարեփոխականները ևս փաստեր են ներկայացնում, որ պահպանողականները սկզբունքայնության քողի տակ փողերի լվացում են կատարում:

Իրանի շուրջ ընթացող այս անցուդարձերը հավանաբար դանդաղեցնեն նաև Հայաստան-Իրան առևտրի գործընթացները: Անկախ տարատեսակ պատժամիջոցների շրջանցումից, հայ և իրանցի գործարարներն հանդիպում են նաև պատվերների գումարի բանկային փոխանցման արգելքին: Հարցեր, որոնք մեծ հավանականությամբ լինելու են նաև Հայաստան-Իրան մոտալուտ բանակցությունների օրակարգում:

Տիգրան Դավթյան