Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը և հայերը. 1917

1892
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ հրատարակել է Հայաստանում:

 

ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՀԱՅԵՐԸ

1917 թվականի փետրվարի 28-ին տեղի ունեցավ Ռուսաստանի Մեծ հեղափոխությունը, և քիչ հետո Թիֆլիս եկան ռուս ժամանակավոր կառավարության կողմից նշանակված Անդրկովկասյան հատուկ կոմիտեի կամ ինչպես այն ժամանակ կանվանեին՝ ՕԶԱԿՈՄ-ի անդամները: Այդ կոմիտեին ցույց տրվեց խանդավառ ընդունելություն: Կոմիտեի նախագահն էր ռուս կադետական կուսակցության անդամ Խառլամովը՝ ծագումով կազակ: Նրանից բացի, կոմիտեն բաղկացած էր երեք անդամներից, որոնցից մեկը հայ էր՝ Մ. Պապաջանյանը, վրացի Չխենկելին և թաթար Ջաֆարովը:

Այդ կազմն իսկ արդեն ցույց էր տալիս ազգային հարցի գոյությունն ու կարևորությունը Կովկասում: Ինքը՝ կենտրոնական իշխանությունը, հաշվի էր առել տեղական ազգությունների շահերը և ջանացել էր ինչ-որ չափով նրանց գոհացում տալ: Մյուս կողմից իրենք՝ ժողովուրդներն էլ, ազգային արթնացման և ինքնագործունեության նշաններ էին ցույց տալիս: Գումարվում էին ազգային համագումարներ և ընտրվում էին ազգային մարմիններ՝ ազգային գործերը վարելու համար:

1917թ. հոկտեմբեր ամսին գումարվեց նաև Հայոց ազգային խորհրդաժողովը, որն ընտրեց Հայոց ազգային կենտրոնական խորհուրդը: Զուգընթացաբար, տեղի էին ունենում քաղաքային վարչությունների ընտրություններ, որոնց ընթացքում բացահայտ կերպով հրապարակ էին գալիս ազգային համախմբումներն ու հակամարտությունները: Այսպիսով, ազգային հորձանքը , որ հեղափոխությունից առաջ գետնի տակ էր հոսում, աննկատելի, շատերի համար հանկարծ, հրապարակ եկավ իր ամբողջ ուժգնությամբ: Ազգային զգացումների և ակնկալությունների զարգացմանը, մասնավորապես հայերի մոտ, նպաստել էին ռուսական զենքի և մեր կամավորական խմբերի հաղթանակները, որոնք հայերի կարծիքով մոտեցնում էին ազգային բաղձանքների իրագործման ժամը: Գրավված էր արդեն Թուրքահայաստանի խոշորագույն մասը, և Թուրքիան ամեն կողմից անդամահատում էր ենթարկվում դաշնակից զորքերի նվաճումների հետևանքով:

Ազգային խորհուրդը զբաղեցրեց Ազգային բյուրոյի տեղը, որը կազմակերպել էր հայ կամավորական շարժումը և մինչ այդ ղեկավարել էր հայ քաղաքական կյանքը պատերազմի ժամանակ: Ազգային խորհրդի առաջին գործը եղավ կազմակերպել հայկական զորաբանակ՝ դնելով այն զորավար Նազարբեկյանի հրամանատարության տակ:

Ռուսաստանում այդ ժամանակ մեծ թափով առաջ էր գնում բոլշևիկյան շարժումը: Դեռ հուլիսին բոլշևիկները զինված փորձ արեցին՝ իրենց ձեռքը վերցնելու իշխանությունը, սակայն անհաջող: Հետո սկսվեց զորավար Կոռնիլովի հակահեղափոխական շարժումը: Բանակում ևս ուժեղ բոլշևիկյան խմորում կար: Օրավուր ավելի ընդհանուր էր դառնում նշանաբանը՝ «հաշտություն առանց հողային նվաճումների և պատերազմական տուգանքի»: Այս նշանաբանը կոտրեց զանգվածների ռազմական թափը. էլ ինչո՞ւ կռվել, արյուն թափել, եթե որևէ նվաճում ու հատուցում չպիտի լինի:

Հայերը սկսեցին անհանգստանալ, վախենալով, որ Ռուսաստանը կլքի Թուրքահայաստանի գրավված շրջանները, մանավանդ, որ այդ հակառազմական մտել էր արդեն նաև կովկասյան բանակի մեջ: Բոլշևիկյան քարոզչությունն ու գրգռումը ազատորեն տեղի էին ունենում ամեն տեղ՝ խաղալով զանգվածների ամենագռեհիկ բնազդների և զգացումների հետ: Բոլշևիկ գործակալները հասարակ ժողովրդին ասում էին. ահա այս մեծ ու գեղեցիկ տանը ապրում են երկու հոգի միայն, իսկ դուք՝ պրոլետարներդ՝ տասը մարդ, ունեք հազիվ մեկ փոքրիկ սենյակ: Չէ՞ որ դա անարդար է. բոլշևիզմը պիտի ոչնչացնի այս վիճակը:

Այս խոսքերը ազդում էին ամբոխի մտայնության վրա: Բանակի մեջ նետված էր «դեպի տուն» նշանաբանը, որը, անշուշտ, չէր կարող չբարոյալքել զինվորական շարքերը: Եվ ահա զինվորները սկսեցին խմբերով լքել իրենց դիրքերը և փախչել տուն:

Բոլշևիկ գրգռիչները գյուղացիների համար նետում էին նույնպես հրապուրիչ նշանաբան՝ «ամբողջ հողը ժողովրդին»:

Այսպես էր, որ քանդվեց ռուսական բանակը, և՛ Կովկասում զինվորները, որոնց մեծ մասը պարզ գյուղացիներ էին, շտապում էին օր առաջ տուն հասնել հողի բաժանումից զրկված չմնալու համար:

Հայոց Ազգային խորհուրդը դիմեց վարչապետ Կերենսկուն՝ խնդրելով թույլ տալ արևմտյան ճակատի բոլոր հայ զինվորներին վերադառնալ Կովկաս և կազմել հատուկ հայկական զորաբանակ՝ պաշտպանելու կովկասյան ճակատը: Կերենսկին դանդաղում էր, այդուհանդերձ, հայկական զորաբանակը հավաքվում էր Թիֆլիսում:

Այդ ժամանակներում ռուսական բանակի ընդհանուր հրամանատարությունից ես հեռագիր ստացա՝ անմիջապես մեկնել Մոգիլյով, ուր գտնվում էր ընդհանուր սպայակույտը: Հրավիրվում էի խորհրդակցելու Կովկասյան քաղաքների միության մասին: Պատրաստություններ էին տեսնվում Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ընդհանուր համագումարի համար: Հոկտեմբերի սկզբին Ալեքսանդրապոլից մեկնեցի Մոսկվա: Համագումարն արդեն սկսվել էր: Հին գործիչների փոխարեն, որոնց ճանաչում էի 1916 թվին, տեսա բոլորովին նոր մարդիկ, որոնք ընտրվել էին ընտրական նոր սկզբունքներով: Իշխող էր սոցիալիստ հեղափոխականների կուսակցությունը: Նրանք ճնշող մեծամասնություն էին կազմում: Կային մի քանի բոլշևիկներ միայն, որոնց առաջնորդը Ցարիցին քաղաքի նոր քաղաքագլուխ, հայտնի բոլշևիկ Մինինն էր: Այսու հանդերձ բոլշևիկները շատ հանդուգն ու գրգռիչ ընթացք ունեին, այն աստիճան որ բոլորի ծիծաղը կշարժեին:

Պետք է ասել, որ այդ ժամանակներում ամեն տեղ կարելի էր տեսնել բոլշևիկների, որոնք թեև շատ սակավաթիվ էին, բայց գործում էին խիստ եռանդուն կերպով և մանավանդ մոլեռանդ հավատ  ունեին դեպի իրենց հաղթանակը: Ես հիշում եմ, երբ մեքենայով Թիֆլիսից մեկնում էի Վլադիկովկաս՝ Մոսկվա գնալու համար, ինձ հետ էր նաև դոկտոր Օրախելաշվիլին, մի բոլշևիկ, որ այժմ Վրաստանի խորհրդային կառավարության նախագահն է: Նա մոլեգին կերպով հավատում էր, որ մեկ ամիս էլ չանցած, իշխանությունը իրենց ձեռքը պիտի անցնի: Ինձ մոտ ծառայում էր մեկ այլ հայտնի բոլշևիկ՝ Նազարեթյանը, զարմանալիորեն ինքնավստահ մի մարդ, որ նույնպես տարակույս չուներ իրենց հաղթանակի մասին: Բայց ամենից ավելի հիշողությանս մեջ դրոշմված է Ստեփան Շահումյանի պատկերը, որ Լենինի ամենասիրելի ընկերներից էր՝ բոլշևիկյան գաղափարներին մոլեռանդ հավատացյալ մի առաքյալ: 1905 թվից ճանաչում էի նրան և զանազան առիթներով նրա հետ մասնակցել էի միջնորդ դատարանների: Շահումյանը սպանվեց 1918թ. Թուրքեստանում: Ճանաչում էի նաև մի շարք մոլեռանդ բոլշևիկների, ինչպես օրինակ տխրահռչակ Աթարբեկովը, որը ծառայում էր Քաղաքների միությունում: Նրանց շարքում հիշում եմ նաև Ֆիլիպ Մախարաձեին, նշանավոր բոլշևիկ, որ հետո դարձավ վրացական խորհրդային կառավարության նախագահ: Այս պարոնը 1917թ. գարնանը քարտուղարն էր հեղափոխական գործադիր կոմիտեի, որի նախագահը ես էի: Մախարաձեն,  կախաղանից բացի, ուրիշ պատիժ չգիտեր:

Բայց դառնանք համագումարին:

Համագումարը այս անգամ շատ անգույն էր: Ճառեր էին արտասանվում առանց ոգևորության: Ժամանակավոր կառավարությունը տկար էր և անվերջ խոսում էր: Ճառերը, կարծես կառավարության միակ զենքն էր:

Մոսկվայից գնացի գերագույն հրամանատարի կայանը: Այն ժամանակվա գերագույն հրամանատար, զորավար Դուխոնինը մեզ հրավիրեց խորհրդակցության: Շատ բան, սակայն, կայանում ինձ տարօրինակ թվաց: Արդեն չկար զինվորական կարգապահություն: Ընդհանուր հրամանատարը խոսում էր շատ անորոշ և անվստահ շեշտով: Երեք օրից այնտեղ սպասում էին Կերենսկու գալուն, բայց նա չեկավ: Մենք Քաղաքների միության հետագա գործունեության համար պատրաստեցինք ծրագիր: Ես Մոգիլյովում ապրում էի հյուրանոցում: Իմ կողքի սենյակում տեղավորվել էր Կերենսկու կառավարության արդարադատության նախկին նախարար Պ. Պեռևերզևը՝ Քաղաքների միության մի գործիչ, որ սաստիկ վրդովված էր Կերենսկու դեմ՝ նրան մեղադրելով Լենինին և Տրոցկուն ազատ արձակելու համար: Պեռևերզևը նրանց բանտարկել էր և անհրաժեշտ էր համարում  նրանց պահել բանտում: Նա ինձ ասում էր, որ Կերենսկին պիտի տապալվի նրանց իսկ միջոցով՝ իր անհեռատեսության համար: Այդ տարակարծության համար էր, որ Պեռևերզևը դուրս էր եկել կառավարությունից:

Երբ Մոգիլյովից մեկնեցի Պետերբուրգ և հոկտեմբերի 22 ին հասա այնտեղ, փողոցներում արտակարգ բան չտեսա: Հսկա քաղաքը ապրում էր իր սովորական խաղաղ կյանքով: Ես հանդիպեցի իմ բարեկամ Աճեմովին, որ ռուսական խորհրդարանի անդամ էր և սիրելի դոկտոր Հ. Զավրյանին: Նախարարությունները շարունակում էին իրեց սովորական գործերը: Հոկտեմբերի 23-ին և 24-ին մի քանի այցելություններ արեցի կառավարական դիվանատներ Ալեքսանդրապոլի քաղաքային գործերի համար և նույնիսկ երկաթուղային տոմս գնեցի՝ հոկտեմբերի 27-ին Կովկաս մեկնելու համար:

Հոկտեմբերի 25-ին, սակայն, առավոտյան ժամը 10-ին, երբ անցնում էի մայրաքաղաքի գլխավոր փողոցով՝ Նևսկի պողոտայով, իմ ուշադրությունը գրավեցին տարօրինակ մարդկանց խմբեր, որոնք զինված էին հրացաններով, բայց զինվորական համազգեստ չունեին: Ոչ ոք նրանց չէր կանգնեցնում հարցնելու, թե ովքե՞ր են և ինչո՞ւ են զինված, կամ ո՞ւր են գնում: Անցորդները հետաքրքրությամբ նայում էին նրանց և լուռ անցնում: Հասա Նևսկիի և Մոյկայի անկյունը և հանկարծ լսեցի հրացանի պայթյուն: Ժամը 12-ն էր, երբ հասա այն շենքը որտեղ տեղի էր ունենում այսպես կոչված նախախորհրդարանի նիստը, բոլորն էլ այնտեղ զբաղված էին երկարաշունչ ճառեր արտասանելով: Խոսեց Կերենսկին, խոսեցին մենշևիկների պարագլուխները, խոսեցին սոցիալիստ հեղափոխականների պետերը, խոսեցին կադետները: Ճառերի նյութը ինձ համար պարզեց այն, ինչ որ տեսա փողոցներում: Կերենսկին ասում էր. «Հրով և սրով կճնշեմ ապստամբներին: Ազատ Ռուսաստանը թույլ չի տա որևէ բռնություն և օրինական կառավարության տապալումը»: Լսվեցին խանդավառ ծափահարություններ: Կուսակցությունները կառավարությանը խոստացան իրենց անվերապահ աջակցությունը:

Ընդմիջնան ժամանակ պրոֆեսոր Կուզմին-Կարավաևի հետ գնացինք ճաշասրահը, ստեցինք մի սեղանի շուրջը, և նա ինձ բացատրեց, թե ինչ է կատարվում դրսում: Հայտնեց, որ զորանոցներում շատ ուժող խմորում կա, զորքերը բոլշևիկների կողմն անցնելու հակում են ցույց տալիս, բայց վստահեցրեց, որ կառավարույթունը կճնշի շարժումը:

Նիստը վերսկսվեց: Սակայն, հազիվ մի քանի րոպես էր անցել, երբ ժողովասրահ մտան մի քանի զինված նավաստիներ և բոլորին առաջարկեցին ցրվել իրենց տները: Տարբեր կողմերից լսվեցին բողոքներ, սակայն, ամենքն էլ, առանց դիմադրության, ի վերջո, ցրվեցին: Ես ևս դուրս եկա:

Նևսկիի վրա նկատեցի բազմաթիվ ավտոմեքենաներ, որոնք, զիվորներով լցված, սլանում էին դեպի Ձմեռային պալատ: Նորից գնացի Աճեմովի մոտ և նրան պատմեցի տեսածս ու լսածս: Նրա մոտ նստած էր եղբորորդին՝ Լեալա Աճեմովը, 17 տարեկան պատանի, ով կատաղի բոլշևիկ էր և որ հետո, 1921-ին, փետրվարյան ապստամբության օրերին սպանվեց: Նա մեզ հաղորդեց, որ բոլշևիկները այդ օրը պետք է գրավեն իշխանությունը ու կրկին վազեց դեպի Սմոլնի վարժարան, որտեղ այդ պահին նիստ էր գումարում բոլշևիկների խորհուրդը Լենինի և Տրոցկու ղեկավարությամբ: Թե ինչ էր կատարվում այդ պահին Սմոլնիում, պատմել է Տրոցկին այդ օրերին նվիրված իր գրքում:

Հանկարծ լսեցինք մեր հեռախոսի ձայնը: Զորավար Բագրատունին էր, ով Կերենսկու կողմից նշանակվել էր Պետերբուրգի շրջանի զինվորական հրամանատար: Խոսում էր Ձմեռային պալատից: Տեսնելով, որ բոլշևիկները մոտենում են պալատին, նա զգացել էր կացության փափկությունը և պատասխանատվությունը ու պետք էր զգացել խորհրակցելու դոկտոր Զավրյանի և ինձ հետ: Խնդրում էր՝ անմիջապես գնալ Ձմեռային պալատ: Գնացինք: Զորավար Բագրատունու առանձնասենյակում տեսանք զորավար Տիգրանյանին, ով նրա սպայակույտի պետն էր: Պատուհաններից տեսա, որ բոլշևիկյան զորքերը շրջապատում են պալատը:

Զորավար Բագրատունին բացատրեց, որ Պետերբուրգում եղած 40 հազար զինվորների մի մասըբոլշևիկների կողմն է, մյուս մասն էլ ուզում է չեզոք մնալ: Կուսակցության կողմն են միայն սպաների վարժարանի աշակերտները և կանանց գումարտակը, ընդամենը՝ 800 հոգի: Ի՞նչ անել, ուրեմն:

Բագրատունին հաղորդեց նաև, որ Կերենսկին քաղաքից մեկնել է ռազմաճակատ՝ մայրաքաղաք հավատարիմ զորքեր բերելու նպատակով:

Խորհրդակցելով, մենք որոշեցինք ասել զորավարին, որ պալատի պաշտպանության գործը անհույս բան է և որ մենք, իբրև վկաներ, տեսնում ենք, որ հրամանատարը անզոր է:

Մենք դուրս եկանք պալատից, որն արդեն լիակատար շրջապատված էր: Ինձ ու Զավրյանին դժվարությամբ դուրս թողեցին: Զորավար Բագրատունին ձերբակալվեց, իսկ զորավար Իշխան Թումանովը, որ զինվորական նախարարի օգնականն էր, դիմադրություն ցույց տվեց, սպանվեց զինվորների կողմից և նետվեց Մոյկայի ջրանցքը: Գետի մոտից անցնելու ժամանակ մենք տեսանք, թե ինչպես են Ավրորա մարտանավի վրայից ռմբակոծում պալատը, որտեղ այդ պահին տեղի էր ունենում նախարարական նիստը: Զինված մարդիկ փակել էին շատ փողոցներ: Երբ անցնում էի Քաղաքային դումայի շենքի մոտով, տեսա բազմություն՝ հայազգի իշխան Ալեքսանդր Երկայնաբազուկի գլխավորությամբ, որ հազիվ մեկ տարի առաջ Թիֆլիսում իմ օգնականն էր և այժմ փոխադրվել էր ռուսական մայրաքաղաք՝ նույն պաշտոնով: Քաղաքային պատգամավորներ, գրողներ և կուսակցական գործիչներ էին դրանք, որ գնում էին դեպի պալատ՝ վերջ տալու արյունահեղությանը, բայց նրանց թույլ չտվեցին առաջ շարժվելու: Պալատը գրավվեց, և նախարարները ձերբակալվեցին: Հանրային շենքերը և հաստատությունները անցան բոլշևիկներին, մի խոսքով՝ իշխանությունն անցավ բոլշևիկներին:

Մյուս օրը քաղաքը ամայի տեսք ուներ: Նույն օրն իսկ ես մեկնեցի Կովկաս: Մոսկվայի կայարանից լսեցի թնդանոթաձգություն: կատաղի կռիվ էր տեղի ունենում բոլշևիկների և կառավարական ուժերի միջև, կռիվ, որ յոթ օր տևեց:

Հոկտեմբերի վերջին օրն էր, երբ հասա Թիֆլիս: Եկավ և Զավրյանը: Թիֆլիսում, կարծես, բոլշևիկների կողմից իշխանությունը գրավելու լուրջ փորձեր չէին կատարվում: Հետևյալ օրը վաղ առավոտյան իմ մոտ եկան Զավրյանը և Ստեփան Շահումյանը:

Զավրյանի համար բոլոր դեպքերը մեկ արժեք ունեին միայն. այնչափ, որչափ կարող էին նպաստել հայկական հարցի լուծմանը և թուրքահայության ազատագրմանը: Զավրյանի տեսակետն այն էր, թե հայ ժողովուրդը զենքով պետք է նվաճի իր ազատությունը, իսկ Ռուսաստանը, ինչ ռեժիմ էլ ունենա, պարտավոր է և պետք է օգնի հայերին: Այդ գաղափարի մոլեռանդ սպասավոր էր, բյուրեղյա մաքուր հոգի ունեցող անձնավորություն, որ թողել էր իր տունը, անձնական գործը և հանգստավետ կյանքը՝ ծառայելու իր ժողովրդին: Բարոյական մաքրության և հայրենասիրության տեսակետով մեծագույն մարդն էր, որ ես տեսել եմ երբևէ իմ կյանքի ճանապարհին: Նրան սիրում էին բոլորը և չէին կարող չսիրել:

Բոլշևիկյան իշխանությունը Զավրյանին արգելք չէր թվում իր տեսակետի իրականացման համար: Այդ պատճառով էլ՝ իր մոտ պահում էր Շահումյանին, որին ձերբակալելու հրամանը տրված էր կովկասյան իշխանության կողմից: Շահումյանին բերել էր մոտս՝ կարդալու այն հայտարարությունը, որ իր հղացումով և Շահումյանի միջնորդությամբ իր կողմից պետք է հրատարակեր Լենինը Թուրքահայաստանի ինքնավարության մասին՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Զավրյանը արդեն պատրաստել էր այդ հայտարարության նախագիծը, որին Շահումյանը հավանություն տվեց իմ ներկայությամբ և հանձն առավ անմիջապես ուղարկելու Պետերբուրգ՝ Լենինին, հրատարակության համար: Եվ իրավ, այդ հայտարարությունը տեղի ունեցավ պաշտոնապես և նույնիսկ այդ իմաստով մի կետով մտցվեց բոլշևիկների հիմնական սահմանադրության մեջ:

Թեև Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Ժամանակավոր կառավարության նշանակած Անդրկովկասյան հատուկ կոմիտեն մնաց պաշտոնում, բայց նրա հեղինակությունը երկար չտևեց: Պետք եղավ նոր իշխանություն, որ այլ ծագում ունենար: Այսպիսով, ստեղծվեց Անդրկովկասյան կոմիսարիատը՝ տեղական կուսակցությունների համաձայնությամբ: Իշխանության մեջ մտան հայեր, վրացիներ և թաթարներ:

Այդ կոմիսարիատը զբաղեցրեց Կերենսկու նշանակած Հատուկ կոմիտեի տեղը՝ Կովկասը իբրև Ռուսաստանի մաս նկատելով: