«Ղարաբաղի խնդիրը հետաձգում ենք, Նախիջևանը՝ վերցնում, Ախալքալաքում՝ համաձայնության գալիս վրացիների հետ». 1918-ի աշուն

1554

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։

——————————————————

Հայկական Հանրապետության խաղարարար պատգամավորության նիստերի արձանագրություններ

25 հունիս-18 հոկտեմբեր, 1918թ, Կ․ Պոլիս

Նիստ 28

Սեպտեմբերի 28-ի երեկոյան ժամը 10-ին, ներկա էին՝ Ահարոնյան, Ալ. Խատիսյան, Պապաջանյան, խորհրդական Գ․ Խատիսյանը, Ա. Բաբալյանը և առաջին քարտուղարը:

… Բոլորն էլ գտնում էին, որ պետք է միանգամից վերջնականապես լուծել գաղթականներին իրենց տեղերը վերադարձնելու խնդիրը, և, երկրորդ, անպայման աշխատել Բրեստ [Լիտովսկի] սահմանները ստանալ [Կարսը, Արդահանը, Բաթումը-խմբ. ԱՆԻ-ի]: Այդ ուղղությամբ պիտի աշխատել հենց անմիջապես խոսել Թալեաթին ներկայանալու ժամանակ:

Պապաջանյանը առաջարկեց նաև, որ մենք դիմենք մեր կառավարությանը Երևան, որ մի ուժեղ պատգամավորություն ուղարկի Մոսկվա՝ բոլշևիկների կառավարության հետ հարաբերություններ հաստատելու համար…

Նիստ 29

Հոկտեմբերի 5-ի ցերեկը ժամը 2-ին, ներկա էին՝ Ահարոնյան, Ալ. Խատիսյան, Պապաջանյան, խորհրդական Գ․ Խատիսյանը, Ա. Բաբալյանը և Հ. Քոչարյանը:

Ահարոնյանը զեկուցում տվեց Հալիլ բեյի հետ իր ունեցած տեսակցության մասին, որը կայացել էր առավոտյան: Քանի որ Հալիլ բեյը առաջարկել էր համաձայնության գալ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, ժողովը քննության առարկա դարձրեց , թե ինչ սահմանների վրա մենք պետք է պնդենք, ինչ զիջումներ կարող ենք անել նրանց, Ղարաբաղը անպայման պիտի պահանջենք և ոչ մի զիջում այդ հարցում՝ միայն տալով թուրք ազգաբնակչությանը յայլաների հարմարությունները:

Մշակվեցին մի քանի կետեր, որոնց վերաբերյալ մենք կարող ենք աջակցություն ցույց տալ Ադրբեջանի կառավարությանը, ինչպես, օրինակ, նրանց անկախությունը պաշտպանել Ռուսաստանի առաջ, Բաքվի խնդրում նրանց իրավունքները պաշտպանել, աջակցություն ցույց տալ Ադրբեջանին Վրաստանի հետ հարաբերությունների խնդրում և այլն: Ապա ժողովը մանրամասն մշակեց այն հիմունքները , որոնցով մենք պիտի պաշտպանենք մեր բռնած դիրքը ադրբեջանցիների հետ առաջիկա բանակցությունների ժամանակ:

Գ. Խատիսյանին հանձնարարվեց պատրաստել մեր պահանջների համառոտ ամփոփում և դրանց հիմնավորումը:

Ժողովը Ահարոնյանին և Պապաջանյանին հանձնարարեց այսօր ևեթ սկսել հարաբերությունները Ադրբեջանի ներկայացուցիչների հետ…

Նիստ 30

Հոկտեմբերի 8-ի երեկոյան ժամը 9.30-ին, ներկա էին՝ Ահարոնյան, Ալ. Խատիսյան, Պապաջանյան, խորհրդական Գ․ Խատիսյանը, Ա. Բաբալյանը և Հ. Քոչարյանը:

Ահարոնյանը հայտնեց, որ վաղը առավոտյան ժամը 11-ին Հալիլ բեյի մոտ նշանակված է տեսակցություն և առաջարկեց մտքերի փոխանակություն այդ առթիվ:

Դրանից առաջ արդեն ժողովականները տեսակցություն էին ունեցել ադրբեջանցիների կողմից մասնավոր կերպով մեզ մոտ եկած Ֆարուխ բեյ Վեզիրովի հետ: Թե այդ տեսակցության վրա հիմնված և թե նրանց ներկայացուցիչների հետ ունեցած խոսակցությունների հիման վրա ժողովը որոշեց հայտնել Հալիլ բեյին, որ Ղարաբաղի խնդիրը մենք առայժմ հետաձգում ենք, Նախիջևանը վերցնում ենք, իսկ Ախալքալաքի մասին էլ որոշում ենք աշխատել համաձայնության գալ վրացիների հետ:

Նիստ 31

Հոկտեմբերի 11-ի առավոտյան ժամը 12-ին, ներկա էին՝ Ահարոնյան, Ալ. Խատիսյան, Պապաջանյան, Գ․ Խատիսյանը, Ա. Բաբալյանը և Հ. Քոչարյանը:

Կարդացվեց Թիֆլիսից Արշակ Ջամալյանից հոկտեմբերի 9-ից տրված հեռագիրը, որ Ղարաբաղի խնդրի շուրջ կարող են բարդություններ առաջ գալ և խնդրում է միջոցներ ձեռք առնել…

… Պապաջանյանը, հիմնվելով եղած զեկուցումների վրա, գտնում է, որ այժմ ավելի քան երբևէ մենք մնում ենք Թուրքիայի հետ երես առ երես, քանի որ Գերմանիան և Ավստրիան ասպարեզից հեռանում են, իսկ Entente-ն էլ դեռ հեռու է, ուրեմն պետք է աշխատենք մի կերպ նրա հետ համաձայնության գալ Ադրբեջանի խնդրում, գտնել մի որևէ ելք: Ինքը դեռևս չի ուզում մատնանիշ անել, թե որ ելքն է ամենահարմարը, բայց առաջարկում է այդ մասին լրջորեն մտածել:

Մտքերի փոխանակությունից հետո որոշվում է հարցի լուծումը թողնել հաջորդ նիստին, իսկ առայժմ Ղարաբաղին սպառնացող վտանգի առթիվ անմիջապես տեսակցություն պահանջել Թալեաթից և Հալիլ բեյից, նաև՝ Էնվեր փաշայից:

Նիստ 33

Հոկտեմբերի 18-ի երեկոյան ժամը 9.30-ին, ներկա էին Ահարոնյանը, Ալ. Խատիսյանը, Պապաջանյանը և Հ. Քոչարյանը:

… Որոշվում է ամեն ջանք գործ դնել՝ Թուրքիայի կառավարությունից ստանալ գրավոր մի փաստաթուղթ՝ մեր տարածքը մաքրելու և մեզ վերադարձնելու մասին:

Մեկնելով Պոլսից, որոշվում է այստեղ թողնել պատվիրակության քարտուղար-թարգմանիչ Թախթաջյանին՝ ընթացիկ գործերը վարելու համար, հատկապես գերիների և քաղաքացիական interne-ների հարցով:

Միաժամանակ, որոշվում է հեռագրել կառավարությանը Երևան՝ հաղորդելով մեր որոշումը և խնդրելով ուղարկել Կ. Պոլսի համար մշտական ներկայացուցիչ, որը իմանա ֆրանսերեն և ծոնոթ լինի Թուրքիայի պայմաններին:

ՀԱԱ, ֆ․ 200, ց․ 1, գ․ 8, թ․ 32-99։ Բնագիր, ձեռագիր։ 

Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 248-254:

Լուսանկարում՝ Միքայել Պապաջանյան