Թաթուլ Հակոբյանը փետրվարի 19-ին ելույթ կունենա Բեյրութում, 20-ին և 21-ին՝ Կահիրեում

1352

ՍիվիլՆեթի լրագրող և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը 2019 թվականի փետրվարի 19-ին, երեքշաբթի օրը, Լիբանանում, Հայ Կաթողիկե համայնքի Երիտասարդական միության կազմակերպությամբ ելույթ կունենա Արցախյան շարժման սկզբնավորման թեմայով։

Դասախոսությունը կկայանա Բեյրութի արվարձան Զալքայի շրջանի Հայ կաթողիկե Սուրբ Խաչ եկեղեցու կից սրահում, երեկոյան ժամը 20․30-ին:

Փետրվարի 20-ին և 21-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում՝ կազմակերպությամբ ՀԲԸՄ Կահիրեի կառույցի, տեղի հայ համայնքի համար հրապարակային երկու առանձին ելույթ կունենա Արցախյան շարժման սկզբնավորման և Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին թեմաներով։

Փետրվարի 20-ը համարվում է Արցախյան նորագույն շարժման մեկնակետ: 1988-ի այդ օրը Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ-ի տեղական խորհրդարանի պատմական նիստը, իսկ Երևանում սկսվեցին հանրահավաքները, որոնք մեկ շաբաթվա ընթացքում Ազատության, այն ժամանակ՝ Թատերական հրապարակ բերեցին հարյուր հազարավոր մարդկանց:

Հակոբյանը Կահիրեի հայ համայնքի հետ հանդիպումներում կներկայացնի Արցախյան շարժման պատմությունը, պատերազմը, բանակցային գործընթացը, Սփյուռքի ունեցած քաղաքական, տնտեսական դերակատարությունը Արցախյան շարժման մեջ՝ սկսած 1988-ից: Այդ դասախոսական երեկոն կկայանա չորեքշաբթի, երեկոյան ժամը 20․00-ին Հելիոպոլիսի Պըլըքտանեան սրահում։

Մեկ այլ, առանձին ելույթով Հակոբյանը կանդրադառնա Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ Թավշյա հեղափոխությունից, դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից և նոր կառավարության ձևավորումից հետո։ Այդ դասախոսական երեկոն կկայանա հինգշաբթի, փետրվարի 21-ին, երեկոյան ժամը 20․00-ին Հելիոպոլիսի Պըլըքտանեան սրահում։

Հանդիպում-քննարկումների ընթացքում Հակոբյանը կներկայացնի նաև իր հեղինակած և ԱՆԻ կենտրոնի հրատարակած շուրջ երկու տասնյակ գրքերը, այս թվում՝ «Կանաչ ու սև. արցախեան օրագիր», «Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը», Հովհաննես Քաջազնունու ԵՐԿԵՐ-ը, Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», Ռուբէն Տեր-Մինասեանի «Հայաստանի Հանրապետությունը», Ստեփան Սապահ Գիւլեանի «Պատասխանատուները»:

Թաթուլ Հակոբյանը ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամի վերլուծաբան (2009-ից ի վեր) և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող (2014-ից ի վեր): Նրա ռեպորտաժներն ու հարցազրույցները հեռարձակվում են, իսկ հոդվածները հրատարակվում ՍիվիլՆեթ-ում և www.aniarc.am-ում:

Լրագրող Հակոբյանին շնորհվել է Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2016 թվականի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը ՝ Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար: 2005-ին Երևանի մամուլի ակումբը նրան ճանաչել է տարածաշրջանային խնդիրները լուսաբանող տարվա լրագրող: 2009-ին Երևանի մամուլի ակումբը նրան մրցանակ է շնորհել «Կանաչ ու սև. արցախյան օրագիր»գրքի համար: 2014-ին «Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը»հատորը արժանացել է «Հայկաշեն Ուզունեան» մրցանակի և դրամական պարգևի:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն