Թուրքիայի հետ Անդրկովկասյան կոմիսարիատի բանակցությունները. Ալեքսանդր Խատիսյան

2516
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը”կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն հրատարակել է Հայաստանում:

_______________________________

ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈԻԽ, մաս առաջին

Անդրկովկասյան կոմիսարիատը և բանակցությունները Թուրքիայի հետ

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական պատմությունը ուսումնասիրելու տեսակետից չափազանց կարևոր է այս շրջանը, որը սկսվեց 1917թ. հոկտեմբերի 25-ին բոլշևիկյան հեղաշրջումով և փակվեց 1918թ. մայիսի 28-ին, երբ տեղի ունեցավ Հայաստանի անկախության հռչակումը:

Քանի դեռ Պետերբուրգում իշխում էր Ժամանակավոր կառավարությունը, խոսք չկար Կովկասի անջատման մասին: Բոլշևիկյան հեղաշրջումը եղավ առաջին հարվածն այդ ուղղությամբ: Կովկասը չընդունեց այդ հեղաշրջումը և, թեև իրավականորեն դեռ կապված Ռուսաստանի հետ, փաստորեն սկսեց ապրել ուրույն, գրեթե անկախ կյանքով: Կովկասի հետ միասին անջատ կյանքով սկսեց ապրել նաև հայ ժողովուրդը ՝ իր մեջ առած թրքահայ գաղթականներով, որոնց թիվը հասնում էր 300 հազարի:

Այդ ժամանակաշրջանը կարելի է բաժանել երկու մասի. առաջինը հոկտեմբերի 25-ից մինչև ապրիլի 1, երկրորդը՝ ապրիլի 1-ից մինչև մայիս 28: Առաջին շրջանը ընդգրկում էր Անդրկովկասյան կոմիսարիատի պատմությունը և բանակցությունները Թուրքիայի հետ Տրապիզոնում, երկրորդը՝ պատերազմը Թուրքիայի հետ, Անդրկովկասյան անկախ հանրապետության հռչակումը ապրիլի 9-ին, բանակցությունները Բաթումում, Անդրկովկասյան հանրապետության քայքայումը, ազգային հանրապետությունների հռչակումը և Բաթումի հաշտությունը: Այս գլխում այդ շրջանին վերաբերող դեպքերն են:

Երբ Պետերբուրգից վերադարձա Թիֆլիս, բոլշևիկյան հեղաշրջումը արդեն տեղի էր ունեցել, և մեծ հուզում կար Թիֆլիսում: Ես առաջինն էի, որ ականատես էի եղել Պետերբուգի հեղաշրջմանը: Ամեն կողմից ինձ հարցեր էին տալիս՝ պարեզելու ստեղծված իրավիճակը: Տեղի էին ունենում կուսակցական և միջկուսակցական խորհրդակցություններ: Հասարակության հետաքրքությունը այնքան մեծ էր, որ ես ստիպված եղա նոյեմբերի 5-ին կարդալ հրապարակային զեկուցում, որին ներկա էր աննախընթաց բազմություն:

Վտանգավոր էր, մասնավորապես, իրադրությունը ռազմաճակատում: Հայերը առանձնապես վախենում  էին, որ կովկասյան ճակատում դժվար պիտի լինի պահել ռուսական զորքը, երբ արևմտյան ճակատներում խուճապահար փախչում էր դեպի տուն: Նվազ չափով թերևս, բայց մտահոգ էին նաև վրացիները, որոնց համար ևս ռուսական բանակի փախուստը Կովկասից կարող էր վտանգավոր իրավիճակ ստեղծվել: Միայն մահմեդական թաթարներն էին, որ այլ կերպ էին մտածում, բայց նրանք էլ շատ զգույշ ու ծածկամիտ էին, թեև պարզ էր նրանց ուրախությունը իրերի այդ անակնկալ ընթացքի հանդեպ:

Բնական է, որ Կովկասի այս անապահովությունը ամենից ավելի մտահոգում էր հայերին, որոնք ռուսական զորքի փախուստի հետևից տեսնում էին թուրքական բանակի արշավը: Եվ որովհետև այլևս վստահություն չկար ռուսական զորքի նկատմամբ, որի տրամադրությունը բարձրացնելու և Կովկասում պահելու ամեն ճիգ թափվում էր, այնուամենայնիվ, հրատապ ու հրամայական բնույթ ստացավ հայկական հատուկ զորք ստեղծելու ծրագիրը, որի հետ կապված էր նաև ազգային հողամաս ճշտելու և հաստատելու խնդիրը: Հայկական զորքի առաջին գործը պետք է լիներ պաշտպանել Թուրքահայաստանը:

Մինչ այդ, կովկասյան բանակի զինվորական ներկայացուցիչների շրջանային խորհուրդը հոկտեմբերյան հեղաշրջման առթիվ հետևյալ կոչը ուղղեց կովկասյան բանակին. «Շրջանային խորհուրդը վճռականապես և խստորեն դատապարտելով բոլշևիկների հեղաշրջումը Պետրոգրադում, բանակին հորդորում է մնալ հանդարտ և կարգապահ: Նախագահ՝ Դոնսկոյ» :

Այս կոչին կովկասյան ճակատի կոմիտեն անմիջապես պատասխանեց հետևյալ բանաձևով. «Տեղեկանալով Պետրոգրադում կատարված դեպքերին և բոլշևիկների կողմից իշխանության հափշտակմանը, կովկասյան բանակի կոմիտեն գտնում է, որ ա) բոլշևիկների այդ փորձը հակառակ է ժողովրդի ինքնիշխան կամքին, որը իշխանությունը հանձնել է Կերենսկու դահլիճին, բ) Կերենսկու նախարարությունն է միայն, որ հեղափոխական դեմոկրատիայի հսկողության տակ լիազորություն ունի կառավարելու երկիրը մինչև Սահմանադիր ժողով, գ) ուրիշ որևէ այլ կառավարություն, ինքնակոչ կերպով կառավարության գլուխ կանգնելով, ճակատագրականորեն դեպի կործանում է առաջնորդում հեղափոխության նվաճումները՝ երկիրը մխրճելով քաղաքացիական պատերազմի սարսափների մեջ և այն հանձնելով գերմանական իմպերիալիզմի ձեռքը»:

«Այս պարագաները նկատի ունենալով՝ կովկասյան բանակի կոմիտեն որոշում է. ա) Կերենսկու կառավարությունը ճանաչել Ռուսաստանի միակ լիազոր կառավարություն, բ) հեղափոխության ամեն մի կառավարություն հայտարարել թշնամի և բոլոր միջոցներով պայքարել նրա քայքայիչ գործունեության դեմ, գ) պահպանել բանակի կարգն ու մարտունակությունը, նկատի ունենալով, որ հեղափոխական ժողովրդի բոլոր հույսերը կապված են բանակի հետ, որը նորածին ազատության վերջին հենարանն է, դ) անհապաղ ընթացք տալՍահմանադիր ժողովի ընտրություններին, որոնք պետք է տեղի ունենան ամենակարճ ժամանակում, քանի որ միայն Սահամանադիր ժողովն է, որ պետք է արտահայտի ժողովրդի անվիճելի ձայնը ու իր ձեռքն առնի մեր թանկագին հայրենիքի ճակատագրի տնօրինությունը»:

Այս բանաձևը գրվել էր Էրզրումում և անկասկած, արտահայտում էր այն ժամանակ գոյություն ունեցող ընդհանուր տրամադրությունները:

Սոցիալիստ հեղափոխականների և սոցիալ դեմոկրատների կուսակցական մարմինները ևս նմանօրինակ բանաձևեր տարածեցին՝ ժողովրդին և բանակին կոչ ուղղելով «խաղաղ կերպով հաշվեհարդարի ենթարկել բոլշևիկյան ապստամբությունը» և շուտափույթ կերպով հրավիրել Սահմանադիր ժողովը: Նման որոշում և հայտարարություն արեց նաև Հ. Յ. Դաշնակցությունը: Եվ, այսպիսով, հաստատվեց միացյալ քաղաքական ճակատ:

Պետք էր կազմակերպել իշխանությունը: Ժամանակավոր կերպով քաղաքական կուսակցությունների նախագահներից Թիֆլիսում կազմվեց Հանրային ապահովության կոմիտե, որը նոյեմբերի 11-ին ժողովրդական տանը հրավիրեց մեծ խորհրդակցություն, որին մասնակցում էին բոլոր քաղաքական, զինվորական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Խորհրդակցությունը եկավ հետևյալ եզրակացության.

«Նկատի ունենալով, որ բացակայում է բոլորի կողմից ճանաչված կենտրոնական իշխանություն և երկիրը ենթակա է հարաճուն անիշխանական վիճակի, որը կարող է տարածվել նաև Անդրկովկասի վրա, նկատի ունենալով նույնպես, որ գոյություն ունեն մի շարք անհետաձգելի հանրային, տնտեսական և ֆինանսական խնդիրներ, որոնց լուծումից է կախված Կովկասի մոտ ապագան, խորհրդակցությունը որոշում է. ա) Մինչև Սահմանադիր ժողովի ընտրության վերջանալը Անդրկովկասում և կովկասյան բանակում, երկրի իշխանությունը հանձնել Հանրային ապահովության կոմիտեին, որի մեջ մտնում են, բացի հեղափոխական-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներից, նաև ազգային և այլ հանրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բ) Սահմանադիր ժողովի ընտրություններից հետո ժամանակավոր իշխանությունը պետք է կազմակերպեն ժողովրդի և բանակի ընտրյալները հետևյալ պայմաններով. 1) վարել տեղական քաղաքականությունը՝ համաձայն համառուսական դեմոկրատիայի և համապետական շահերի, 2) ինքնավար կերպով տնօրինել միմիայն տեղական ընթացիկ խնդիրները, 3) կառավարել երկիրը մինչև համայն Ռուսաստանի կողմից ճանաչված կենտրոնական իշխանության կազմակերպվելը Սահմանադիր ժողովի կողմից, 4) հենվել բանվորական, զինվորական ու գյուղացիական խորհուրդների և տեղական ինքնավարության մարմինների վրա»:

Այս որոշումները ընդունվցին գրեթե միաձայնությամբ և չորս օր անց, նոյեմբերի 15-ին, նոր իշխանությունը անցավ պարտականությունների կատարմանը Անդրկովկասյան Կոմիսարիատ անվան տակ:

Կոմիսարիատի մեջ մտան հետևյալ անձինք. Նախագահ՝ Գեգեչկորի (վրացի), որ նաև արտաքին գործերի կոմիսար էր, Չխենկելի (վրացի)՝ ներքին գործերի կոմիսար, դոկտոր Դոնսկոյ  (ռուս-հրեա)՝ զինվորական և ծովային կոմիսար, Խ. Կարճիկյան (հայ)՝ ֆիանանսական կոմիսար, Ալեքսեև-Մեսխիև (վրացի)՝ արդարադատության կոմիսար, Ջաֆարով (թաթար)՝ առևտրի և արդյունաբերության կոմիսար, Մելիք Ասլանով (թաթար)՝ հաղորդակցության կոմիսար, Ներուչև (ռուս)՝ հողագործության կոմիսար, Տեր Ղազարյան (հայ)՝ պարենավորման կոմիսար, դոկտոր Հ. Օհանջանյան (հայ)՝ խնամատարության կոմիսար և Խաս-Մամեդով (թաթար)՝ պետական վերահսկիչ:

Երեք օր անց Կոմիսարիատը հրապարակեց կովկասյան ժողովուրդներին ուղղված կոչ՝ նրանց հրավիրելով խաղաղ շինարար աշխատանքի և շեշտելով երեք կարևոր խնդիրներ. Ա) Սահմանադիր ժողովի ընտրություններ, Բ) ազգային հարցի լուծում, Գ) Թուրքիայի հետ հաշտության կնքում:

Այս երեք հիմնական հարցերը գրավեցին Կովկասի ամբողջ ուշադրությունը: Կարող եմ հավաստիացնել, որ բովանդակ Կովկասը համակրանքով վերաբերվեց Կոմիսարիատի կոչին: Դժբախտաբար, Կոմիսարիատի մեջ մտած կուսակցություններն ու անձինք հակամարտ ձգտումներ, զգացումներ ու քաղաքական հակումներ ունեին, մի բան, որ երևան եկավ առաջին իսկ օրերից: Հայերն ուզում էին իրենց համար պահպանել Տաճկահայաստանը, թաթարներն ուզում էին վերադարձնել այն Տաճկաստանին, իսկ վրացիները ուզում էին խաղաղ ու բարեկամական հարաբերություններ հաստատել թուրքերի և թաթարների հետ:

Կովկասյան նոր կառավարության մեջ կարևորագույն պաշտոններ ստանձնել էին վրացիները: Փաստորեն, նրանց ձեռքում էր ղեկավարությունը և ուժերի հավասարակշռության պահպանումը:

Ազգային հակամարտությունների հետևանքով հետզհետե միշտ ավելի խոշոր դեր սկսեցին կատարել Ազգային խորհուրդները՝ երկրորդ տեղը մղելով Անդրկովկասի Կոմիսարիատը: Մասնավորապես, հայկական կյանքում միշտ ավելի շեշտվեց Ազգային խորհրդի ղեկավարությունը, որի կենտրոնը դժբախտաբար գտնվում էր Թիֆլիսում՝ Հայաստանի սահմաններից դուրս: Այնտեղ էր նաև հայկական զորաբանակի գլխավոր սպայակույտը:

Կոմիսարիատի մատնանշած երեք հարցերից առաջին հերթին լուծման առարկա դարձան երկուսը՝ հաշտությունը Թուրքիայի հետ  և Սահմանադիր ժողովի ընտրությունները:

Ընտրությունները տեղի էին ունենում խաղաղ, առանց խոշոր միջադեպերի և բախումների: Պարզ էր, որ երեք իշխող կուսակցությունները՝ Հ. Յ. Դաշնակցությունը, վրացի մենշևիկները և Մուսավաթականները, իրենց ազգային շրջանակներում պիտի շահեին բացարձակ մեծամասնություն: Այդպես էլ եղավ: Սակայն այդ ընտրությունները իրենց նպատակին չհասան, որովհետև Սահմանադիր ժողովը առաջին իսկ օրը ցրվեց բոլշևիկների կողմից:

Երկրորդ խնդիրը՝ հաշտությունը Թուրքիայի հետ, ողբերգական ընթացք և վախճան ունեցավ՝ ճակատագրորեն որոշելով կովկասյան ժողովուրդների հետագա բախտը:

Նոյեմբերի 21-ին Կոմիսարիատը որոշեց հաշտության բանակցություններ սկսել Թուրքիայի հետ, որոնք հանգեցին զինադադարի, որ կնքվեց 1917թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում: Իսկ 1918թ. հունվարի 1-ին թուրքական բանակի կովկասյան ճակատի հրամանատար Վեհիբ փաշան Էնվեր փաշայի կողմից Անդրկովկասյան Կոմիսարիատին ուղղեց ուշագրավ մի հարցում, թե «Ինչ է մտածում անկախ Անդրկովկասի կառավարությունը Թուրքիայի հետ հաշտության պայմանների մասին» և թե «Էնվեր փաշան մտադիր է անկախ Անդրկովկասի մայրաքաղաք ուղարկել պատվիրակներ՝ հաշտության դաշնագիր կնքելու համար»:

Առանձնապես ընթերցողի ուշադրությունն եմ հրավիրում երկու անգամ կրկնված անկախ բառի վրա, որով թուրքերը կովկասյան իշխանությանը ուզում էին ներշնչել, թե իրենք կամենում են գործ ունենալ միմիայն անկախ կառավարության հետ: Թուրքերի համար անկախ Կովկասը մի բաղձալի պատնեշ էր Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Թիֆլիսում այդ բանը զգացին, բայց ոչ ոք դեռ չէր ուզում բացահայտորեն խոսել Ռուսաստանից անջատվելու մասին: Համենայն դեպս, ուշադրության արժանի է, որ անկախության գաղափարը և այդ գաափարի հրահրումը եկան Թուրքիայից:

Կոմիսարիատը իր պատասխանի մշակմանը մի քանի նիստեր նվիրեց: Նա նպատակ ուներ հարցը ձգձգելով համաձայնության գալ Ուկրաինայի և Հյուսիսային Կովկասի հետ, որով մի կողմից ուզում էր շեշտել իր կապը Ռուսաստանի հետ, իսկ մյուս կողմից հենարան ունենալ Թուրքիայի հետ բանակցություններ վարելու ժամանակ: 1918թ. հունվարի 15-ին կովկասյան կառավարությունը թուրքերին հայտնեց, որ իր պատասխանը պիտի տա երեք շաբաթ հետո՝ նախօրոք հասկանալ ռուսական հանրապետության ինքնավար անդամների կարծիքը: Այդ հայտարարության մեջ որևէ ակնարկ չկար անկախ Անդրկովկասի մասին:

Թուրքերը, միևնույն ժամանակ, ձեռքները ծալած չնստեցին՝ սպասելու Կովկասի պատասխանին: Մի շարք հեռագրերով՝ ուղղված կովկասյան բանակի ընդհանուր հրամանատարին, որ մի վրացի էր, նրանք հաղորդում էին հայկական բարբարոսությունների մասին շիծու լուրեր, իսկ հունվարի 30-ին հաղորդեցին, թե մահմեդական բնակչության պաշտպանության համար իրենք ստիպված են արշավանք սկսել: Սկսվում էր նոր պատերազմ:

Թուրքական ուժերը, ըստ երևույթին, ուշքի էին եկել, մինչ ռուսական զորքերը անընդհատ զանգվածային և անկանոն կերպով լքում էին ճակատը և տուն շտապում: Ամբողջ երկու ամիս հետևում էի այդ զորքերի փախուստին, որ կատարվում էր երեք ուղղությամբ՝ միանալով Ալեքսանդրապոլում: Գալիս էին Պարսկաստանից երկաթուղով Երևանով, Ղարսով Էրզրումից և Ելենովկայից՝ խճուղով: Նրանք հաճախ վաճառում էին իրենց զենքերը, նույնիսկ իրենց սրբերիպատկերները, վաճառում էին զինվորական կառքերը, հագուստները և այն ամենը, ինչ որ կարողանում էին վաճառել: Բոլորն իրենց բոլշևիկ էին համարում՝ հայտարարելով, թե իրենք պատկանում են այն կուսակցությանը, որ իրենց տուն է կանչում: Բոլորն էլ ունեին համոզում, թե իրենց հայրենիքում արդեն հողերը բաժանվում են և տուն էին շտապում իրենց բաժնից չզրկվելու համար:

Չափազանց ծանր, գրեթե անկարելի գործ ստանձնեց հայկական զորաբանակը, որ այդ դժնդակ պայմաններում, որևէ օգնություն չստանալով կովկասյան հարևաններից, պարտավորված էր պաշտպանել կովկասյան ճակատը և դիմադրել թուրքական արշավող բանակին: Հունվարի և փետրվարի զարհուրելի ցրտերին դժվար էր զինվորներին տանել դեպի Թուրքահայաստանի շրջանները, որոնք ավերված և ամայի էին՝ մանավանդ, որ այդ մեծ տարածության վրա բացակայում էին հաղորդակցության միջոցները: Նաև սնունդն էր պակասում:

Ալեքսանդրապոլում նստած, մենք ստիպված էինք երկու գործ միաժամանակ անել: Մի կողմից ընդունում էինք ճակատից փախչող ռուսական զորքերը, որոնք բարոյալքում և խուճապ էին առաջացնում, մյուս կողմից հապճեպ կերպով հայկական զորքեր էինք հավաքում և ուղարկում դեպի ռազմաճակատ:

Հայերի և թուրքերի ուժերը այդպիսի պայմաններում հավասար չէին կարող լինել:

Հայկական զորաբանակի կազմակերպությամբ զբաղված էր Հայոց Ազգային խորհուրդը, բայց միաժամանակ Անդրկովկասյան Կոմիսարիատը կազմակերպում էր վրացական և թաթարական զորաբանակներ:Անդրկովկասյան իշխանության զինվորական ղեկավարությունը հայերի ձեռքում չէր, ուստի այն ծառայում էր հակահայկական, այսինքն՝ ռազմաճակատին հակառակ նպատակների: Որովհետև թաթարները պարզապես թուրքերի կողմն էին, իսկ վրացիները նրանց փաստորեն ուժ էին տալիս, Անդրկովկասյան Կոմիսարիատը իրավունք չէր տալիս զորահավաք անելու, որի համար բերում էր զանազան ձևական առարկություններ: Եղավ մի պահ, երբ հայերը պատրաստ էին առանց Կոմիսարիատի թույլտվության, ինքնագլուխ, հայկական զորահավաք անել: Ամբողջ մեկուկես ամիս մեր և մեր հարևանների միջև պայքար էր գնում, մինչև որ հաջողվեց թույլտվություն ձեռք բերել:

Պետք է նկատի ունենալ նաև, որ երկաթուղիները հայերի ձեռքում չէին, այլ թաթարների և վրացիների, որոնք մերժում էին մեզ վագոններ տալ դեպի ճակատ զորք փոխադրելու համար: Հայոց Ազգային խորհրդի նախագահն ու անդամները ամբողջ 48 ժամ ստիպվախ եղան սպասել Թիֆլիսի կայարանում, մինչև որ մի գնացք ստացավ Կարս մեկնելու համար: Երևան-Ջուլֆա գծի վրա, հայկական զորքերի շարժումը կանգնեցնելու նպատակով, թաթարները պայթեցրին երկաթուղային կամուրջը:

Միևնույն ժամանակ, հայկական զորաբանակի կազմակերպումը մեծ դժվարությունների էր հանդիպում: Քաղաքացիները դժվարությամբ էին մտնում բանակ, մասնավորապես՝ հետևազորի շարքեր: Հայ հարուստները դրամ չէին տալիս և պետք էր նրանց բանտ նստեցնել՝ վճարել տալու համար իրենց վրա ընկած բաժինը: Թիֆլիսցի հայերը, մասնավորապես, խուսափում էին զինվորական ծառայությունից: Զորքերի մեջ մտնում էին առավելապես Երևանի, Բայազետի և Զանգեզուրի հայերը, այսինքն՝ բուն Հայաստանի հայերը:

Հայոց Ազգային խորհրդից բացի Թիֆլիսում գործում էր նաև թուրքահայերի մի կոմիտե: Այն ժամանակ միացյալ Հայաստանի մասին խոսք չկար և հայկական հատվածները իրար մոտենալով հանդերձ՝ դեռ չէին ձուլվել: Թուրքահայերը զբաղված էին միմիայն Թուրքահայաստանի ազատագրության խնդրով և կազմում էին հատուկ զորամասեր Անդրանիկի ղեկավարությամբ: Նրանց հետ գործում էր անգլիացի գնդապետ Բարքը, որը հետագայում սպանվեց բոլշևիկների կողմից Վլադիկավկազում: Նրա միջոցով Ազգային խորհուրդը ստացավ 4 միլիոն ռուբլի զինվորական նպատակների համար:

Օրեցօր աճում էր Հայոց Ազգային խորհրդի հեղինակությունը: Նրա շուրջ համախմբվում էին հայկական բոլոր տարրերը՝ համակվելով Կովկասում հայկական հատուկ հողամաս ունենալու գաղափարով:

Հայկական զորաբանակը կազմակերպվում և մաս առ մաս ճակատ էր ուղարկվում: Չեմ կարող ասել, սակայն, որ այն սպառնալից ուժ էր ներկայացնում, որովհետև ռազմաճակատը մեծ էր և ստիպված էր տարածվել՝ կազմելով շատ փոքրիկ զորամասեր: Դրոն, որ անկասկած զինվորական բնածին տաղանդ է, ասում էր, որ մեծ սխալ է զորքը այդպես տարածելը: Նա պաշտպանում էր այն միտքը, թե անհրաժեշտ է կրճատել ճակատը և զորքը համախմբել զորավոր բռունցք կազմելու համար: Դրա փոխարեն, սակայն, մեր զորքերը բաժանվում էին փոքրիկ մասերի և մաս-մաս ճարդվում:

Թիկունքի կացությունը օրեցօր վատթարանում էր: Կովկասյան մահմեդականները, զինված խմբեր կազմած, հարձակումներ էին գործումդեպի ճակատ մեկնող մեր զորամասերի վրա , քանդում երկաթուղագծերը, պայթեցնում կամուրջները: Մի խոսքով, անում էին այն ամենը, ինչ որ անհրաժեշտ է բանակի շարժումները կասեցնելու համար:

Մի փոքրիկ բնորոշ դեպք. Ալեքսանդրապոլի մոտ Մոլլա Մուսա անունով մահմեդական մի գյուղ կար: Այդ գյուղի բնակիչները հարձակումներ էին կատարում հայ զինվորների վրա, սպանում նրանց և զենքերը գրավում: Նախքան այդ գյուղը պատժիչ զորամաս ուղարկելը, որոշվեց պատգամավորություն ուղարկել զինվորական պատգամավորների խորհրդի նախագահ Ասրիբեգյանի գլխավորությամբ: Ասրիբեգյանը երիտասարդ սոցիալ-դեմոկրատ էր՝ մենշևիկ, ով այդպիսի պարագաներում հավատում էր համոզելու միջոցներին: Նրա հետ գնացին նաև Ալեքսանդրապոլի քաղաքային վարչության անդամները: Երբ պատգամավորությունը մոտեցել էր գյուղին, գյուղացիները հրացանները պարպել էին նրանց վրա և Ասրիբեգյանը սպանվել էր: Ալեքսանդրապոլի բնակչությունը խորապես հուզվեց և գրգռվեց: Երբ կայարանին մոտեցավ Թիֆլիսից եկող գնացքը, ամբոխը վագոնից դուրս քաշեց մի մահմեդական ճամփորդ և տեղում սպանեց:

Այսպիսի երևույթները Կովկասի բոլոր կողմերում սովորական էին:

Թուրքերը՝ տեսնելով, որ ռուսական զորքերը լքել են ճակատը, հեռագիր հեռագրի հետևից ուղարկում էին կովկասյան բանակի գլխավոր հրամանատար զորավար Օդիշելիձեին՝ հայերին մեղադրելով քրդերի և թաթարների հանդեպ զարհուրելի բռնությունների մեջ: Հայտնի է, որ թուրքերը ամեն անգամ, երբ կոտորածի են պատրաստվում, սովորություն են դարձրել հայերին մեղադրելով՝ հոգեբանական հող պատրաստել իրենց դիվային ծրագրերի համար: Այդ հաղորդագրությունները նպատակ ունեին պարզապես գրգռել և հայերի դեմ ոտքի հանել Կովկասի մահմեդականությանը: Նրանց շնորհիվ մեծապես լարվեցին մեր հարաբերությունները Ադրբեջանի թաթարների հետ և հնարավոր չեղավ նրանց հետ որևէ համաձայնության գալ: Թուրքերը ամեն ջանք գործի դրեցին, որ այդպիսի համաձայնություն տեղի չունենա և հաջողեցին՝ գրգռելով մեր հարևանների կրոնական և այլ կրքեր:

Թաթարները, սակայն, չէին գոհանում հայերի վրա միայն հարձակվելով: Նրանք հարձակվում էին նաև տուն վերադարձող ռուս զինվորների վրա: Ամենից մեծ հուզումը ռուս զինվորների շրջանում առաջ բերեց թաթարների հուժկու հարձակումը ռուս զորամասի վրա Շամխոր կայարանի մոտ: Հարձակվողները հանկարծակիի էին բերել միամիտ ռուս զինվորներին, որոնք զենքերը մի կողմ դրած և վագոններում տեղավորված, հանգստանում էին: 1000 ռուս զինվորներ այրվեցին վագոններում: Բազմաթիվ հրացաններ և թնդանոթներ գրավվեցին և տարվեցին Գանձակ: Այդ դեպքի համար ռուս զինվորները 1920թ. վրեժ լուծեցին Գանձակի թաթարներից՝ հազարավոր մարկանց սպանելով և քաղաքի ամբողջ թաղամասեր այրելով ու ավերելով: Թաթարները մեղադրեցին հայերին, թե իբր նրանք օգնեցին բոլշևիկներին՝ իրենց սեփական վրրեժը լուծելու համար:

1918թ. հունվարին թուրքական արշավող բանակի ճնշման տակ հայերը աստիճանաբար դատարկում էին Թուրքահայաստանի շրջանները. Գաղթականները հեռանում էին, իսկ նրանց հետևից նաև՝ հայկական զորամասերը: Ճակատը մոտենում էր 1914թ. ռուս-թուրքական սահմանին: 1917թ. դեկտեմբերի 5-ին կնքված զինադադարը հիմնավորապես խախտված էր թե փաստորեն, թե իրավականորեն:

Ես պատրաստվում էի մեկնել Էրզրում, որտեղ ինձ կանչում էին անդադար, երբ հանկարծ հեռագիր ստացա Թիֆլիսից: Մեր կուսակցական մարմինը կանչում էր Թիֆլիս: Երբ հասա Թիֆլիս, արդեն գլխավոր խոսակցության առարկան հաշտության բանակցություններն էին Թուրքիայի հետ: Տեսա, որ արդեն ուշացել ենք: