Տարածքային որևէ զիջում նոր սկիզբ չի կարող լինել․ Էմիլ Սանամյան

728

Ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը զրուցել է լրագրող, փորձագետ Էմիլ Սանամյանի հետ։ Էմիլ Սանամյանը բնակվում է Վաշինգտոնում, մասնագիտացած է Հարավային Կովկասի հակամարտությունների թեմաներով։ Նա նաև Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտական ինստիտուտի Focus on Karabakh հարթակի խմբագիրն է։

– Վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հռետորաբանությունը կարծես փոխարինվել է խաղաղության բառապաշարով։ Որքանո՞վ են խաղաղության ակնկալիքները արդարացված: Ինչպե՞ս կարող են Բաքուն և Երևանը մեծ ակնկալիքները համադրել առկա իրականության հետ։

– Չնայած իրականում ռազմատենչ հռետորաբանությունը թուլացել է, ինձ համար խաղաղության հռետորաբանությունն այդքան էլ տեսանելի չէ։ Տավուշի սահմանամերձ գյուղերի մասին Հանրային հեռուստատեսության հաղորդումը կամ Հայաստանից «Թուրան» լրատվական գործակալության հաղորդումը խորհրդանշական ժեստերի, տրամադրությունները շոշափելու, բայց ոչ քաղաքական լուրջ փոփոխությունների շարքից են: Ես նույնպես շատ բան չեմ տեսնում մեծ ակնկալիքների առումով:

Ալիևի վարչակարգն ասում է, որ Փաշինյանի կառավարությանը հնարավորություն է տալիս Ղարաբաղի հարցում ավելի զիջողական դիրքորոշում ընդունելու, քան Սարգսյանի իշխանությունն ուներ: Նման ակնկալիքները, եթե իսկապես կան, թերևս անհիմն են: Ես նաև կնշեի, որ ռազմական լարվածության թուլացումը տեղի է ունեցել դեռ 2017-ին՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ: Այլ կերպ ասած, չորս տարի հետևողական ռազմական ճնշումից հետո Ալիևի վարչակարգը որոշել է դադար վերցնել և ուժերը վերադասավորել: Սա է այժմ շարունակվում, բայց դա չի նշանակում, որ իրավիճակի նոր սրացումներ չեն կարող լինել:

– Մադրիդյան սկզբունքները քննադատում են թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում: Սակայն կան որոշակի սկզբունքներ, որոնց շուրջ կողմերը բանակցում են դեռ 1994-ից: Իրատեսակա՞ն է, արդյոք, որ բանակցությունները սկսվեն զրոյից: Եթե այո, ապա ի՞նչ կարող է փոխվել բանակցությունների սեղանին, և ո՞վ կարող է ավելի շատ օգուտ քաղել դրանից։  

– Մադրիդյան սկզբունքներն ընդամենը երեսուն տարվա խաղաղության գործընթացի վերջին վերահաստատումն էին: Բանակցությունների տարբեր փուլերի միջև միշտ եղել է շարունակականություն, բայց նաև փոփոխություններ են եղել: Եթե 1991-ին Հայաստանը համաձայն էր Ադրբեջանի ներսում Ղարաբաղի բարձր ինքնավար կարգավիճակին, ապա  պատերազմը փոխեց այդ մոտեցումը, և 1997-ին Հայաստանն այլևս չէր կարող համաձայնել նման կարգավիճակի, առնվազն՝ հրապարակային կերպով:

Եվ եթե 2001-ին հայկական կողմը պատրաստ էր հանձնել նախկին ԼՂԻՄ-ի շուրջ ադրբեջանական տարածքների զգալի մասը` Ղարաբաղի և Լաչինի միջանցքի՝ Հայաստանի մաս ճանաչվելու դիմաց, ապա այդ լուծումն այսօր համարվում է հակասական, մասնավորապես՝ Քարվաճառի հետ կապված։ Կարծում եմ, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո տարածքային որևէ զիջում չի կարող նոր սկիզբ լինել, քանի դեռ չկա խաղաղության իրական գործընթաց: Կարո՞ղ է, արդյոք, իրական խաղաղության գործընթաց լինել Ալիևի վարչակարգի հետ: Վստահ չեմ, որ դա հնարավոր է, բայց համոզված եմ, որ այդ գործընթացը Ադրբեջանի հետ պետք է լինի: Այսպիսով, եթե Ալիևի վարչակարգը չի կարողանա կամ չի ցանկանա, ապա Հայաստանի իշխանությունները կարող են փնտրել այլընտրանքային զրուցակիցներ ադրբեջանական ազդեցիկ շրջանակներում, հատկապես երկրից աքսորված կամ ադրբեջանական սփյուռքի համայնքներում:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնն ստանձնելուց ի վեր հայտարարում է, որ իրավասու չէ բանակցել Արցախի ժողովրդի անունից, քանի որ չի ընտրվել Արցախի քաղաքացիների կողմից։ Փաշինյանն ասում է, թե տեսնում է «շատ կոնկրետ և՛ ձևեր, և՛ մեթոդներ, թե ինչպես կարող է Ղարաբաղը ներգրավվել բանակցություններում»։ Դիսկուրսի այս փոփոխությունը որքանո՞վ կարող է արդյունավետ լինել։

– Ես թերահավատ եմ այս հարցում: Միակ տարբերակը, երբ ադրբեջանցի ղեկավարները երբևէ համաձայնել են խոսել Արցախի ղեկավարի հետ, ռազմական ճնշումն էր, այսինքն այն, երբ 1993-ին ռազմական ճնշման արդյունքում Հեյդար Ալիևը համաձայնեց հանդիպել Լեռնային Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այո՛, Ղարաբաղն ունի իր սեփական քաղաքական համակարգը, և դա պետք է հաշվի առնել: Բայց խնդիրը ոչ թե հայաստանյան ղեկավարն է, որը ներկայացնում է ղարաբաղյան շահերը,- քանի որ դրանք այդքան էլ չեն տարբերվում Հայաստանի շահերից,- այլ Ղարաբաղում Հայաստանի քաղաքացիների՝ Հայաստանի քաղաքական համակարգից կտրված մնալն է: Այսօր Հայաստանն ու Արցախը մշակութային, տնտեսական և անվտանգության առումով մեկ միասնական տարածք են, և այն փաստը, որ նրանք առանձին քաղաքական համակարգեր ունեն, անբնական է, և դա պետք է շտկվի:

– Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունն այն մասին, թե աշխարհում գերակա է «ով ուժեղ է, նա ճիշտ է» սկզբունքը մի ժամականահատվածում, երբ խոսվում է համեմատական հանգստության, բանակցային գործընթացում բարենպաստ մթնոլորտի և երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին։

– Իսկապես, 2017-ի աշնանից ի վեր առկա է հարաբերական հանգստություն: Սակայն այդ և մի քանի հայտարարություններից բացի, շարունակվող առճակատումը ճանապարհ չի բացել խաղաղության գործընթացի համար: «Ուժն է ծնում իրավունք» սկզբունքը կիրառում են աշխարհի շատ երկրներ։ Բռնապետական վարչակարգերը, ինչպիսին Ալիևինն է, նույնպես օգտագործում են այդ սկզբունքը իրենց ներքին գործերում: Այդ երկրում կա ավելի քան հարյուր քաղբանտարկյալ, քանի որ վարչակարգը համարում է, որ կարող է այդ մարդկանց նկատմամբ իրացնել իր իշխանությունը առանց էական հետևանքների։ Համակարգային այդ չարաշահումն ավելի շուտ նորմ է, քան շեղում։ Մենք պատմությունից գիտենք, որ նմանատիպ բոլոր վարչակարգներն ի վերջո տապալվում են:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

ՍիվիլՆեթ