Հայաստանի բնակչությունը 1831-ից 2018 թվականներին

6808

Այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության թիվը 1831 թվականին կազմել է 161.747 հոգի, որից հայերը՝ 110.671, մուսուլմանները՝ 50.274, այլք՝ 802:

Ըստ էության, Հայաստանում մարդահամար, աշխարհագիր կամ բնակչության հաշվառում առաջին անգամ անց է կացվել այն բանից հետո, երբ ցարական Ռուսաստանը Պարսկաստանից գրավեց Անդրկովկասը (1801-ից մինչև 1829 թվականը ընկած ժամանակահատվածում, բացառությամբ Աղբաբայի, այսօր՝ Աշոցք-Ամասիա, և Բաթումի շրջանների, որոնք Օսմանյան կայսրությունից Ռուսաստանին են անցել 1878-ին):

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի բնակչության թվաքանակը 1831-ից 2018 թվականների ընթացքում՝ հաշվի առնելով այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքը: Այսինքն, երբ ներկայացնում ենք, օրինակ, 1831 կամ 1897 թվականի տվյալները, ապա նկատի ունենք այն բոլոր բնակավայրերի բնակչության ընդհանուր գումարը, որոնք այսօր մաս են կազմում Հայաստանի Հանրապետության տարածքի:

Թիվ       Բն. քանակը              

1831       161, 747 հոգի

1873       496,140

1886       635,833

1897       797,853        ցարական առաջին և վերջին մարդահամար

1914       1,014,255      Առաջին աշխարհամարտի տարին

1919       961,677          Հայաստանի Առաջին Հանրապետության շրջան

1922       752,052

1926       880,464        ԽՍՀՄ առաջին մարդահամար  

1931       1,050,633

1939       1,282,338      ԽՍՀՄ երկրորդ մարդահամար

1959       1,763,048      ԽՍՀՄ երրորդ մարդահամար

1970       2,491,873      ԽՍՀՄ չորրորդ մարդահամար

1979       3,037,259      ԽՍՀՄ հինգերորդ մարդահամար

1989       3,304,776      ԽՍՀՄ վեցերորդ մարդահամար

2001       3,213,011       Հայաստանի Հանրապետության առաջին մարդահամար

2011       3,018,854       Հայաստանի Հանրապետության երկրորդ մարդահամար

2016թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող) կազմել է 2 միլիոն 998 հազար 600 մարդ` ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների:

2017թ. հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 2 միլիոն 986 հազար 500 մարդ:

2018թ. հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 2 մլն 972 հազար 900 մարդ:

Իրականում, Հայաստանի առկա բնակչությունը 2.8 միլիոն է՝ ըստ պաշտոնական տվյալների:

Ինչպես նկատում եք, առաջին անգամ Հայաստանի բնակչության թիվը մեկ միլիոնը գերազանցել է 1914-ին՝ Առաջին Աշխարհամարտի տարում: Հասկանալի պատճառներով՝ այն նվազել է և ապա կրկին հասել է մեկ միլիոնի 1930-ին:

Հայաստանի բնակչության թիվը 60-ական թթ. կեսերին արդեն գերազանցել է 2 միլիոնը, իսկ 3 միլիոնը գերազանցել է 1979 թվական ԽՍՀՄ հինգերորդ մարդահամարի տվյալներով:

Թաթուլ Հակոբյան

Այս տվյալները վերցրել ենք Իվան Շոպենից, Զավեն Կորկոտյանից, Խորհրդային Հայաստանի և Հայաստանի Հանրապետության մարդահամարների պաշտոնական և Ազգային վիճակագրական ծառայության տվյալներից: