Իրանը նոր մարտահրավերների շեմին

3715

Իրանում պատրաստվում են երկուշաբթի 11 փետրվարի մեծ երթով ամփոփել 1979 թվականի հեղափոխության հաղթանակի քառասունամյակի տոնակատարությունները:

Երկրի ղեկավարներն օրեր է` հայտարարում են, որ երկուշաբթի օրվա մեծ ցույց-երթը կփաստի ժողովրդի հավատարմությունը իսլամական հեղափոխության արժեքներին. արևմտյան երկրները կհամոզվեն, որ Իրանի ժողովուրդն անսասան է իր հեղափոխության նվաճումները պաշտպանելու գործում և տնտեսական շրջափակումներն անզոր են սասանելու պայքարի ելած ժողովրդի անկոտրում կամքը:

Իսլամական պետության առաջնորդ Ալի Խամենեին ուրբաթ 8-ը փետրվարին, մի խումբ զինվորականների առջև տոնական ելույթ ունենալով, կառավարությանը հորդորեց, որ շարունակի բանակցել Եվրոպայի հետ, բայց լինի վերապահ և եվրոպացիներին չվստահի:

Պրն Խամենեին շեշտեց, որ ինքը ո’չ ԱՄՆ-ին է հավատում և ո’չ էլ Եվրոպային, բայց վերջինիս հետ համագործակցությունը պետք է շարունակել: Երկրի առաջնորդը, ակնարկելով ներկաների ավանդաբար լսվող «Մահ Ամերիկային» լոզունգը, շեշտեց, որ անշուշտ իրենք մահ վանկարկելով նկատի ունեն նախագահ Թրամփին, գլխավոր խորհրդական Բոլթոնին և պետքարտուղար Պոմպեոյին և ոչ թե ԱՄՆ համայն ժողովրդին:

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ղեկավարներն իսկապես որ իրավունք ունեն սաստիկ ատել ամերիկյան հանրապետական այս եռյակին: Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման հարցում ԻԻՀ-ի և հատկապես նախագահ Ռոհանիի բախտը չբերեց. նախագահ Թրամփը 2018 թվականի մայիսին ետ վերցրեց իր նախորդի կողմից 2015 թվականին «Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման համատեղ գործողությունների համընդհանուր պլան (Joint comprehensive plan of action)»ի տակ դրված ստորագրությունը և վերականգնեց Իրանի դեմ սաստիկ պատժամիջոցները:

ԱՄՆ-ի նոր վարչակարգն անցյալ տարեսկզբին համաձայնագիրը  ստորագրած իր եվրոպացի գործընկերներին, Ռուսաստանին և Չինաստանին խնդրել և ժամանակ էր տվել, որպեսզի նոր համաձայնագիր նախապատրաստել, սաստկացնել Իրանի միջուկային ծրագրերի հսկողությունը, ներառել նաև հրթիռային ծրագրերը և սահմանափակել իրանյան ներկայությունը Մերձավոր Արևելյան երկրներում: Գործընկերներն առաջարկը մերժեցին, պաշտպանեցին «ԻՄԾՍ պլան»ի գործունեության շարունակությունը և Իրանին ևս հորդորեցին հավատարիմ մնալ 2015 թվականի համաձայնագրին:

«ԻՄԾՍ պլան»-ը փրկելու համար այժմ մոտ մեկ տարի է, որ բանակցում են Իրանն ու Եվրամիությունը: Իրանը Եվրոպայից ակնկալում է գործադրել այդ համաձայնագրի կետերը և ապահովել նավթի անվտանգ արտահանումն ու առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծումը:

ԱՄՆ-ն իր պատժամիջոցներով խանգարում է իրանական նավթի արտահանումն ու վալյուտային մուտքերը: Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառում աշխարհի բոլոր երկրների, այդ թվում նաև համաձայնագիրը ստորագրած երկրների ընկերությունների հանդեպ:

Առայժմ չեն ընկրկում միայն Եվրամիությունը և նրա ազդեցիկ անդամներ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, որոնք ստորագրել են նաև «ԻՄԾՍ պլան»-ը:

Նրանք ջանում են որևէ ձևով փրկել իրենց բիզնես շահերն Իրանում, զերծ մնալ ԱՄՆ պատժամիջոցներից և ապահովել իրենց անվտանգությունը: Վերջերս այս երկրները հիմնեցին «Ապրանքափոխանակման պաշտպանության գործիքակազմ-Instrument in Support of Trade Exchanges-INSTEX», որով փորձում են շրջանցելով ամերիկյան արգելքները, իրանական նավթի փողերի դիմաց դեղորայք և գյուղմթերք հասցնել Իրանին:

ԱՄՆ-ն առայժմ ութ երկրների արտոնել է սահմանափակ քանակով նավթ գնել Իրանից, բայց միջազգային բանկային գործարքների SWIFT համակարգի չհամագործակցելու պատճառով, Թեհրանը չի կարողանում տնորինել նավթի վաճառքից գոյացած իր գումարները:

Եվրոպացիներն Իրանին խոստացել են օգնել այս հարցով, բայց իրենք էլ նախապայմաններ են դրել: Եվրամիությունն իր ծառայության դիմաց Իրանից պահանջում է հրթիռային տեխնոլոգիաների ընդարձակման սահմանափակում, տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտելուց հրաժարում և «Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման միջազգային խմբի գործողություններին-The Financial Action Task Force- FATF»ին միանալու խորհրդարանական որոշում:

Ահա և Իրանի առաջնորդի կողմից եվրոպացիներին չվստահելու պատճառը:

Այստեղ եվրոպացիները բախվում են Իրանի իշխանությունների կարծր և ազդեցիկ թևի ընդդիմության: Մինչ ժողովրդի բարձր քվեով և հասարակական լայն աջակցություն վայելող նախագահ Ռոհանին փորձում է FATF-ի վերաբերյալ խորհրդարանից ստանալ դրական եզրակացությամբ բանաձև և Բրյուսել հասցնել, ծայրահեղականները խանգարում եմ դրա վավերացումը. նախագահ Ռոհանին խորհրդարանում ունի բավական թվով համախոհներ, բայց «Սահմանադրության պահապան խորհուրդը» (Սահմանադրական դատարանը) և «Վարչակարգի նպատակահարմարության խորհուրդը» ձգձգում են այդ որոշման հաստատումը:

Երկրի զինված ուժերը շարունակում են բալիստիկ հրթիռների փորձարկումը, Սիրիայի իրանամետ ուժերը հրթիռակոծում են Իսրայելի տարածքը, իսկ դիվանագիտական անձնագիր կրող իրանցիները իրենց համախոհներին պայթուցիկ են հասցնում, ընդդիմախոսներին վնասելու համար:

Այդ մեղադրանքով այժմ Բելգիայում կալանված է Ավստրիայում Իրանի դեսպանության երրորդ քարտուղար Ասադօլլահ Ասադին. նա հայտնաբերվեց Գերմանիայի տարածքում և Բելգիայի պահանջով հանձնվեց այդ երկրին: Դեպքի իսկությունը հաստատել է նաև Գերմանիայում Իրանի օրվա դեսպան Ալի Մաջեդին և դա համարել է «ինքնակոչ տարրերի» գործողություն:

Սահմանադրությամբ նախագահին չենթարկվող ուժերն ըստ երևույթին նախընտրում են ամբողջապես փլուզվի «ԻՄԾՍ պլան»-ը, որպեսզի իրենք կարողանան ազատորեն շարունակել ռազմարդյունաբերական տեխնոլոգիաների վերելքը, հրթիռաշինությունը և միջուկային փորձարկումները: Հարկ է նշել, որ Սահմանադրությամբ երկրի զինված ուժերի գլխավոր  գերագույն հրամանատարը առաջնորդն է և ոչ թե նախագահը (ԻԻՀ Սահմանադրության 110-րդ հոդված):

Իրանական «Թաբնաք» կայքի համաձայն՝ երկրի օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հեղափոխության տոնի առիթով ելույթ է ունեցել ուսանողների հավաքում և հայտնել. «Հրթիռների բանալին կառավարության ձեռքում չէ»:

Կառավարությունը գլխավորում է Ռոհանին և դրանով ամեն ինչ ասված է. գեներալը դեմ է արտահայտվել նաև FATF-ին, վստահություն է հայտնել, որ արևմուտքը բանակցության առաջարկով կմոտենա Իրանին և ուսանողներին խրատել է վերջինիս հանդեպ կասկածանքով մոտենալ:

Հեղափոխության տարեդարձի առիթով Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահ Հեշմաթօլլահ Ֆալահաթ Փիշեն ևս Եվրամիությանը քննադատել է և նրա քայլերը համարել դանդաղկոտ և ուշացած: Նա INSTEX և FATF համակարգերի միմյանց կապակցելը համարել է անտեղի և վստահություն է հայտնել, որ երկուշաբթի օրվա հուժկու երթը ճամփա կբացի դեպի աշխարհի երկրների հետ նոր որակի հարաբերությունների կարգավորման և ԱՄՆ-ին ևս կստիպի բանակցել Իրանի հետ:

Իր հեղափոխության հաղթանակի քառասունամյակը նշող Իրանն այժմ ամեն գնով փորձում է ժամանակ շահել այն հույսով, որ ԱՄՆ նախագահ Թրամփի պաշտոնավարման ավարտին մնացել է երկու տարի, հեռու չէ դեմոկրատների հավանական վերադարձը և ծանր պատժամիջոցների վերացման հնարավորությունը:

Իրանն ունի բավարար ռեսուրսներ և երկրի առաջնորդ Խամենեու մատնանշած ամերիկյան եռյակի գլխավորած ահռելի ճնշումներին դեռևս դիմանում է: Կողմերի միջև ընթացող այս մաշողական հակադրությունը թերևս հանգուցալուծվի մոտ ապագյում, երբ երկու երկրներում ընտրությունների միջոցով տեղի ունենան քաղաքական փոփոխություններ:

Տիգրան Դավթյան 

Իրանագետ

Դիտել նաև՝

Փաշինյանի Թեհրան այցի, իսլամական հեղափոխության 40-ամյակի շուրջ․Տիգրան Դավթյան