«Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը օլիգարխ Գագիկ Ծառուկյանի քննադատներից էր սկսած այն ժամանակից, երբ վերջինս (հավանաբար ոչ առանց Ռոբերտ Քոչարյանի աջակցության) հիմնադրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2004-ին։ Այդ տարի հրկիզվեց Փաշինյանի «Նիվա» ավտոմեքենան։ Մեղադրանքներն ուղղվեցին Ծառուկյանի դեմ։
2007-ի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը ձևավորեց «Իմպիչմենտ» դաշինքը, որի հիմնական կարգախոսն էր՝ «Ո՛չ դոդացմանը, ո՛չ սերժանտացմանը, ո՛չ ռոբոտացմանը»։ Կարգախոսի բովանդակությունը վերծանելու իմաստ, ինչպես 2007-ին, այնպես էլ այսօր, չկա։
2007-ի կեսերից հետո, երբ տասնամյա լռությունից հետո հրապարակ իջավ Լևոն Տեր-Պետրոսյանը, Փաշինյանը նրա կողքին էր։ Քիչ է ասել՝ նրա կողքին էր։ Փաշինյանը իր հայտնի 1+1+1+1+1․․․ բանաձևով և ամեն ինչով Տեր-Պետրոսյանի հաջողության շարժիչն էր։
Մոտ մեկուկես տարվա ընդհատակից ու նույնքան բանտարկությունից հետո Փաշինյանը դուրս եկավ ազատություն, 2012-ին պատգամավոր ընտրվեց Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի ցուցակով։ Կարճ ժամանակ անց, սակայն, Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի միջև տեղի ունեցավ խզում։ Հիմնական և գլխավոր պատճառը Տեր-Պետրոսյանի բուրժուադեմոկրատական հեղափոխության նպատակն էր, այն է՝ օլիգարխ Գագիկ Ծառուկյանին ներգրավել Սերժ Սարգսյանի ավազակապետական համակարգը կազմաքանդելու գործում։
Համակարգը չքանդվեց, իսկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի և երիտհանրապետականներ Արմեն Աշոտյանի ու Կարեն Ավագյանի, անգամ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի կողմից ենթարկվեց հրապարակային ստորացման։ Փաշինյանը ի սկզբանե դեմ էր Ծառուկյանի ներգրավմանը՝ դա համարելով ձախողված քայլ։
2015-ի հունվարին «Հայկական ժամանակ»-ում կեղծանունով հրապարակվեց «Մեծ խառնակչություն» վերնագրով հոդվածաշար, որի հեղինակը, դատելով շարադրանքի ոճից, Նիկոլ Փաշինյանն էր։
Այդ շրջանում Փաշինյանին Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ամենակոշտ ձևով քննադատում ու ծաղրուծանակի էին ենթարկում՝ նրան մեղադրելով Սերժ Սարգսյանի հետ թաքուն համագործակցելու մեջ։ Ընդհուպ մինչև 2018-ի ապրիլի սկիզբը Տեր-Պետրոսյանի ամենամտերիմ կողմնակիցները Փաշինյանին մեղադրում էին Սերժի խաղը՝ կեղծ ընդդիմադիրի և նրա երրորդ ժամկետով մնալը օրինականցնելու խաղը խաղալու մեջ։
***
Այս ամենը վերհիշեցի, երբ այսօր հետևում էի Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրությանը։ «Իմ քայլը» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան»-ից Վահե Էնֆիաջյանը ընտրվեցին Ազգային ժողովի նախագահի տեղակալներ։
Լենա Նազարյանի օգտին քվեարկեց 124, Ալեն Սիմոնյանի օգտին՝ 109, իսկ Վահե Էնֆիաջյանի օգտին՝ 108 պատգամավոր։ «Լուսավոր Հայաստան»-ից թեկնածու Մանե Թանդիլյանին կողմ քվեարկեց 19 պատգամավոր։
Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» ընտրեց Բարգավաճին։
Քաղաքականության մեջ չկան մշտական բարեկամներ ու թշմանիներ, կան մշտական շահեր։ Այսօր իշխող ուժի շահը պահանջում է քվեարկել Բարգավաճի օգտին, վաղը Փաշինյանի համար Գագիկ Ծառուկյանը կրկին կարող է դառնալ օլիգարխ և կարգախոսի բաղադրիչ։
Քաղաքական այսպիսի վայրիվերումները նորություն չեն։ Նույն Լևոն Տեր-Պետրոսյանը 1990-ական թթ․ Արցախում օրինական՝ ընտրությունների ճանապարհով իշխանության եկած ՀՅԴ-ի դեմ պայքարում օգտագործում էր անօրինական միջոցներ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ 1993-ին Սերժին, իսկ 1997-ին Քոչարյանին նա բերեց Երևան, որոնք մեկ տարի անց «պատերազմի կուսակցության» մյուս մասնակիցների հետ տապալեցին իրեն։
Ապա ՀՅԴ-ն, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պայքարում էին ընդդեմ լևոնականության (տերմին, որը չունի բացատրություն)։ Այսօր նույն ՀՅԴ-ն, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կոմնակիցները մեղադրում են Փաշինյանին Հայաստանի անվտանգության համակարգը վտանգելու և Արցախը Ադրբեջանին վերադարձնելու, հայ ավանդական ընտանիքի հիմքերը խարխլելու փորձերի, սեռական փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականության ու այլ «մեղքերի» մեջ։ Եվ որպես այս ամենի «հիմնավորում» բերվում է այն, որ Նիկոլը լևոնական է։
Թաթուլ Հակոբյան