2019 թ. հունվարի 16-24-ը Ստեփանակերտում կայացած Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողովը արձանագրելով, որ՝
- Անցնող քառամյակում կուսակցությունը, հարազատ մնալով իր ռազմավարական սկզբունքներին, մշտապես գործունեության առանցքում է պահել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության, Հայաստանի պետականության ամրապնդման, երկրի կայունության եւ անվտանգության հարցերը.
- Վերահաստատում է Արցախի հիմնահարցի վերաբերյալ նախապես հայտարարված դիրքորոշումները.
- Հայկական աշխարհը, իր բաղադրիչ մասերով` Հայրենիք եւ Սփյուռք, որպես մեկ միասնական ամբողջություն, այն ուժն է, որը կարող է մրցակցային առավելություններ ապահովել ժամանակակից աշխարհում.
- Ապրիլյան համաժողովրդական շարժման արդյունքում ապագայի նկատմամբ ոգեւորության եւ հույսի նոր ալիք է բարձրացել, որի ճիշտ հունավորումը կարող է ապահովել Հայաստանի եւ հայության հետագա առաջընթացը.
- Առաջիկա ժամանակահատվածում Հ.Յ.Դաշնակցությունը գործելու է ներքաղաքական և արագ փոփոխվող աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում.
- Հայկական Սփյուռքի կազմակերպման և զարգացման գործը շարունակում է մնալ Հ.Յ.Դ. համահայկական ռազմավարության էական բաղադրիչներից մեկը.
- Հ.Յ.Դ.-ն հավատարիմ է հայության Պահանջատիրությանն ու անժամանցելի իրավունքների վերականգնմանը.
Հայտարարում է՝
- Իբրեւ արտախորհրդարանական քաղաքական ուժ, ազգային ուղեգծին ու ընկերվարական (սոցիալիստական) իր գաղափարախոսությանը հավատարիմ, Դաշնակցությունը շարունակելու է իր մշտանորոգ ընթացքը, նպատակ ունենալով կերտել ազատության, արդարության և համերաշխության հիմնարար սկզբունքների վրա հիմնված իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետություն։
- Հավատարիմ է մնալու «զարգանալ՝ չզիջելով» սկզբունքին, թույլ չտալով որեւէ շեղում ազգային ուղեգծից ու նպատակադրումներից.
- Կողմնակից է Հայաստանի բազմաբեւեռ, փոխլրացնող արտաքին քաղաքականությանը.
- Որակական նոր թափ է հաղորդելու Հայ Դատի պայքարին.
- Շարունակելու է աջակցել ջավախահայության իրավունքների պաշտպանությանը.
- Վճռականորեն հակազդելու է ներազգային պառակտումների ցանկացած փորձի.
- Հանդես է գալու հայության ազգային, հոգեւոր հաստատությունների եւ արժեքների պաշտպանության հանձնառությամբ.
- Խրախուսելու է տարբեր հարթակներում կանանց առավել շոշափելի ներկայությունը։
Առ այդ, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է ուղղում աշխարհասփյուռ իր շարքերին, համակիրներին եւ ուղեկից կառույցներին՝ համախմբվելու հայության ու Մայր հայրենիքի կենսական շահերի շուրջ՝ հանուն Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստնի կերտման:
Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողով
Արցախ, Ստեփանակերտ
25.01.2019 թ