Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն ունենա. Նիկոլ Փաշինյան

947

Հայաստանի Հանրապետության կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է կառավարության ծրագրի նախագիծը, որը գործադիրի կողմից հաստատվելուց հետո կուղարկվի Ազգային ժողով:

Արցախյան հակամարտության հետ կապված ասվում է․

«- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:

Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ վստահության և անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը։

Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում»։

Ի դեպ, գերմանական «Դոյչե Վելլե»-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է․ «Անհնար է հակամարտությունը կարգավորել՝ չլուծելով որոշ հստակ հարցեր: Օրինակ, ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ՝ կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից, սակայն հակամարտությունն առնչվում է Լեռնային Ղարաբաղին: Այդ պարագայում ո՞վ է ներկայացնելու Լեռնային Ղարաբաղը»:

Փաշինյանը ասել է, որ Լեռնային Ղարաբաղում կան ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանություններ, իսկ ԼՂ-ում բնակվող մարդիկ չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին: «Նրանք ինձ իրենց որևէ տեղ ներկայացնելու մանդատ չեն տվել: Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ունեն իրենց ներկայացուցիչները, ովքեր էլ պետք է բանակցային գործընթացում ներկայացնեն իրենց»,- ասել է Փաշինյանը:

Արխիվային լուսանկար, 9 մայիսի, 2018թ․, Ստեփանակերտ