Ունենք 42 հազար քառ կմ հայրենի տարածք, որը պետք է պահպանել և փոխանցել հաջորդ սերունդներին

852

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովն Արցախում կազմակերպելու նշանակության շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ:

«Արցախում ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի կազմակերպումը մեծ խորհուրդ ունի: Նախ եւ առաջ այն պատճառով, որ Արցախից է սկսվել մեր նորօրյա պատմությունը եւ Արցախի պատերազմով է որ Դաշնակցությունը նորից վերընձյուղվեց հայրենիքում: Երբ բոլորը զբաղված էին տարբեր հանրահավաքային գործընթացներով՝ Դաշնակցությունն էր, որ եկավ այստեղ եւ կազմակերպեց Արցախի ինքնապաշտպանությունը: Դա բոլորի համար փաստ է:

Այսօր մենք ունենք շատ լուրջ խնդիրներ՝ կապված Արցախի հիմնահարցի լուծման հետ: Հարկ է մեկ անգամ եւս մատնանշելու, որ Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում մենք ունեցել ենք աննախադեպ հաղթանակ: Այդ հաղթանակը հայկական երկու Հանրապետությունները միասին են արձանագրել, որի արդյունքում մենք ունենք 42 հազար քառակուսի կիլոմետր հայրենի տարածք, որը պետք է պահպանել եւ փոխանցել հաջորդ սերունդներին: Սա է Դաշնակցության նպատակը եւ այսօր մենք այստեղ ենք՝ հենց այդ փաստելու համար»: