Շարժում-88․ հռետորաբանության և բառապաշարի փոփոխությունը

1056

Արցախյան շարժման մեկնակետերից է 1988-ի փետրվարի 12-ը։

1988 թվականի փետրվարի 11-ին Ստեփանակերտում Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վասիլի Կոնովալովի և Լեռնային Ղարաբաղի առաջնորդ, մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի մասնակցությամբ տեղի ունեցավ մարզկոմի բյուրոյի նիստ, որի ընթացքում որոշվեց ԼՂԻՄ-ի շրջաններում՝ Հադրութում, Ասկերանում, Մարտունիում, Մարտակերտում, ինչպես նաև մարզկենտրոն Ստեփանակերտում փետրվարի 12-ին անցկացնել կուսակցական և տնտեսական ղեկավարների հանդիպումներ, արձանագրություններ կազմելով՝ դատապարտել մարզում տեղի ունեցող իրադարձությունները՝ ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորելու ստորագրահավաքը, ղարաբաղյան պատվիրակությունների այցերը Մոսկվա։

Հադրութի և Ասկերանի հանդիպումները վերածվեցին հանրահավաքների։ Հաջորդ օրը՝ փետրվարի 13-ին, շարժումը ծավալվեց, Ստեփանակերտի այսօրվա կենտրոնական հրապարակում, որտեղ տեղադրված էր Լենինի արձանը, տեղի ունեցավ մի քանի հազարանոց հանրահավաք։ Ապա եղավ փետրվարի 20-ի որոշումն ու սկսվեց հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաքների շարքը Երևանում։

Սկզբնական շրջանում հայությունը պահանջում էր 4,4 հազար քառակուսի կիլոմետր տարածքով ԼՂԻՄ-ի միացումը Խորհրդային Հայաստանին։ Այն ժամանակ խոսք չկար Լաչինի մասին, քանի որ անգամ ԼՂԻՄ-ի պահանջը համարվում էր անիրականանալի երազանք շատ հայերի համար։

Եթե 1988-ին և հետագա տարիներին, անգամ ընդհուպ մինչև 1994-ի մայիսյան հրադադար, որևէ անձ հոդված գրեր 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Արցախի Հանրապետության մասին, ապա նա կհամարվեր անլուրջ մեկը։

Հռետորաբանության և բառապաշարի փոփոխությունը տեղի ունեցավ տարիների ընթացքում՝ կամաց-կամաց։

Երբ մենք բացում ենք 1992-1994 թվականների մամուլը՝ լինի պաշտոնական, կուսակցական, սփյուռքյան, հանդիպում ենք այսպիսի վերնագրերի՝ «Հայերը գրավեցին Շուշին», «Հայկական ուժերը գրավել են Քելբաջարը»․․․ և այսպես՝ Աղդամը, Ֆիզուլին, Ղուբաթլուն, Զանգելանը, Ջեբրայիլը։

Կուսակցական և պետական գործիչները ևս, այդ թվում՝ նախագահները, արտգործնախարարները, առանց բարդույթի և ակամա շատ հանգիստ օգտագործում էին «գրավյալ տարածքներ» ձևակերպումը, որովհետև, օրինակ, 1994-ին Աղդամը Ակնա չէր և գրավյալ էր համարվում ու ընկալվում։ Անգամ 2001-ին Սերժ Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից առանց քաշվելու ասում էր, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ»։

«Գրավյալ տարածքներ» ձևակերպման հետ միաժամանակ 90-ականների կեսերից հետո, երբ հակամարտող կողմերն ու միջնորդները աշխատում էին կարգավորման տարբերակների վրա, հայ քաղաքական միտքն ու մամուլը սկսեց ավելի շատ օգտագործել «անվտանգության գոտի», «բուֆերային գոտի» և նման բառակապակցություններ։ Իհարկե, այդ ժամանակ օգտագործվում էին նաև «գրավյալ» և «ազատագրված տարածներ» ձևակերպումները ևս։

90-ական թվականների վերջերից, երբ ակտիվորեն քննարկվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված պաշտոնական գրավոր առաջարկները, հայկական որոշ շրջանակներ սկսեցին ավելի շատ օգտագործել «ազատագրված տարածքներ» եզրը։ Ժիրայր Սեֆիլյանը և ընկերները հիմնեցին «Ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտե» և ամենաբուռն կերպով դեմ արտահայտվեցին տարածքային հնարավոր զիջումներին։

2006 թվականից հետո, երբ Արցախում ընդունվեց Սահմանադրություն, «ազատագրված տարածքներ» ձևակերպման հետ միաժամանակ սկսեցին օգտագործել «սահմանադրորեն Արցախի Հանրապետության տարածքներ» ձևակերպումը։

Եթե 1990-ականների կեսերին ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը չէին խոսում, կամ գրեթե չէին խոսում նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքները, բացառությամբ Լաչինը, ավելի հազվադեպ՝ Քելբաջարը պահելու անհրաժեշտության մասին, ապա 2018-ի դեկտեմբերի 9-ին մասնակցող մի քանի կուսակցություններ հանդես էին գալիս «ոչ մի թիզ հող չզիջելու», անգամ Քուռ-Արաքսյան միջագետ դուրս գալու անհրաժեշտության մասին։

Ուշագրավ էր նաև քարտեզների և տեղանունների փոփոխությունը։ 90-ականների կեսերից լրատվամիջոցներն ու գրքեր կազմողները, չհաշված որոշ բացառությունները, շատ հանգիստ տպագրում էին խորհրդային շրջանի քարտեզներ, որտեղ պատկերված էր ԼՂԻՄ-ը՝ 4,4 հազար քառակուսի կիլոմետր վարչական սահամաններով։ Այսօր հիմնականում մեզ հանդիպում են քարտեզներ, որտեղ Հայաստանն ու Արցախը միագույն են 42 հազար քառակուսի կիլոմետր միասնական տարածքով։

1990-ական թվականներին քաղաքական, պետական գործիչները շատ հանգիստ օգտագործում էին Քելբաջար, Աղդամ և ադրբեջանական հնչողությամբ այլ տեղանուններ, մինչդեռ այսօր նման շռայլություն հաճախ թույլ չեն տալիս, քանի որ դա ընկալվում է որպես զիջողականություն։ Իսկ խաղաղության մասին խոսակցությունն իսկ համարվում է պարտվողականություն։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ

Լուսանկարը՝ Վալերի Պետրոսյանի, 1988-ի փետրվարի 13, հանրահավաք Ստեփանակերտում