«Թուրքերը կարծում են, որ իրենք աշխարհի երեսին բոլորից ուժեղ են». Բրիսթոլը՝ Խատիսյանին, Պոլիս, 1921

1264

Հատված Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ գրքից, գլուխ 16

Տասնվեցերորդ գլուխ

                                      Ուղևորություն Փարիզ և Լոնդոն

Այսպես, ուրեմն, 1920 թվականի դեկտեմբերի 20-ի առավոտյան ես մտա Թիֆլիս, որտեղ մնացի մինչև 1921 թվականի փետրվարի 13-ը, այսինքն՝ ընդամենը 55 օր, և ապա հրավիրվեցի Փարիզ՝ պատվիրակության հեռագրով:

Թիֆլիս գալով՝ ես այցելության գնացի վրաց կառավարությանը, որը չէր սպասում կարմիր բանակի հարձակում, որովհետև դաշն էր կնքել Խորհրդային Ռուսաստանի հետ: Մյուս կողմից, թուրքական ներկայացուցչությունն էլ Վրաստանի հանդեպ թշնամական զգացմունքներ և ձգտումներ ցույց չէր տալիս:

Թիֆլիսում խաղաղ ապրում էին իտալական, անգլիական և ֆրանսական առաքելությունների ներկայացուցիչները: Իտալիան նույնիսկ ուներ դեսպան՝ Չերուտտիին: Բարձր կոմիսարը փոխարինվել էր դեսպանով: Կյանքը Թիֆլիսում առերևույթ այնքան անհոգ էր, որ թատրոնները լիքն էին, տեղի էին ունենում զվարճություններ, ներկայացումներ, ընդունելություններ: Բայց իրենց հոգու խորքում ամենքն էլ զգում էին, որ դրությունը անկայուն է: Կյանքի թանկությունը ավելի և ավելի զգալի էր դառնում, ռուբլին հետզհետե արժեզրկվում էր:

Կապիտան Պուադըբարը անկախ Վրաստանի վերջին օրերի մասին գրած իր գրքում նկարագրում է այդ ժամանակշրջանը: Հետաքրքրական տեղեկություններ կարելի է գտնել նույնպես Henri Barbusse-ի գրքում՝ «Les extravagances bolcheviques et l’épopée arménienne»: Այս գիրքն ընդգրկում է Հայաստանի նախախորհրդային շրջանը, Բաքվի անցքերը, անգլիացիների գալը և բավական ամփոփ կերպով պարզում Կովկասի ազգամիջյան հարաբերությունները:

Այդ ժամանակաշրջանում՝ Հայաստանի խորհրդայնացումից մինչև Վրաստանի անկումը, հայերի դրությունը չափազանց ծանր էր: Խորհրդային Հայաստանը բոլորովին կտրված էր արտաքին աշխարհից: Ոչ մի ապրանք, մարդիկ, հրատարակություններ, նույնիսկ՝ լուրեր, չէին անցնում սահմանի այն կողմը: Հայաստանը գտնվում էր բանտարկված վիճակում:

Իսկ Վրաստանը արտաքին աշխարհի հետ ազատ հաղորդակցություն ուներ Բաթումի և Փոթիի վրայով: Հայերը Վրաստանում արդեն զգում էին, որ իրենք իսկական քաղաքացիներ չեն: Մանավանդ ծանր էր այն հայերի դրությունը, որոնք այստեղ էին եկել զանազան գաղութներից՝ Բուլղարիա, Ռումանիա, Իզմիր, Պոլսի շրջակայքից՝ Հայաստան անցնելու նպատակով: Նրանք չէին ուզում մտնել «խորհրդայնացած» Հայաստանի սահմանները և, միևնույն ժամանակ, միջոցներ չունեին վերադառնալու համար: Իսկ Վրաստանը թույլ չէր տալիս նրանց մնալ իր սահմաններում: Շատերը գալիս էին ինձ մոտ խորհուրդ հարցնելու կամ որևէ օգնություն կամ դրամ խնդրելու իբրև մի մարդու, ով փոխառության գործով արտասահման եկած ժամանակ քարոզչություն էր արել Հայաստան տեղափոխվելու համար: Դրամական պահանջների շատ համառ դեպքեր եղան, նույնիսկ սպառնալիքներով՝ հարուստների հասցեին:

Այդ ընթացքում Փարիզից Թիֆլիս եկավ փաստաբան Հովհաննես Զավրյանը, իսկ Պոլսից՝ Սրենցը: Նրանք եկել էին զանազան գործերով, ի միջի այլոց, օգնություն կազմակերպելու այն հայերի համար, որոնք նեղ վիճակի մեջ էին վերջին անցքերի հետևանքով: Այս երկուսի ուղեկցությամբ ես դիմումներ արեցի հայտնի ունևոր անձանց և կարողացա որոշ գումար հավաքել հայ գաղթականների՝ Պոլիս վերադարձնելու համար: Հիշում եմ Արսլանբեկ գյուղի բնակիչների առանձնապես ծանր վիճակը, որոնք ամեն ինչ ծախելով եկել էին Հայաստան հաստատւելու համար և կանգ էին առել Բորչալուի գավառի չեզոք գոտում, որտեղից ստիպված էին նորից վերադառնալ: Հիշում եմ Արաբյան բազմանդամ ընտանիքին, որ ամեն ինչ վաճառելով Իզմիրում, եկավ Երևան, հետո, Ալեքսանդրապոլի դաշնագրի կնքման օրը, վերադարձավ Թիֆլիս՝ թողնելով իր ամբողջ գույքը և հազիվ կարողացավ դուրս պրծնել Թիֆլիսից և հետ գնալ Իզմիր, որտեղից փախավ Հունաստան: Այսպիսի պատկերներ բազմաթիվ էին:

Դրության կատարյալ անորոշությունը ջղայնացնում էր ժողովրդին: Բոլոր նրանք, որոնք միջոցներ և հնարավորություններ ունին, երազում էին Եվրոպա կամ գոնե Պոլիս գնալու մասին: Բայց վրաց կառավարությունը, խուճապ չստեղծելու համար, արգելեց դուրս տանել օտար արժեքավոր դրամներ, գոհարեղեն և թանկագին մետաղներ: Մարդիկ սկսեցին խորամանկության դիմել. հալում էին արծաթը, օրինակ՝ արծաթե ինքնաեռը, և ստացված արծաթի կտորները ամրացնում պայուսակների ծածուկ մասերում և այդպես ճանապարհ էին ընկնում:

Սկսվել էր օտար դրամների եռանդուն առևտուրը. անգլիական ոսկին արժեր 400 ռուբլի, հետո ավելի բարձրացավ:

Ինձ մոտ՝ տանը, բացի սև, շատ վատ հացից ուրիշ ուտելու բան չկար: Հաճախ կանգ էինք առնում ուտեստեղենի խանութների առաջ և հեռվից նախանձով նայում մեզ համար անմատչելի կարագի և ապուխտի վրա: Երեկոները և ցերեկները սենյակում նստում էինք վերարկուներով և կրկնակոշիկներով, որովհետև վառելու փայտի պակասության պատճառով բնակարանները չէին տաքացվում:

Այդպես էին կյանքի հակասությունները: Կյանքը, արտաքին նշաններով, իբր թե բնականոն էր, բայց, ըստ էության, արդեն զգացվում էր, որ փլուզումը մոտենում է: Աչքի անցկացնելով այն ժամանակվա լրագրերը, օրինակ, ռուսերեն «Սլովո» լրագիրը, ստանում էինք խաբուսիկ տպավորություն, իբր թե կյանքը ընթանում է սովորական կերպով: Ահա աչքիս առջև են այդ լրագրի համարները՝ հունվարի 11-ից մինչև փետրվարի 13-ը: Հայտարարությունները թատերական ներկայացման, այն մասին, որ մեքենագիր օրիորդների կարիք կա, վաճառվում են հայելիներ, նշանակված է Գիտական ընկերության նիստ. ամեն ինչ, կարծես, կատարվում էր հանգիստ ու խաղաղ ապրող մի քաղաքում: Բայց իրոք, չկար փայտ վառելիքի, դրամ չկար կարագ գնելու, չկային կյանքի ամենատարրական հարմարություններ, չկար ջուր ջրանցքում, նավթ՝ լամպարի համար, ամեն տեղ տեսնում էինք հերթերի շարքեր, իսկ նավթի խանութների առաջ կռիվներ էին տեղի ունենում:

Այդ հողի վրա նորից սկսել էր ծայր տալ բոլշևիկյան քարոզչությունը: Իմ ապրած թաղամասում կանայք սկսել էին նորից խոսել այն մասին, թե հարուստների մոտ՝ ներքնատներում, «ոսկով լիքը տոպրակները պատրաստ են», որ «ահագին քանակությամբ շաքար» ծածկված է քարվանսարաներում, մի խոսքով՝ գրգռիչ լուրերը ծնունդ էին առնում ամեն վայրկյան և ծավալվեին:

Թիֆլիսի հայ ազգաբնակչությունը, տեսնելով վրաց կառավարության անբարյացկամ վերաբերմունքը, անհանգստության նշաններ էր ցույց տալիս, իսկ վրացիները սկսել էին մեղադրել հայերին, որ նրանք սպասում են «ռուս բոլշևիկների» գալուն:

Այդ ժամանակներում Թիֆլիսում սկսեցին երևալ զանազան ճանապարհներով Հայաստանից փախած և լեռներով՝ ձյուների միջով եկած գործիչներ: Նրանք շատ շուտով իրար գտնում և  հավաքվում էին Վրաստանի  Հայոց Ազգային խորհրդի շուրջը, Սերդիևսկայա փողոցի վրա: Նրանցից մի քանիսի ոտքերը, մատները ցրտահարվել էին: Առաջին օրերին բնակարան, աշխատանք, ծանոթներ էին փնտրում: Հայերի կազմակերպական ընդունակությունը այստեղ ևս օգնության եկավ: Եկածները դասավորվեցին համաձայն իրենց արհեստների, գործ գտան ու տեղավորվեցին: Վրաստանի Սահմանադիր ժողովի հայ անդամները միջնորդ էին դառնում եկվորների ու վրաց իշխանության միջև, և բոլոր դժվարությունները խաղաղությամբ հարթվում էին:

Ինքս անձամբ զգում էի, որ թեև ծնվել եմ Թիֆլիսում, 17 տարի այստեղ աշխատել քաղաքային ինքնավարությունում, վարել քաղաքի առաջին պաշտոնը, բայց և այնպես հյուր եմ այս քաղաքում: Զարմանալի արագությամբ ազգայնացումը և անկախության գաղափարը վերածնել էր ամենքս: Ես անցնում էի քաղաքի փողոցներով, կարծես թե արտասահմանում լինեի և չէի էլ փորձում ամուր կերպով հաստատվել այնտեղ: Մտքերը զբաղված էին Հայաստանի և հայ ժողովրդի հոգսերով…:

Շաբաթներն անցնում էին: Հաճախ էինք տեսնվում իրար հետ և աշխատում էինք նախ և առաջ կապեր ստեղծել մեր քաղաքական բարեկամների հետ Եվրոպայում, Պոլսում և Երևանում: Ու թեև դժվարությամբ, բայց այդ կապերը հաստատվեցին, գնացին նամակներ, հեռագրեր: Հարկավ, այս պարագայում ևս անգնահատելի պատմական դեր խաղաց Հ. Յ. Դաշնակցությունը, որի միջոցով հնարավոր եղավ կարճ ժամանակում կապեր հաստատել ամեն կողմի հետ: Այդ կապերի շնորհիվ հնարավոր եղավ իմանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում և Եվրոպայում:

Քաղաքական տեսակետից դրությունը դառնում էր հուսահատական:

Մենք դա սկսեցինք զգալ պարզ կերպով: Եվրոպական դիվանագիտության առջև դրվում էր մի ծանր խնդիր. ինչպե՞ս «միացնել» Հայաստանը, ի՞նչը ի՞նչի հետ «միացնել»՝ Խորհրդայի՞ն Հայաստանը «միացնել» քեմալական Թուրքիայի մի մասի հետ:

Կյանքը չէր սպասում: Եվրոպական պետությունները ստիպված էին եթե ոչ լուծել Մերձավոր Արևելքի խնդիրը, գեթ որևէ կերպ պարզել և մերձենալ նրա լուծմանը:

Գտնվելով Թիֆլիսում և Պարսկաստանում՝ հայ քաղաքական գործիչները ոչ մի իրական դեր խաղալ չէին կարող: Մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Փարիզում պահել էր մեր դիրքերը և շարունակում էր իր աշխատանքը:

1920 թվականի դեկտեմբերի 31-ին Փարիզ գնացող Պ. Ն.-ի միջոցով մեր պատվիրակության նախագահ Ահարոնյանին ուղարկեցի մի նամակ՝ տալով վերջին դեպքերի մանրամասն նկարագրությունը: Այն ժամանակ դեռ կանոնավոր փոստային հաղորդակցություն չկար Կովկասի և Փարիզի միջև:

1921 թվականի հունվարին Փարիզում արդեն սկսել էին խոսիլ այն մասին, որ փետրվարին կամ մարտին Լոնդոնում պիտի կայանա մեծ պետությունների խորհրդակցություն Մերձավոր Արևելքի խնդրի մասին: Հետո, փետրվարի կեսին, հայտնի դարձավ, որ ճիշտ մարտի սկզբին Լոնդոնում պիտի գումարվի խորհրդաժողովը: Տեղեկանալով այդ մասին՝ ՀՀ պատվիրակության նախագահը Լոնդոնի մեր ներկայացուցիչ, զորավար Բագրատունու միջոցով Թիֆլիս հեռագրեց հետևյալը.

«Անգլիական Բարձր կոմիսարին, Թիֆլիս, 10 փետրւվար, 1921 թ.

Խնդրում եմ հաղորդել հետևյալ տեղեկությունը Բեկզադյանին կամ Խատիսյանին.

Անհրաժեշտ է անմիջապես ուղարկել ամենակարճ ճանապարհով Իտալիա՝ առանց կանգ առնելու Պոլսում՝ Հայաստանի Հանրապետության նախկին նախարարական կազմերի մի քանի անդամներին, շատ կարևոր մի խորհրդակցության համար Իտալիայում, մեր բոլոր արտասահմանյան դիվանգիտական ներկայացուցիչների հետ: Հաղորդեք՝ ում պետք է: Ճանապարհի ծախսերը հարկ եղած դեպքում կվճարվեն իմ կողմից»:

1921 թվականի փետրվարի 12-ին ես ստացա հետևյալ նամակը Թիֆլիսի ամերիկյան հյուպատոս Ջոն Ռանդոլֆից.

«Հարգելի պարոն Խատիսյան,

«Սրա հետ կցված է այն հեռագրի պատճենը, որը այս րոպեիս ստացվեց ձեզ համար Փարիզից: Ձերդ անկեղծ՝ Ջոն Ռանդոլֆ:

«Թիֆլիս, Ալեքսանդր Խատիսյանի համար: Ահարոնյանը ձեզ հատուկ խնդրում է շտապեցնել ձեր ուղեևորությունը՝ փետրվարին Փարիզ հասնելու համար»:

Ստանալով այդ հեռագրերը՝ մենք հավաքվեցինք նախկին նախարարներից մէկի տանը: Խորհրդակցությանը ներկա էին Աբրահամ Գյուլխանդանյան, Սարգիս Արարատյան, Արշակ Ջամալյան, Գ. Ղազարյան և ես: Որոշվեց, որ ես և Արարատյանը անմիջապես ճանապարհվենք Փարիզ: Երկու օրվա ընթացքում մենք ստացանք վիզաներ Հայաստանի իտալական ներկայացուցիչ Գորինիից և անգլիական բարձր կոմիսար, գնդապետ Սթոքսից, և փետրվարի 13-ի առավոտյան ժամը 10-ին ճանապարհվեցինք Բաթում:

Այն անցագիրը, որով ես դուրս եկա Թիֆլիսից, այս րոպեին ևս իմ առջև է: Նրանով այժմ էլ եմ ճամփորդում, բայց նրան կցված է նաև Փարիզի ՀՀ պատվիրակության կողմից տրված անցագիրը: Նրա վրա կա Հայաստանում եղած միակ օտար դիվանագիտական ներկայացուցչության կնիքը , այն է՝ իտալական դեսպանի՝ la Legaziona d’ltalia a Erivan, Ministro Corini: Հայաստանում օտար դիվանագիտական ներկայացուցչի կողմից առաջին և վերջին վիզան էր:

Մեր ճանապարհվելու օրը առավոտյան ժամը 7-ին ինձ այցելեց Հ. Յ. Դաշնակցության Թիֆլիսի կարևոր գործիչներից մեկը՝ Կորյուն Ղազազյանը, և հաղորդեց, որ գիշերը լուրեր են ստացվել հայ-վրացական սահմանագլխին՝ Բորչալուի գավառում, ինչ-որ ընդհարման մասին, որ վրաց իշխանությունները անհանգստացած են և խնդրում են հայ գործիչներից իմանալ, թե ի՞նչ է կատարվում և հանգստությունը վերականգնել: Միջադեպի բնույթը և ծավալը մեզ ևս հայտնի չէր:

Ժամը 9-ին ես սպասում էի նախապես պատվիրված կառքին, բայց այն ուշացավ: Ես հեռախոսեցի կայարան և խնդրեցի պահել գնացքը, մինչև որ հասնեմ: Վերջապես, ժամը 9.30-ին եկավ կառքը:

Փողոցներում մարդիկ հավաքվում էին խումբ-խումբ և խուզարկվում: Փողոցում  հանդիպած վրաց կառավարության մի պաշտոնյա ինձ հաղորդեց, որ սահմանի վրա տեղի է ունեցել բոլշևիկյան հարձակում: Շտապ կերպով միջադեպի վայր էր ուղարկվել մի զորամաս: Կայարան, հրաժեշտի համար, եկել էին մեր բարեկամները, Հայաստանի նախկին կառավարության անդամները և կապիտան Պուադըբարը:

Ճանապարհին մեր գնացքը մի քանի տեղ ուշացավ, և մենք Բաթում հասանք փետրվարի 14-ի վաղ առավոտյան: Շոգենավը դուրս պիտի գար հետևյալ օրը՝ փետրվարի 15-ին, կեսօրից հետո ժամը 5-ին:

Բաթումը բոլորովին խաղաղ էր ու հանգիստ. ՀՀ հյուպատոսությունը հյուպատոս Աթաբեկյանի ղեկավարությամբ, կանոնավոր գործում էր:

Հետևյալ օրը ցերեկվա ժամը 2-ին մենք հրավիրվեցինք պաշտոնական մեծ ճաշի, որը տվեց վրաց ընդհանուր նահանգապետ և Վրաստանի նախկին զինվորական նախարար Գեորգաձեն: Ճաշին ներկա էին վրաց տեղական վարչության բարձր պաշտոնյաները, զորքերի հրամանատարը, տիկնայք: Բոլորն ուրախ էին, միայն նահանգապետը և զորքերի հրամանատարը անհանգիստ դեմք ունեին:

Ճաշի ընթացքում նահանգապետը երկու անգամ կանչվեց հեռախոսի մոտ: Ճաշից հետո նա իբրև գաղտնիք հաղորդեց ինձ, որ Թիֆլիսից տեղեկություն է ստացվել բոլշևիկյան զորքերի շարժման և առաջին ընդհարումների մասին:

Պետք է ավելացնել, որ վերջին երկու ամիսների ընթացքում Վրաստանի երկու շրջաններում՝ Օսեթիա և Դուշեթի գավառում, եղել էին բոլշևիկյան շարժումներ, որնք ճնշվել էին ուժով: Եղել էին նաև գյուղեր հրդեհելու դեպքեր և գնդակահարություններ:

Ճաշից հետո իշխանությունները մեզ պատիվներով ուղեկցեցին մինչև շոգենավը, և ժամը 5-ին մենք մեկնեցինք Պոլիս: Շոգենավը ճանապարհին մտավ միայն Տրապիզոն: Այնտեղ արդեն ամեն ինչ թուրքական էր, հայերի հետքն իսկ չէր զգացվում:

Փետրվարի 18-ի երեկոյան ժամը 6-ին մենք հասանք Պոլիս: Իջևանեցինք իմ բարեկամ Հմ. Խոսրովյանի մոտ՝ տեղի տալով նրա թախանձագին խնդրանքին:

Պոլսի հայկական շրջանակներում շատ ծանր մթնոլորտ էր տիրում: Պատրիարքարանի և Ազգային ժողովի շրջանակներում խստորեն դատապարտում էին Հայաստանի կառավարությանը, դաշնակցականներին՝ հայկական բանակի կրած պարտության, Կարսը հանձնելու և Ալեքսանդրապոլի դաշնագիրը կնքելու համար: Նորից բորբոքվել էր հակամարտությունն ու կուսակցական կիրքը: Մթնոլորտը հետզհետե թունավորվում էր:

Ինձ մոտ եկան տեսակցություն խնդրելու: Ես, որպես Ալեքսանդրապոլի խաղաղարար պատվիրակության պետ, առանձնապես խիստ քննադատության էի ենթարկվում: Ինձ հարցեր տվեցին չարաբաստիկ երրորդ կետի մասին, և ես ստիպված էի բանավոր ու գրավոր հերքումներ տալ:

Փետրվարի 20-ին վերջին անցքերի և Ալեքսանդրապոլի դաշնագրի մասին ես զեկուցում տվեցի 15 հոգուց բաղկացած պատասխանատու գործիչների խմբի առջև, Պատրիարքի մոտ: Ես խնդրեցի շատ բաներ գաղտնի պահել և համաձայնություն ստացա: Այնուամենայնիվ, հաջորդ օրը իմ զեկուցումը լույս տեսավ թերթերում: Մեզ մոտ այդպես թույլ է հանրային կարգապահությունը: Եվ, որ գլխավորն է, հայերեն մի լրագրում այսպես էլ գրված էր. «Թեև պարոն Խատիսյանը մեզ խնդրեց այդ հարցի մասին չգրել, և մենք խոստացանք, բայց հակառակ դրան, գրում ենք, քանի որ դա հետաքրքրում է հասարակությանը»:

Փետրվարի 21-ի առավոտյան Վրաստանի արտաքին գործերի նախարար Գիգեճկորիից  իմացա երկու նորություն՝ Վրաստանի  դե յուրե ճանաչման և Հայաստանում փետրվարի 18-ի ապստամբության մասին: Իսկ ես նրան հաղորդեցի Վրաստանի վրա բոլշևիկների առաջին հարձակումների մասին: Նա հայտնեց, որ իր ունեցած տեղեկություններով այդ հարձակումները հետ են մղվել, բայց կառավարությունը իրեն հանձնարարել է զենք և ռազմամթերք խնդրել դաշնակիցներից: Վերջին խնդիրքը, որքան ես իմացա հետո, շատ աննշան չափով կատարվել էր ֆրանսիացիների կողմից: Զենքի որոշ քանակություն նրանք ստացան Հայաստանից, երբ 1920 թվի աշնանը Անգլիայից Հայաստանի համար ստացվեց մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ զենք:

Մեր տված բացատրությունները որոշ չափով պարզեցին Պոլսում եղած մռայլ տրամադրությունը, որ, այնուամենայնիվ, շարունակվում էր շատ լարված լինել Երևանի գործիչների հանդեպ:

Ես նորից այցելեցի ամերիկյան ծովակալ Բրիսթոլին: Նա ասաց, որ չէր կամենա մարգարե լինել՝ գուշակելով հայերի համար անախորժ բաներ, բայց, տարաբախտաբար, ամեն ինչ կատարվեց, ինչպես որ ինքն ասել էր: «Դուք տուժեցիք,- ասաց նա,- Եվրոպան ու Ամերիկան իրենց տեղից չշարժվեցին: Այժմ թուրքերը արդեն ոչ ոքի և ոչինչ չեն լսում և կարծում են, որ իրենք աշխարհի երեսին բոլորից ուժեղ են»:

Փետրվարի 21-ին մենք Նապոլիի վրայով ճանապարհվեցինք Փարիզ: Փետրվարի 27-ի առավոտյան ժամը 10-ին հասանք Փարիզ: Այստեղ ՀՀ պատվիրակությունից իմացանք, որ Ահարոնյանը գտնվում է Լոնդոնում, որտեղ խորհրդաժողովը արդեն սկսվել էր: Նա մեզ խնդրել էր առանց Փարիզում կանգ առնելու մեկնել Լոնդոն: Նոյն օրը ցերեկվա ժամը 12-ին մեկնեցինք Լոնդոն: