Պնդումը, թե իբր Արցախը դուրս է մնացել բանակցություններից, ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին

850

Հատված Հայաստանի 1998-2008 թթ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հուշագրություններից։ Իր «Անկախության ճանապարհով։ Փոքր երկրի մեծ մարտահրավերները» գրքում Օսկանյանը գրում է «Ես միշտ համարել եմ և շարունակում եմ համարել, որ այն պնդումը, թե իբր Լեռնային Ղարաբաղը դուրս է մնացել բանակցություններից, միայն ու միայն ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին»:

 

Քոչարյանի նախագահության առաջին օրերին ղարաբաղյան հարցում մեր քաղաքականությունը որոշելիս մենք անդրադարձանք նաև բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության հարցին: Ապագայում այս խնդիրը ներքաղաքական դաշտում հաճախակի շահարկվող հարցերից մեկը դարձավ:

 

Ղարաբաղյան  բանակցությունների մասնակից լինելու կամ չլինելու հարցը որոշելու համար գոյություն ունի երեք չափանիշ՝ առաջին, երբ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները՝ որպես հավասարը հավասարի, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Հայաստանի Հանրապետության հետ, սեղանի շուրջ մասնակցում են բանակցություններին: Երկրորդ, երբ միջնորդներն իրենց կողմից մշակված առաջարկները ներկայացնում են կողմերին, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղին, ակնկալելով նրանց պատասխանները և միաժամանակ երեք կողմերին հավասար իրավունք տալով ընդունել կամ մերժել այդ առաջարկները: Երրորդ, երբ միջնորդական առաքելության մանդատ ունեցող անձինք՝ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահը, բանակցությունների նպատակով գալիս են տարածաշրջան և հանդիպում կողմերի ղեկավարների հետ:

Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային գործընթացին ֆիզիկական մասնակցության հարցը սկիզբ է առնում 1992-ի ԵԱՀԽ Նախարարների խորհրդի Հելսինկյան հանդիպման ընթացքում ընդունված ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որոշումից: Հայաստանը և Ադրբեջանը՝ որպես ԵԱՀԽ նոր անդամ պետություններ, առաջին անգամ էին մասնակցում նախարարների հանդիպմանը: Նշված համաժողովի ընթացքում որոշում կայացվեց հավաք անցկացնել Մինսկում, որի ժամանակ պետք է քննարկվեր և որոշում առաջարկվեր Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վերաբերյալ: Հելսինկյան հանդիպմանը Հայաստանը ներկայացնում էր արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ընդունված որոշման մեջ ասվում էր, որ Մինսկի համաժողովին, որպես շահագրգիռ կողմ, կհրավիրվեն նաև Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչներ:

1992-ի մայիսից, երբ հայկական ուժերը ազատագրեցին Շուշին և Լաչինը, իսկ հետո՝ մինչև 1993-ի վերջերը վերցրեցին Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքները, Ղարաբաղի շուրջ ստեղծվեց նոր իրավիճակ, ինչի արդյունքում Մինսկում կայանալիք կոնֆերանսը հետաձգվեց, և դրա փոխարեն ժամանակավորապես ստեղծվեց նույն մասնակիցներից կազմված և «Մինսկի խումբ» անվանումը ստացած աշխատանքային խումբը: Խմբի նպատակն էր վերացնել 1992 -1993 թվականների պատերազմի հետևանքները, այլ կերպ ասած՝ լուծել տարածքների և փախստականների խնդիրները, որպեսզի հնարավոր լինի բուն կոնֆերանսի անցկացումը Մինսկում՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հարցը:

1994-ի մայիսին ադրբեջանական կողմի խնդրանքով կողմերը զինադադար կնքեցին: Այս զինադադարը որևէ ձևով չփոխեց գոյություն ունեցող իրավիճակը: Այդպիսով, 1992-ի ժամանակավոր ստեղծված Մինսկի խումբը, շարունակելով իր առջև խնդիր ունենալ պատերազմի հետևանքների վերացումը, այն է՝ տարածքների և փախստականների վերադարձի խնդիրների լուծումը, նշված խնդիրների առավել բարդացման և գրեթե անլուծելի դառնալու հանգամանքով պայմանավորված՝ դարձավ մշտական գործող մարմին:

Չնայած ԵԱՀԽ 1992 թվականի Նախարարների խորհրդի որոշման այն մասը, որտեղ խոսվում էր համաժողովի մասնակիցների մասին, վերաբերում էր Մինսկի համաժողովին, ժամանակավորապես ստեղծված Մինսկի խումբը մասնակիցների վերաբերյալ առաջնորդվեց նույն որոշմամբ: Առաջին օրվանից ի վեր Հռոմում և եվրոպական այլ քաղաքներում մինչև 1997-ի Մոսկվայի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ներկա են եղել բոլոր հանդիպումներին:

Սակայն բոլոր այդ հանդիպումների ժամանակ ադրբեջանցիները ղարաբաղյան կողմի ներկայությունը համարել են Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի մասնակցություն և յուրաքանչյուր հավաքի, առանց բացառության, ապահովել են Նիզամի Բահմանովի ներկայությունը, որը Շուշիի անկումից ընդամենը մի քանի օր առաջ էր նշանակվել Շուշիի քաղաքապետ: Ադրբեջանի պնդմամբ՝ նա ներկայանում էր որպես Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ:

Յուրաքանչյուր հանդիպումից առաջ առնվազն կես ժամ կամ ավելի՝ կախված Մինսկի խմբի համանախագահների  համբերության այդ օրվա պաշարից, վեճ էր ընթանում, թե սեղանի շուրջ ով որտեղ պետք է նստի: Ղարաբաղցիները պնդում էին, որ Բահմանովը չի կարող առանձին նստել, քանի որ ադրբեջանական պատվիրակության մաս է:

Ադրբեջանը պնդում էր հակառակը՝ նա առանձին նստելու իրավունք ունի, քանզի հակամարտության առանձին կողմ է կամ կարող է նստել ղարաբաղյան պատվիրակության հետ միասին՝ որպես այդ համայնքի ադրբեջանական մասի ներկայացուցիչ, և այդպես շարունակ: Այլ կերպ ասած՝ ինչքան էլ մենք ներկայացնում և համառում էինք, որ Լեռնային Ղարաբաղը առանձին և հավասար բանակցային կողմ է, Ադրբեջանը դա երբեք չէր ընդունում, իսկ համանախագահները այդ կապակցությամբ երբեք կարծիք չեն հայտնել: Համենայնդեպս, անկախ բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության կարգավիճակից՝ այդ գործընթացն ավարտվեց. վերջին հանդիպումը տեղի ունեցավ 1997-ի մարտին: Այդ հանդիպմանը, ինչպես և 1993-ից ի վեր կայացած բոլոր հանդիպումներին, Հայաստանը ներկայացնում էի ես: Նշված հանդիպումը տևեց շատ կարճ. Ադրբեջանի պատվիրակությունը Լիսաբոնի գագաթաժողովի ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարության տեքստը ձեռքին պնդեց, որ իրավիճակը փոխվել է, և բանակցային բովանդակությունը պետք է հիմնված լինի այդ հայտարարության սկզբունքների վրա: Հայկական երկու պատվիրակությունները, բնականաբար, մերժեցին այդ առաջարկը, և այդպես էլ հնարավոր չեղավ ընդհանուր եզրեր գտնել կողմերի միջև: Մի խոսքով, 1998-ի ապրիլին, երբ Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց Հայաստանի նախագահի պաշտոնը, այն գործընթացը, որին Լեռնային Ղարաբաղն ունեցել էր ֆիզիկական մասնակցություն, դադարել էր:

Ինչ վերաբերում է երկրորդ չափանիշին՝ համանախագահների առաջարկների ներկայացումը հավասարապես բոլոր կողմերին, ապա այդ պրակտիկան շարունակվեց նաև իշխանափոխությունից հետո: 1998-ի հոկտեմբերին ընդհանուր պետության առաջարկը ներկայացվեց նաև Ստեփանակերտին, որը, ի տարբերություն Ադրբեջանի հապճեպ և կտրուկ մերժման, հետագայում ներկայացրեց իր ծավալուն դիտարկումները այդ առաջարկի վերաբերյալ:

Վերջապես, ինչ վերաբերում է համանախագահների այցելություններին տարածաշրջան, կարելի է միանշանակորեն արձանագրել, որ նրանք, հարյուրից ավելի այցերի ընթացքում հազվագյուտ բացառություններով մշտապես հանդիպել են Ղարաբաղի ղեկավարության հետ՝ Երևանում կամ Ստեփանակերտում:

Ես միշտ համարել եմ և շարունակում եմ համարել, որ այն պնդումը, թե իբր Լեռնային Ղարաբաղը դուրս է մնացել բանակցություններից, միայն ու միայն ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին: