Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը 0038 հրամանի մասին չէին կարող չիմանալ

1042

«Մարտի 1»-ի գործի շրջանակներում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննությունը մի շարք տեսանկյուններից կարևոր է եղել, Ազատության «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը։

«Որևէ մեկը չի կարող բացառել, որ այն բոլոր գործընթացները, որոնք ընթացել են 2008 թվականի փետրվարի 19-ից հետո, Սերժ Սարգսյանը կարող էր անմասն մնալ այդ գործընթացներին։ Լինելով նաև Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ՝ նույն 2008 թվականին մի շարք գործառույթային կապերով նա կապված էր նաև Պաշտպանության նախարարության հետ, և եթե խոսում ենք 0038 հրամանից, ապա բացառվում է, որ Սերժ Սարգսյանն այդ հրամանի մասին տեղեկություն չունենար»,- ասել է Սաֆարյանը՝ շարունակելով. – «Նախագահները տեղեկացված էին իրենց իսկ կողմից ընդունված 0038 հրամանի մասին, որը փորձում են բացառապես վերագրել որպես Միքայել Հարությունյանի կողմից ընդունված հրաման։ Էլ չեմ ասում, որ էդ բոլոր խորհրդակցություններին, շտաբի աշխատանքներին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը, և նրանք բոլորը միասին որոշել են մարտիմեկյան այն սցենարը, որը հետագայում իրականացրեցին և այնուհետև ռեպրեսիվ միջոցներով կարողացան հանրահավաքը ցրել և քաղաքական պրոցեսները դադարեցնել»։

Սաֆարյանը շեշտել է՝ 0038 հրամանը և նաև հետագայում արտակարգ դրության սահմանումը, պրոցեսների զարգացումը, բոլորն ընթացել են երկու նախագահների համատեղ ուժերի շնորհիվ։

Սերժ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) որպես վկա «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է երկու անգամ:

Արխիվային լուսանկար – Մարտի 1, 2009 թվական