«Միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը». Տեր-Պետրոսյան

951

Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ILur.am կայքում հոդված է հրապարակել՝ հակադարձելով այն պնդումներին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղորդվում է իր կողմից։ Տեր-Պետրոսյանը հոդվածը՝ ստորև։

Գրեթե օր չի անցնում, որ այդ հարաբերությունների մասին որեւէ «սենսացիոն» լուր, անհեթեթություն, ակնհայտ սուտ կամ հերյուրանք հրապարակ չնետվի։ Սովորաբար ես դրանց չեմ արձագանքում եւ ուշադրության էլ չեմ արժանացնում։ Միայն երբեմն, լրագրողների համառությանը չդիմանալով, հերքումներով հանդես է գալիս իմ գրասենյակի մամլո քարտուղարը։

Ի՞նչ պատճառով է, արդ, որ խախտելով իմ սովորությունը, այս անգամ որոշել եմ դրանց անդրադառնալ անձամբ։ Հավաստիացնում եմ՝ ո՛չ ամենեւին ինքնապաշտպանության, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանին շինծու մեղադրանքների թիրախ չդարձնելու նկատառումով։ Ուստի, մանր-մունր ցնդաբանությունները մի կողմ դնելով, կարեւոր եմ համարում հանրության ուշադրությունը հրավիրել միայն Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսների եւ նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից տարածվող հետեւյալ պնդումների վրա։ Եւ այսպես.

1. Որպես աքսիոմատիկ ճշմարտություն է հրամցվում այն հորինվածքը, թե իբր Նիկոլ Փաշինյանը իմ քաղաքական հոգեզավակն է, իսկ ես՝ նրա կնքահայրը։ Կատարյալ անհեթեթություն. 90-ական թվականներից սկսած մինչեւ 2000-ականի կեսերը Փաշինյանը, որպես լրագրող, եղել է իմ ամենախիստ եւ անհաշտ քննադատներից մեկը։ 2006-ին «Այլընտրանք» նախաձեռնության հիմնադիր կազմում ընդգրկվելուց հետո նա դադարեցրել է այդ քննադատական վերաբերմունքը։ 2007-ին ընդգրկվել է 2008թ. նախագահական ընտրությունների իմ նախընտրական թիմում։ Հսկայական աշխատանք է կատարել քարոզարշավի ընթացքում, ինչը ակտիվորեն շարունակել է ընդհատակում եւ բանտարկության ժամանակ հրապարակած ծանրակշիռ հոդվածներով։ Նույնպիսի նվիրումով ու ջանադրությամբ մասնակցել է Հայ Ազգային Կոնգրես դաշինքի 2012թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին եւ ընտրվել ԱԺ պատգամավոր նույնանուն խմբակցության կազմում։ 2014-ին ՀԱԿ-ԲՀԿ-Ժառանգություն համագործակցության կայացումից հետո, նա խզել է իր հարաբերությունները Կոնգրեսի հետ եւ վերականգնել իր քննադատական մոտեցումը իմ նկատմամբ։ Այս ամենը նշանակում է, որ միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը։

2. Նիկոլ Փաշինյանը, իբրեւ-թե, ամեն երեկո զանգահարում է ինձ եւ խորհուրդներ հարցնում։ Նախ հիշեցնեմ, որ 2012թ. հետո ես Փաշինյանին հանդիպել եմ ընդամենը մեկ անգամ, ս. թ. հուլիսի 16-ին, ինչի մասին ՀՀ կառավարության մամլո ծառայությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ։ Դրանից հետո վարչապետի հետ ես որեւէ հեռախոսազրույց կամ միջնորդների միջոցով որեւէ շփում չեմ ունեցել։ Սույն թեմայի առիթով ավելորդ չեմ համարում շեշտել նաեւ հետեւյալ երկու հանգամանքները. ա. ես ընդհանրապես խորհուրդ տալու սովորություն չունեմ, քանի որ համոզմունքս է, որ դրանից ավելի անիմաստ զբաղմունք գոյություն չունի։ Իսկ երբ խորհրդի համար որեւէ մեկը ինձ է դիմում, ես բավարարվում եմ պարզապես խնդրի վերաբերյալ կարծիք հայտնելով, ոչինչ ավելի, եւ բ.եթե ոմանց կարծիքով Փաշինյանին հնարավոր է ուղղորդել խորհուրդներով կամ նրան ինչ-որ բան թելադրել, նրանք կամ չարաչար սխալվում են, կամ ընդհանրապես այդ մարդուն չեն ճանաչում, կամ էլ նրա մասին դատում են սեփական հակումներով։ Ես Փաշինյանից ավելի անկախ եւ ինքնաբավ մարդու չեմ հանդիպել։

3. Ամենաինտենսիվ կերպով հնչեցվող բոթը, սակայն, այն պնդումն է, թե իբր Նիկոլ Փաշինյանը ինձնից որդեգրել է «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը եւ իրականացնում է Ղարաբաղի հարցի կարգավորման իմ «պարտվողական» ծրագիրը։ Միանգամից նշեմ, որ ո՛չ ես, ո՛չ Փաշինյանը երբեւէ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը չենք օգտագործել։ Դա բացարձակ հերյուրանք է, մոգոնված չարակամների ու ձեռնածուների կողմից։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորման ծրագրին, ապա, ի տարբերություն ՀՀ երեք նախագահների, Փաշինյանի ծրագիրը դեռեւս հայտնի չէ։ Նա առայժմ բավարարվել է միայն խնդրի վերաբերյալ որոշ սկզբունքների, մասնավորապես, Ղարաբաղի անունից բանակցելու քոչարյանա-սարգսյանական դիրքորոշումից հրաժարվելու եւ ԼՂՀ-ի՝ որպես լիիրավ հակամարտող կողմի երբեմնի կարգավիճակը վերականգնելու  անհրաժեշտության շեշտադրմամբ։ Անհրաժեշտ է ավելացնել նաեւ, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ինչպիսի ծրագրով էլ Փաշինյանը հանդես գա, դա լինելու է իր սեփական ծրագիրը, ինչպես եղել է թե՛ իմ, թե՛ Քոչարյանի, եւ թե՛ Սարգսյանի պարագայում։ Հայաստանի յուրաքանչյուր առաջնորդ պատասխանատու է ի՛ր ծրագրի համար, որքան էլ այն ընդհանրություններ ունենա նախորդների ծրագրերի հետ։

4. Հայ Ազգային Կոնգրեսի ս. թ. փետրվարի 16-ի հայտարարության մեջ տեղ գտած սահմանադրության փոփոխության եւ կիսանախագահական կառավարման համակարգի վերականգնմանը վերաբերող առաջարկը, իբրեւ-թե, փորձ է փրկելու Փաշինյանի կառավարության խախուտ դիրքը եւ երկարաձգելու նրա իշխանությունը։Սրանով, ըստ էության, ճիգ է թափվում Կոնգրեսի առաջարկը դիտելու ոչ թե որպես կուսակցության սկզբունքային դիրքորոշում, այլ որպես տուրք ընթացիկ քաղաքական կոնյունկտուրային։ Ըստ այդմ, դիտավորությամբ մոռացության է մատնվում այն հանգամանքը, որ Կոնգրեսն իր բոլոր պաշտոնական ծրագրերում եւ հայտարարություններում մշտապես դեմ է եղել Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի ներդրմանը եւ վճռականորեն պայքարել այդ ուղղությամբ, հանրաքվեին մասնակցելով «ակտիվ Ոչ» քվեարկության կոչով։ Այսօր էլ մենք գտնում ենք, որ կառավարման խորհրդարանական համակարգը Հայաստանի առջեւ կանգնած ներկայիս բազմաթիվ մարտահրավերների պարագայում ուղղակի փորձանք է մեր երկրի համար, որովհետեւ այն մշտական ցնցումների եւ սահմանադրական ճգնաժամերի աղբյուր է հանդիսանում։ Այս առումով հատկանշական է, որ նույնիսկ 1995թ. Սահմանադրության ամենաանհաշտ հակառակորդները 1998թ. իշխանափոխությունից եւ 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո ընդունեցին, որ այդ վտանգավոր ճգնաժամերը հաղթահարվեցին իրենց իսկ կողմից ժամանակին մերժված Սահմանադրության շնորհիվ միայն։

Զարմանալի է հատկապես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների այսօրվա դիրքորոշումը, կապված Սահմանադրության փոփոխության Կոնգրեսի առաջարկի հետ։ Այդ մարդիկ չեն հասկացել, որ թե՛ իրենց կուսակցությունը, եւ թե՛ իրենց առաջնորդը անցյալ ապրիլին կործանվեցին, ավելի ճիշտ, ինքնասպանություն գործեցին հենց խորհրդարանական կառավարման ներդրման պատճառով։ Գաղտնիք չէ, որ անցումը խորհրդարանական կառավարման համակարգին ոչ թե Հանրապետականի եւ նրա դաշնակից կուսակցությունների սկզբունքային մոտեցման արտահայտությունն էր, այլ նախկին Սահամանադրությամբ Սերժ Սարգսյանի երրորդ անգամ ընտրվելու արգելքի հաղթահարման ձգտումը։ Գաղտնիք չէ նաեւ, որ այդ Սահմանադրությունը կարված էր բացառապես վերջինիս համար։ Եթե Սահմանադրությունը չփոխվեր եւ անցկացվեին նոր նախագահական ընտրություններ, ապա քոչարյանա-սարգսյանական վաչախմբի դեմ կուտակված համաժողովրդական ատելության մթնոլորտում, միեւնույն է, նախագահ էր ընտրվելու Նիկոլ Փաշինյանը, քանի որ դա նրա աստեղային ժամն էր եւ գործող իշխանությունը երկրորդ «Մարտի 1» չէր կարող անել։ Այդ պարագայում 2017թ. ընտրված խորհրդարանը չորս տարի ժամանակ կունենար պահպանելու իր կազմը, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն եւ իր դաշնակից կուսակցությունները, մեծամասնություն ունենալով, լուրջ հակակշիռ կդառնային Նախագահի համար եւ այսօրվա լուսանցքային վիճակում չէին հայտնվի։

5. Փաշինյանի եւ իմ սերտ համագործակցության ապացույց է համարվում նաեւ այն, թե իբր կառավարությունում որոշ պաշտոնների են նշանակվում Հայ Ազգային Կոնգրեսի անդամներ։ Փույթ չէ, թե խոսքը վերաբերում է ընդամենը մեկ մարդու՝ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին։ Վերջինս, իր իսկ հայտարարությամբ, կասեցրել է կուսակցական գործունեությունը, ինչը բացարձակապես ավելորդ է դարձնում ՔՊ-ի եւ Կոնգրեսի միջեւ սերտ համագործակցության մասին ցանկացած խոսակցություն։ Այս կապակցությամբ ուզում եմ ամենայն հստակությամբ արձանագրել հետեւյալը։ Հայ Ազգային Կոնգրեսը Նիկոլ Փաշինյանի հաղթանակի կերտմանը մասնակցություն չի ունեցել, չհաշված մեր կուսակցության մի մասի ներկայությունը նրա կազմակերպած համաժողովրդական երթերում եւ հանրահավաքներում։ Այնպես որ, մենք Փաշինյանի հաղթանակի «տորթից» բաժին չենք ակնկալում։ Դրա հետ մեկտեղ բազմիցս հայտարարել ենք, որ ամեն ինչով պատրաստ ենք աջակցելու ՀՀ նոր իշխանությունների՝ մեր երկրի բարգավաճմանը եւ զարգացմանը միտված բոլոր ջանքերին։

Ակնհայտ է, որ վերոհիշյալ եւ նմանատիպ այլ անհեթեթությունների, ստերի եւ հերյուրանքների տարածումը ղեկավարվում է ժողովրդից թալանված հսկայական ֆինանսական եւ մեդիա-ռեսուրսների տիրապետող մեկ կենտրոնից, որի նպատակն է ցանկացած գնով արդարադատությունից փրկել «Մարտի 1»-ի ոճրագործության գլխավոր պատասխանատուներին եւ, օգտվելով գործող իշխանության անխուսափելի սխալներից ու բացթողումներից, դժգոհության ալիք բարձրացնել նրա դեմ եւ պերմանենտ ցնցումների միջոցով տապալել այն ու վերականգնել ավազակապետական վարչակարգը, հոգ չէ, թե դրա հետեւանքով կկործանվեն Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային դավաճանություն։ Պարտված վարչախումբը, փաստորեն, պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին եւ նրա ընտրած իշխանությանը։ Ուստի, ժողովրդի պարտքն է ընդունել այդ մարտահրավերը եւ ուժգին հակահարված տալ հակապետական ուժերին։

Արխիվային լուսանկար, 2007թ