Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարելիք այցին Իրանի մամուլը դեռ չի անդրադարձել

1526

Թերթելով Իրանի մամուլը. 21-ը փետրվար

Ինտերնետի և սոցիալական ցանցերի միջոցով հետևել եմ Իրանի մամուլի՝ հինգշաբթի 21 փետրվարի նյութերին, հասկանալու համար թե այս օրերին մեր հարևան երկրի հանրային կարծիքին և ԶԼՄ-ներին առավելապես ի՞նչ նյութեր են հետաքրքրում:

Մամուլը հիմնականում անդրադարձել է Իրանի պետական պատվիրակության Չինաստան կատարած այցելության, նախագահ Ռոհանիին անվստահություն հայտնելու իսլամական խորհրդարանի մի խումբ պատգամավորների ստորագրահավաքին, փողերի լվացման դեմ միջազգային համաձայնագրին միանալուն, ԱՄՆ-Սաուդական Արաբիա հարաբերություններին և այլնին:

Կառավարության պաշտոնաթերթ «Իրան» օրաթերթի գլխավոր լուրը վերաբերում է Իրանի իսլամական խորհրդարանի ընդամենը 17 պատգամավորի ստորագրահավաքին, որոնք փորձել են նախաձեռնել նախագահ Ռոհանիի իմպիչմենտը, այն դեպքում, որ լիագումար նիստի օրակարգ մտցնելու համար նրանց անհրաժեշտ էր 98 ձայն, քանի որ Իրանի խորհրդարանն ունի 290 պատգամավոր:

Նախագահ Ռոհանիի խոսնակ Վաեզին դա համարել է քարոզչական քայլ: Թերթը հարցազրույց է վերցրել տնտեսագետներից և պաշտպանել ու պահանջել է Իրանի միանալը փողերի լվացման դեմ միջազգային համաձայնագրին (FATF), որը հիմնականում խոչընդոտում են կղերականները:

«Էթեմադ» օրաթերթը իր գլխավոր լուրը վերնագրել է այսպես. «Ատոմական խաբեություն», ակնարկելով ԱՄՆ նախագահի որոշումը, որը ցանկանում է ատոմական տեխնոլոգիա տրամադրել Սաուդական Արաբիային. թերթը մեջբերել է Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆի խոսքը, որը քննադատել է ԱՄՆ քաղաքականությունը:

«Արմանե էմռուզ» օրաթերթը քննադատել է «մի խումբ մտահոգ» պատգամավորներին, որոնք նախագահի հրաժարականն են պահանջում և դա համարել է նախորդ նախագահ՝ Ահմադի Նեժադի ձեռքի գործ:

«Քեյհան» օրաթերթը, որը հայտնի է կառավարությանն ընդդիմանալու իր մոտեցումներով, սոցիալական հարցեր է բարձրացրել և իր գլխավոր լուրը վերնագրել է այսպես. «Մսի հերթերը վկայում են կառավարության անգործունեությունը»: «Քեյհան»-ը պնդում է նաև, որ FATF-ին միանալու դեպքում Իրանը կկորցնի ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունը:

«Ջավան» թերթը կարևորել է խորհրդարանի նախագահ Լարիջանիի և արտաքին գործերի նախարար Զարիֆի Չինաստան կատարած այցը, նաև քննադատել է ԱՄՆ-Սաուդական Արաբիա մերձեցումը:

«Շարղ» թերթը քննադատության թիրախ է դարձրել Պակիստան-Սաուդյան Արաբիա նոր տանդեմը և դա համարել է հակաիրանյան քայլ: Կառավարությանը պաշտպանող այս թերթի կարծիքով Ղոմ կրոնական քաղաքի ցուցարարների նախագահի դեմ հնչեցրած կոչերն  ուղղորդված են եղել. նրանք իսլամական հեղափոխության օրվա երթի ժամանակ գոչել էին. «Աստծո օգնությամբ թանկացումների հեղինակը մինչև Նովռուզ չի ձգի»:

Իրանի մամուլը միջազգային լուրերից արձագանքել է Մյունխենի Անվտանգության խորհրդաժողովի նյութերին, Վենեսուելայի անցուդարձերին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդարանում արտասանած ճառին:

Հայաստան-Իրան հարաբերությունների և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարելիք մոտալուտ այցելության մասին, Իրանի մամուլում դեռևս նոր նյութերի չեմ հանդիպել. ենթադրելի է դրանք լինեն երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը:

Տիգրան Դավթյան