Ինչու է աղմկում Ադրբեջանը․ զրույց «Ալիք մեդիա»-ի Նորայր Գասպարյանի հետ

1157

Ինչու է աղմկում Ադրբեջանը․ զրույց Ջավախքում հայ ազատամարտիկի արձանի տեղադրման շուրջ

Հունվարի 20-ին Ջավախքի շրջանում՝ Ախալքալաքի Բուղաշեն գյուղում, տեղադրվել, իսկ ավելի շուտ՝ վերաբացվել է 1990-ականների սկզբին Արցախյան պատերազմում զոհված ջավախեցի Միքայել Ավագյանի արձանը։ Ադրբեջանի իշխանությունը կտրուկ է արձագանքել՝ պահանջելով անգամ ապամոնտաժել արձանը: Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովն այցելել է ընդունող երկրի ԱԳՆ՝ պաշտոնական բողոք հայտնելով արձանի տեղադրման առթիվ, միաժամանակ, Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն հրավիրվել է այդ երկրի ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են, որ նման հուշարձանի կանգնեցումը «չի համապատասխանում Ադրբեջանի և Վրաստանի ռազմավարական գործընկերության ոգուն»։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է վրաստանյան հայալեզու «Ալիք մեդիա» կայքի լրագրող Նորայր Գասպարյանի հետ։ – Ի՞նչ իրավիճակ է այսօր, արդյոք կրքերը հանդարտվե՞լ են, և ինչո՞ւ, ըստ Ձեզ, արձանը տեղադրվեց հիմա։

– Արձանը դեռ 1997թ․ տեղադրել են Միքայել Ավագյանի բարեկամները, մինչդեռ սկզբից վրաստանյան և ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում էին այնպես, իբրև արձանը նոր է տեղադրվել: Իրականում, այն վնասվել էր և վերանորոգումից հետո վերաբացվել։ Տոնական միջոցառմանը ներկա են եղել ինչպես Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղական իշխանությունների ներկայացուցիչները և նույն շրջանից մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը, այնպես էլ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը: Այս պահին, կարծես, կրքերը հանդարտվել են, սակայն Ֆեյսբուքի ադրբեջանական տիրույթում թեման շարունակում է քննարկվել և հատկանշական է, որ մի շարք գրառումներ գովազդվում են վրացական տիրույթում:

– Ինչպիսի՞ն էր արձագանքը Վրաստանում, մասնավորապես, կենտրոնական իշխանությունների կողմից։

– Վրաստանի կենտրոնական իշխանությունները, մասնավորապես, արտաքին գործերի նախարարությունը այդ օրերին հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ ասվում էր, որ «իրարանցումը տեղին չէ, և Վրաստանի և Ադրբեջանի միջև չի կարող լինել այնպիսի խնդիր, որի շուրջ հաղորդակցություն չլինի»: Բացի այդ, չհնչեց որևէ հայտարարություն, որով իշխանության որևէ ներկայացուցիչ դատապարտեր տեղի ունեցածը:

Ադրբեջանական լրատվամիջոցներն ու իշխանության ներկայացուցիչները Միքայել Ավագյանին ներկայացնում էին որպես մարդ, որը պատերազմել է Աբխազիայում և եղել է Բաղրամյանի գումարտակում, իբր կանանց է բռնաբարել և այլն: Վրաց հասարակության համար սա շատ զգայուն թեմա է: Մանիպուլյացիան, այս տեսանկյունից, բավականին հեշտ է: Կեղծ այս լուրի տարածմանը նպաստեցին նաև վրացական որոշ լրատվամիջոցներ և նաև որոշ հայտնի անձինք, որոնք քիչ թե շատ մեծ լսարան ունեն: Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժմանը» սատարող «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը բազմաթիվ անգամներ անդրադարձավ թեմային՝ պատրաստելով բավական միակողմանի նյութեր, վերցնելով հարցազրույցներ միայն Ադրբեջանի պատգամավորներից կամ ադրբեջանցի հասարակական գործիչներից: Այս դեպքում գործ ունենք ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների հետ, քանի որ արձանի բացմանը ներկա են եղել «Վրացական երազանքի» ներկայացուցիչներ, և ընդդիմությունը հարվածում էր հենց իշխանությանը՝ հաշվի չառնելով, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ նման մանիպուլյացիաները: Ախալքալաքի ու Նինոծմինդայի տեղական իշխանությունների և պատգամավորների ասելիքը այնքան էլ հասանելի ու նաև լսելի չէ վրաց հասարակության համար:

– Վրաստանի տարածքում քիչ չեն ադրբեջանական գործիչների արձաններ։ Ինչպիսի՞ն է եղել վիրահայերի արձագանքը այդ արձանների տեղադրմանը, և արդյոք դա կարելի՞ է համարել նաև հայության բացթողում կամ ոչ բավարար աշխատանքի արդյունք հայկական կողմից։

– Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձան տեղադրված է ոչ միայն Թբիլիսիում, այլև մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված Մարնեուլիում: Թբիլիսիում արձանը տեղադրվել է 2007թ․, նույն թվականին նաև փողոց է անվանակոչվել Ալիևի անունով: Անկեղծ ասած՝ չեմ կարող ասել, թե այն ժամանակ ինչ արձագանք է եղել ինչպես Հայաստանի, այնպես էլ վիրահայերի կողմից:

– Ադրբեջանի արձագանքի հետևում կա՞ արդյոք որևէ այլ ենթատեքստ, որը կապված չէ զուտ արձանի տեղադրման հետ, այլ մտավախություններ։

– Անշուշտ, արձանը չէր այս իրարանցման պատճառը, քանի որ, ինչպես նշեցի, արձանը տեղադրվել է դեռ 1997-ին: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո հայ-վրացական հարաբերությունները նոր մակարդակի են հասել: Արձանի շուրջ աղմուկի բարձրանալու օրը Վրաստանում տեղի էր ունեցել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի միջև: Ակնհայտ է, որ Ադրբեջանին անհանգստացնում է այս ամենը: Հատկանշական է նաև փաստը, որ Ավագյանի արձանի շուրջ ստեղծված իրավիճակից հետո Ադրբեջանը Վրաստանի համար թանկացնում է կոմերցիոն գազի գինը՝ պատճառաբանելով լարիի արժեզրկմամբ: Կարծում եմ՝ մտածելու տեղիք է տալիս:

– Վրաստանի Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված ռեպորտաժում կարծիք է հնչում, որ Բաքվի և Թբիլիսիի հակամարտությունը ձեռնտու է միայն Մոսկվային։ Որքանո՞վ է այս վարկածը տարածված և հիմնավոր։

– Այս վարկածը, երևի, միայն Հանրայինի եթերով է հնչել: Չեմ կարող ասել, թե որքանով է Մոսկվային ձեռնտու Վրաստանի և Ադրբեջանի հակամարտությունը, բայց այսօրվա պայմաններում այս երկու երկրների հակամարտության մասին խոսելը, առնվազն, անլուրջ է: Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, խոշորագույն ներդրողը, տնտեսական խոշոր գործընկերը։ Չեմ կարծում, որ միջադեպը որևէ կերպ անդրադառնա վրաց-ադրբեջանական հարաբերությունների վրա:

– Օրերս Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան այցելել է Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը` Հայոց Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ, խոսել առաջիկայում Հայաստան այցելելու իր ծրագրի մասին, անդրադարձել հայ-վրացական փոխգործակցությանը։ Հատկապես վերջին ամիսներին հայ-վրացական հարաբերություններում նկատելի՞ են փոփոխություններ, ինչպե՞ս եք գնահատում երկկողմ հարաբերությունները Թավշյա հեղափոխությունից հետո։

– Ինչպես նշեցի, հեղափոխությունից հետո երկկողմ հարաբերություններում նկատելի է դրական դինամիկա։ Երկու երկրների ղեկավարներն էլ հայտարարում են, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները «դուրս են աշխարհաքաղաքական դիսկուրսից և չկա խնդիր, որը հնարավոր չէ լուծել»: Այս ժամանակահատվածում եղել են մի շարք հանդիպումներ ինչպես նախարարների, այնպես էլ վարչապետերի մակարդակով: ՀՀ նախագահը երկու անգամ այցելել է Վրաստան, նրա ելույթը Վրաստանի անկախության 100-ամյակին նվիրված միջոցառմանը բավական դրական արձագանք է ստացել սոցցանցերում: Սեպտեմբերին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այցելել է Հայաստան, քննարկումներ են ծավալվել առևտրաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելու շուրջ: Չմոռանանք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի առաջին պաշտոնական այցերը եղել են հենց Վրաստան: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Բախտաձեի հետ այն բանից հետո, երբ խորհրդարանը նրան վարչապետ է ընտրել։ Վրաց հասարակության վերաբերմունքն է փոխվել նաև Հայաստանի և հայաստանցիների հանդեպ, և այս ամենը պայմանավորված է հենց հեղափոխությամբ:

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը

ՍիվիլՆեթ